chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ռաֆայել Վահանյանի մտքերից

2017-Sep-25
Ռաֆայել Վահանյանի մտքերից

***

Շատ լավ մանկություն եմ ունեցել։ Բակում է հիմնականում անցել մանկությունս՝ խաղերի մեջ։ Հիմա նայում եմ մեր բակին, ասեղ գցելու տեղ չկա․ շինությունների են ու մեքենաներ․․․ Ազատություն եմ հիշում․ խաղում էինք, վազվզում, էս պատուհանն էինք ջարդում, էն պատուհանը․․․ Իսկական մանկություն։

 

***

Շախմատում ճանապարհի սկիզբը ցույց տվեց հայրս, իսկ ուղղորդեց ինձ Տիգրան Պետրոսյանը։ Վաթսուներեք թվականին նրա հաղթանակը ինձ մեծ ուժ տվեց շախմատում լուրջ նպատակների հասնելու հարցում։

 

***

Ինձ բախտ է վիճակվել 15-16 տարեկանից խաղալ Պետրոսյանի, Սպասսկու և ուրիշ հսկաների հետ։ Նրանց հետ յուրաքանչյուր հանդիպումն էլ անմոռանալի է ինձ համար։ Բայց մեր շփումները չեն սահմանափակվել միայն շախմատով․ ես մտերիմ էի շատերի հետ նաև շախմատից դուրս։

 

***

Ժամանակին մասնագետները հավասար էին գնահատում իմ ու Կարպովի հնարավորությունները՝ դառնալու աշխարհի չեմպիոն։ Բայց Կարպովը դարձավ, իսկ ես՝ ոչ։ Նա կենտրոնացված օգնություն ստացավ։ Բացի այդ, նման նպատակներ ունեցող մարդիկ պիտի կարողանան, ինչպես ասում են, դիակների վրայով քայլել։ Կարպովին ոչինչ չէր շեղի իր նպատակից․ ինձ համար ընկերությունը թուլություն էր։

 

***

Ցավոք, ես կազմակերպված անձնավորություն չէի։ Ամբողջ կյանքում չեմ կարողացել կազմակերպվել, չունեի մշտական մարզիչ։ Ես շատ ընկերներ ունեի, բայց ոչ ոք չէր կարող լուրջ աշխատանք կազմակերպել։

 

***

Ընկերական շրջապատից ես դժվարությամբ էի կտրվում։ Չէի կարողանում մի տեղ հանգիստ նստել։ Դա ինձ շատ-շատ խանգարեց շախմատային կյանքում, բայց ընդհանրապես ես դժգոհ չեմ իմ կյանքից։

 

***

Երեք-չորս տարեկան էի, տեսնում էի՝ ինչպես է հայրս՝ Արտյոմը, ընկերների հետ շախմատ խաղում մեր տանը։ Մի անգամ ընկերոջ փոխարեն փոխատեղումը ես արեցի, և հայրս հասկացավ, որ, չնայած փոքր եմ, բայց ուշադիր եմ և արդեն ինչ-որ բան հասկանում եմ շախմատից։ Հայրս արդեն սկսեց աշխատել ինձ հետ։ Նա առաջին կարգ ուներ, բայց թողեց իր մասնակցությունը մրցումներին, երբ համոզվեց, որ ես արդեն գտել եմ իմ ճանապարհը։

 

***

Հայրս շատ լավ գիտի ինձ․ նա միշտ եղել է իմ ամենալավ խորհրդատուն։ Մենք շատ ենք զրուցում ամենատարբեր թեմաներով։ Մինչև հիմա էլ շատ բան ունեմ սովորելու հորիցս (նա շուտով կդառնա 90 տարեկան)։ Նրանից առաջին հերթին ժառանգել եմ հայրենասիրությոն բարձր զգացումը։