chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լեւոն Արոնյան. Լավ կլինի, եթե Անանդն ու Կարլսենը մի գեղեցիկ օր երկուսով թողնեն շախմատը

2018-Nov-14
Լեւոն Արոնյան. Լավ կլինի, եթե Անանդն ու Կարլսենը մի գեղեցիկ օր երկուսով թողնեն շախմատը

Լեւոն Արոնյան. ՙՊԵՏՔ Է ՉՆԱՅԵԻ ՈՉՆՉԻ ՈՒ ԳՆԱՅԻ ԱՌԱՋ...՚

 Հարցազրույց Հայաստանի հավաքականի առաջատարի հետ


Ծաղկաձորում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի հետ զրուցեցինք իր մոտակա ծրագրերից եւ ամենակարեւորից` ինչու Խանտի Մանսիյսկում չեղավ այն, ինչին բոլորս սպասում էինք ...

 
- Լեւո’ն, հավակնորդների մրցաշարն ավարտված է, բայց շատերիս համար գաղտնիք է մնում Ձեր անհաջողությունների պատճառը: Իսկ Դո՞ւք ինչպես կբացատրեք...

 
- Դժվար է բացատրելը: Եթե մի քանի բառով ասեմ. ես իմ դիրքերը պարզապես չէի ստանում: Ստացվում էին բարդ դիրքեր, որտեղ իմ ուժը չէի կարողանում կիրառել: Ինձ համար մրցաշարը քիչ դրական բան տվեց, քանի որ ես լավ չէի խաղում: Այժմ երկու տարի չեմ կարողանա աշխարհի առաջնության համար պայքարել, թեեւ լավ կողմն էլ կա` շատ ժամանակ կունենամ պատշաճ պատրաստվելու համար: Նման մրցաշարում հաղթելու համար շատ աշխատանք է անհրաժեշտ: Խանտի Մանսիյսկի գլխավոր դասն ինձ համար փորձն էր, քանի որ ուժեղ մրցաշարերի փորձը շատ կարեւոր է:


Հիմնական սխալներս Անանդի հետ երկրորդ եւ մրցաշարի վերջին երկու պարտիաների ընթացքում էին: Տասներեքերորդ եւ տասնչորսերորդ տուրերում արդեն հասկանալի էր, որ առաջինը չեմ կարողանա լինել, եւ ես ինձ նման չէի խաղում: Չեմ ասի, որ վատ էի խաղում, պարզապես կային տարրական բաներ, որ չէի նկատում, թեեւ դրանք պետք է ինձ համար պարզ լինեին:


Ինչ վերաբերում է Անանդին, ինձ վրա ազդեց երկրորդ պարտիան: Չեմ կարծում, որ առաջին տուրում նրանից կրած պարտությունը որեւէ ազդեցություն ունեցավ վրաս: Սակայն երկրորդ խաղի ժամանակ ես ստրատեգիական սխալ արեցի:

 
- Խոսքը Թb3 քայլի մասի՞ն է, որը, ինչպես ասել եք լրագրողներին, Ձեր երազում էիք տեսել:

 
- Ես այդ քայլն արեցի` կարծելով, որ հետաքրքիր կընթանա խաղը, եւ այդպես էլ եղավ, դիրքս բավականին ուշագրավ էր, բայց հետո չգիտես ինչու կարծեցի, որ վատ դիրք է: Շատ եմ զղջում, որ ռիսկի չգնացի, քանի որ ոչ-ոքին էլ, պարտությունն էլ այդ խաղում նույն բանն էին լինելու ինձ համար: Մրցաշարում եղավ մի պահ, երբ պետք է փորձեի ինձ վտանգի տակ գցել` զոհաբերություններ կատարելով: Բայց ես չարեցի, քանի որ չզգացի մրցաշարի ժամանակ այդ պահը, իսկ հետո արդեն շատ ուշ էր: Պետք է չնայեի ոչնչի եւ գնայի առաջ: Բայց մրցաշարի ժամանակ միշտ թվում է, թե դեռ ժամանակ կունենաս, թե լավ կվերջացնես, բացի այդ էլ, եթե շատ ռիսկի դիմես, կարող է լավ չլինել: Պետք է ըմբռնեի այդ ամեն ինչը, բայց չստացվեց: Ինձ մոտ ստրատեգիական մասը մի պահից սկսած արդեն լրիվ սխալ գնաց:

 
- Իսկ ո՞րն էր սխալներ կատարելու պատճառը. լարվածությո՞ւնը, ֆիզիկական եւ հոգեբանական վիճա՞կը կամ հենց ինքը` քաղա՞քը...

 
- Չեմ կարծում, որ լարվածությունը ինչ-որ դեր խաղաց, քանի որ բոլորն էլ լարված էին: Խանտի Մանսիյսկում ես շատ եմ սիրում խաղալ, այնտեղի հայերն ինձ մրցաշարի ընթացքում ամեն կերպ աջակցում էին, ամեն ինչ անում էին, որ լավ խաղամ: Ֆիզիկական վիճակս լավ էր, ավելի շատ հոգեբանական կողմն էր ինձ խանգարում, քանի որ ոչ շախմատային բաների մասին էի մտածում: Բայց զուտ շախմատային սխալներ էլ կային` ստրատեգիական վրիպումներս: Ես միշտ փորձում եմ մրցաշարերին տարբեր կերպ մասնակցել, խաղի մեջ տարբեր ձեւերով մտնել: Համենայն դեպս չեմ ասի, որ վատ էի խաղում: Վերջին երկու պարտիաների ընթացքում ինձ վրա բարկացած էի նախօրոք արված սխալների համար: Եթե այս երկու պարտիան հաշվի չառնենք, մրցաշարում ընդհանուր առմամբ վատ չէի խաղում: Ավելի ճիշտ` վատ էի խաղում, բայց շատ վատ չէ (ժպտումէ):

 
- Հայտնի է, որ Թոփալովը եւ Կրամնիկը անձնական հակամարտություն ունեն: Իսկ Դուք խնդիրներ ունեի՞ք մասնակիցների հետ:

 
- Ոչ, բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունեմ:

 
- Մրցաշարը յուրահատուկ ռեժիմով էր` երեք օրը մեկ հանգիստ: Ձեզ օգնո՞ւմ էր այդ ռեժիմը:

 
- Ընդհանուր առմամբ վատ ռեժիմ չէր, քանի որ բարդ մրցաշարերում անհնար է առանց հանգստյան օրերի: Այդ օրերին ֆուտբոլ եւ թենիս էի խաղում, դա ինձ շատ էր օգնում թուլանալ, հանգստանալ, նպաստում էր իմ հոգեբանական ներդաշնակությանը:

 
- Ձեզ ուղեկցում էին ֆիզիկական պատրաստության մարզիչը` Արմեն Աղուզումցյանը եւ երկու մարտավկաներ` Տիգրան Ղարամյանը ու Մաքսիմ Ռոդշտեյնը: Ինչպե՞ս էին նրանք օգնում Ձեզ:
 

- Ես գոհ եմ բոլորից, քանի որ նրանք մեծ աշխատանք էին անում ինձ համար: Առաջին հերթին` երբեք չէին հուսահատվում, ինչը կարեւոր է:

 
- Ձեր ընկերուհին` Արիանեն, հաճախ է Ձեզ ուղեկցում մրցաշարերում, բայց Խանտի Մանսիյսկում չկար, նրա բացակայությունը կարո՞ղ էր Ձեզ խանգարել:

 
- Այնպես էր ստացվել, որ լավ չէի խաղում, եւ ամեն ինչն էլ, ինչ չի եղել, խանգարում էր:

 
- Պարտիաներից ո՞րն էր ամենաբարդը:

 
- Բարդ պարտիաները շատ էին, բայց երբ խաղդ չի ստացվում եւ կոպիտ սխալներ ես կատարում, ամեն պարտիա էլ դառնում է բարդ:

 
- Իսկ Ձեր ամենահաջողված պարտիան ո՞րն է:

 
- Կարծում եմ` Կարյակինի դեմ առաջին խաղը:

 
- Վեցերորդ տուրում Անդրեյկինի հետ Ձեր ոչ-ոքինը շատ քննարկվեց, անգամ Կարլսենն էր ասում, որ եթե հաղթեիք Անդրեյկինին, մեծ տարբերությամբ կկարողանայիք առաջինը լինել մրցաշարային աղյուսակում:

 
- Նման բաներ լինում են սպորտում, բայց ինձ համար հենց այդ պարտիան չէր, որ որոշիչ էր:

 
- Իսկ Անանդի հաղթանակը սպասելի՞ էր Ձեզ համար: Նրան համարո՞ւմ էիք ուժեղ հակառակորդ մինչեւ մրցաշարի սկիզբը:

 
- Ո’չ, ես չէի կարծում, որ նա լավ կխաղա, քանի որ նրա համար դժվարությունները պետք է որ շատ լինեին: Սակայն այդպես լինում է, երբ մարդը կորցնում է որեւէ թանկ բան, այս դեպքում` չեմպիոնի գահը, եւ սկսում է ավելի հանգիստ լինել, հանգիստ խաղալ: Մրցաշարից առաջ որպես հիմնական հակառակորդ ես տեսնում էի Կրամնիկին:

 
- Այժմ որո՞նք են Ձեր անելիքները Ձեր խաղաոճի հետ կապված: Ինչի՞ վրա պետք է աշխատեք:

 
- Խնդիրը միշտ նույնն է. շատ աշխատել: Ես ամեն մրցաշարից առաջ փոխում եմ մոտեցումս: Այժմ պետք է տարբեր բաներ անեմ, ավելի շատ խորանամ: Ինձ համար ամենամեծ քննադատը ես եմ, եւ ես գիտեմ, որ կոպիտ սխալներ եմ թույլ տվել: Սա սպորտ է, իսկ սպորտում պետք է միայն հաղթել, այլ արդյունքները ոչ մեկին հետաքրքիր չեն:

 
- Մինչեւ օլիմպիադա ի՞նչ անելիքներ ունեք:
 

- Հիմնական անելիքս այս տարին, որը վատ չէի սկսել, լավ շարունակելն է: Նախ` Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մասնակցելու եմ մրցաշարի, ապա` ԱՄՆ-ում գլխավորելու եմ շախմատային ճամբար: Ճամբարն ինձ համար առանձնահատուկ հետաքրքրություն ունի տեղի առումով, քանի որ ես Լոս Անջելեսում վերջին անգամ եղել եմ 1999 թվականին. այնտեղ շատ բան փոփոխված կլինի: Նաեւ ինձ համար շատ հարազատ մարդիկ են տեղափոխվել եւ ապրում այնտեղ, հաճելի կլինի նրանց հանդիպելը:

 

- Նախորդ տարի մոլորակի ուժեղագույն շախմատիստներից չորսով մասնակցեցիք Սենթ Լուիսի մրցաշարին: Նման բան լինելո՞ւ է այս տարի:
 

- Տեղյակ չեմ:

 
- Օլիմպիադայից ի՞նչ ակնկալիքներ կան:

 
- Մեզ մոտ միշտ էլ նույն հույսերն են, որ պետք է լավ խաղանք: Վերջին թիմային մրցաշարերում լավ հանդես չենք եկել, բայց ես լավատես եմ: Մեր հավաքականի պես հավաքական պատմության մեջ մատների վրա կարելի է հաշվել: Սա իրոք շատ ուժեղ թիմ է, այս տղաներին ոչնչով չես կարող կոտրել, ոչ մի անհաջողություն նրանց չի ջարդի: Այժմ մենք ամեն օր պարապում ենք: Ինձ շատ հաճելի է թիմի հետ լինելը, այստեղ մեծ շախմատիստներ են հավաքվել, եւ մենք միասին աշխատում ենք արդյունքի հասնել:

 
- Հավաքականի նոր անդամ Տիգրան Քոթանջյանի մասին ի՞նչ կասեք:

 
- Գիտեք, մեզ մոտ այնպես է, որ առաջին չորս խաղացողները շատ ուժեղ են եւ հոգեբանական առումով հինգերորդ շախմատիստի համար շատ դժվար է, եւ թիմը միշտ աշխատում է հոգեբանորեն աջակցել նրան:

 
- Այնուամենայնիվ, կտեսնե՞նք Ձեզ երկու տարի անց աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարողի դերում:

 
- Ժամանակը ցույց կտա, բայց ինձ թվում է` այո (ժպտումէ):

 
- Իսկ աշխարհի չեմպիոնի՞ դերում:

 
- Իմ կողմից անհամեստություն կլինի ասել այն, ինչ մտածում եմ: Ես իմ մեջ հավատում եմ, ունեմ իմ կարծիքը, բայց եթե բարձրաձայնեմ, մարդկանց կթվա, որ երազանքների աշխարհում եմ ապրում, քանի որ այսօր շատերն են լավ խաղում:

 
- Անանդ-Կարլսեն մրցախաղում ո՞վ կհաղթի ըստ Ձեզ: Եվ ո՞ւմ հաղթանակը Ձեզ համար ավելի նպաստավոր կլինի:

 
- Կարծում եմ` այնուամենայնիվ, կհաղթի Կարլսենը: Իսկ ինչ վերաբերում է ինձ համար նպաստավոր լինելուն, լավ կլինի, եթե Անանդն ու Կարլսենը մի գեղեցիկ օր երկուսով շախմատը թողնեն (ծիծաղումէ): Բայց այս ամենը դեռ շատ հեռու է ինձ համար: Պետք է նախ ինքս աշխատեմ ինձ վրա, ապա անցնեմ բոլոր պահանջվող փուլերով: Ես լավատես եմ, բայց պետք է իրական կյանքով ապրել:

 

Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Ծաղկաձոր-Երեւան

 

ՙՇախմատային Հայաստան՚, No 20 (1119), 2014 թ.

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր