chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հին ու բարի հիշողություններ

2019-May-24
Հին ու բարի հիշողություններ

1963 թվականի գարնան վերջերին Հայկական ԽՍՀ ներքին գործերի մինիստրությունը պաշտոնական հաղորդում արեց այն մասին, որ մարտ-ապրիլ ամիսներին հանրապետության ամբողջ տարածքում զգալիորեն պակասել էր հանցագործությունների և անկարգությունների քանակը։ Ի՞նչն էր պատճառը։ Մի զարմացեք, եթե ասենք, որ պատճառը հինավուրց և իմաստուն խաղն էր՝ հիրավի հրաշագործ շախմատը։ Ավելի ճիշտ, հիմնական <<մեղավորը>> Պետրոսյանն էր, այո՛, այո՛, Տիգրան Պետրոսյանը։ Դե, ուրեմն, ամեն ինչ հասկանալի դարձավ։ Ավելացնենք նաև մրցամարտի հասցեն՝ Մոսկվա, էստրադային թատրոն։ Այո, հենց մարտ-ապրիլ ամիսներին Մոսկվայում իր կյանքի գլխավոր նպատակի համար դժվարին մարտի էր բռնվել Տիգրան Պետրոսյանը։ Բայց եթե այդ պայքարը սոսկ իրեն պատկաներ, ապա հազիվ թե այդքան կարևորություն ունենար։ Նրա հաղթանակն անհրաժեշտ էր նաև երկրի շախմատասերների միլիոնանոց բանակին, ամբողջ Հայաստանին, աշխարհասփյուռ բոլոր հայերին․․․

Դժվար է պատկերացնել, թե ինչ էր կատարվում այդ օրերին հատկապես Հայաստանում։ Երկու ամիս շարունակ ամբողջ հանրապետությունն ոպրում էր միայն շախմատով, միայն Պետրոսյանի պայքարով։ Հազարավոր մարդիկ իրենց գործերը, հոգսերը մի կողմ դրած, հանգիստը կորցրած, պուրակներում, ակումբներում, հրապարակներում ցուցադրական մեծ խաղատախտակների մոտ կանգնած անհամբեր ու սրտատրոփ սպասում էին Մոսկվայից ստացվող հաղորդումերին, որտեղ վճռվում էր շախմատային թագի ճակատագիրը։ Մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել հատկապես Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերիայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի և <<Մոսկվա>> կինոթատրոնի հրապարակներում։ Ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ չէր լինում։ Եվ զարմանալի բան, ո՛չ աղմուկ, ո՛չ հրմշտոց։ Ոչինչ, որ հրապարակներում չէին վաճառվում տոմսեր, չէին նշված կարգեր ու տեղեր, միևնույն է, մարդիկ վարժվել էին միմյանց, մարդիկ ունեին իրենց մշտական տեղը։ Հաճախ, երբ նույնիսկ հորդառատ անձրև էր տեղում կամ խաղն ավարտվում էր ուշ երեկոյան, մարդկանց բազմությունը չէր ցրվում։ Ոչ-ոք չէր ցանկանում հեռանալ՝ մինչև չհայտնեին Մոսկվայից ստացվող ամենավերջին լուրը։ Հետաքրքրվում, մտահոգվում էին բացարձակապես բոլորը՝ մանուկ թե ծեր, բանվոր թե գիտնական ու նշանակություն չուներ, թե ով ինչ գիտելիք ուներ շախմատի բնագավառում և ընդհանրապես արդյոք որևէ բան հասկանու՞մ էր այդ խաղից, թե՝ ոչ։

Պատմում են, որ Մոսկվայի հետ <<անմիջական կապ>> էին հաստատել նույնիսկ հովիվները, ովքեր արոտավայրերում ու սարերում իսկ չէին բաժանվում ռադիոընդունիչից։ Եվ բոլորի ցանկությունը նույնն էր՝ իրենց հայրենակցին տեսնել աշխարհի չեմպիոնի դափնեպսակով։

Ավաղ, հենց առաջին օրը փչացավ նրանց տրամադրությունը։ Այդ <<ամխիղճ>> Բոտվիննիկը, հաշվի չառնելով ոչ մեկի ցանկությունը, ոչ մեկի զգացմունքը, անդրանիկ հանդիպման ժամանակ <<խոցեց>> իր երիտասարդ ընդդիմախոսին։ Պետք է ասել, որ հանձին Միխայիլ Բոտվիննիկի, Պետրոսյանն ուներ բազմափորձ և ուժեղագույն խաղընկեր: