chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Էլինա Դանիելյան․ <<Ես ցանկացած հաջողության նայում եմ որպես անցած էտապ>>

2017-Sep-25
Էլինա Դանիելյան․ <<Ես ցանկացած հաջողության նայում եմ որպես անցած էտապ>>

Շնորհավորում ենք Ձեզ Եվրոպայի անհատական առաջնությունում 4-րդ տեղը գրավելու համար։

Շնորհակալություն, բայց կարող էի ավելի լավ արդյունք ցույց տալ։

 

Մի փոքր հետ գնանք Ձեր շախմատային կարիերայի սկիզբ․ ե՞րբ այն սկսվեց։

Շախմատ սկսել եմ խաղալ 5 տարեկանից, սովորեցրել է հայրս։ 8 տարեկանում արդեն 1-ին կարգ եմ լրացրել։

 

Իսկ դուք ինչպե՞ս եք Ձեզ զգում՝ Հայաստանի վեցակի չեմպիոն լինելով։

Սովորական եմ զգում։

 

Այսինքն հեշտությամբ եք ձեռք բերել Ձեր հաջողությունները, որ սովորական երևույթ են։

Հայաստանի չեմպիոնի տիտղոսները բավականին հեշտությամբ, բայց դա կապ չունի, ընդհանրապես ես ցանկացած հաջողության նայում եմ որպես անցած էտապ։

 

Նույնիսկ մի քանի օր առաջ ավարտված Եվրոպայի առաջնությունն էլ է՞ արդեն անցյալում։

Իհարկե։

 

Իսկ ո՞րն է դրա փիլիսոփայությունը։

Ամեն ինչ եղել ու վերջացել է, իսկ ապագայում նոր մրցումներ են և պետք է աշխատել նոր հաջողությունների վրա։

 

Ո՞րն է եղել Ձեր շախմատային ամենաբարդ պայքարը։

Ամեն մի խաղը, մրցումը իր բարդությունն ունի, բայց երևի ամենադժվարը թիմային մրցումներն են, որտեղ որ ոչ միայն քեզ համար ես խաղում, այլև՝ քո թիմակիցների։

 

Ու՞մ հետ է եղել Ձեզ համար ամենամեծ դժվարությամբ ձեռք բերած հաղթանակը։

Չեմ կարող ինչ-որ մի խաղացած պարտիա առանձնացնել։ Ընդհանրապես ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում։ Բայց կա մի պարտիա, որը բավականին լարված պայքարում հաղթեցի և փրկեցի մատչի արդյունքը։ Դա եղել է 2013 թվականի Եվրոպայի թիմային առաջնության ժամանակ, Վրաստանի հետ պայքարում։

 

Իսկ ի՞նչ կասեք վերջին մրցաշարի մասին։ Ինչպիսի՞ն էր այն Ձեզ համար։

Ընդհանուր լավ էր։ Իհարկե, որ վերջին տուրում չպարտվեի ու մեդալ վերցնեի, ավելի լավ կլիներ։ Բայց ինչ արած, պարտվելը սպորտի մի մասն է։

 

Սպասումներ ունեի՞ք դառնալ Եվրոպայի չեմպիոն։

Ոչ։ Գիտեք, երբ որ ես խաղում եմ, ես մտածում եմ միայն խաղի և իմ մարզավիճակի մասին, իսկ մնացածը ընթացքը ցույց կտա։ 

 

Ո՞րն է այն ուժը, որ Ձեզ հաջողության է մղում։

Չգիտեմ, միգուցե պատճառն այն է, որ շախմատ շատ եմ սիրում ու հաճույքով եմ խաղում, իսկ երբ որ գործդ հաճույքով ես անում, դա անպայման քեզ հաջողություն կբերի։

 

Հարցազրույցը վարեց Նունե Նազարյանը

 

 

 

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր