chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հարցազրույց Ավետիք Գրիգորյանի հետ

2017-Nov-20
Հարցազրույց Ավետիք Գրիգորյանի հետ

-Ինչու՞ շախմատ։

-Կարծում եմ՝ գեներն են խոսում։ Շախմատի հանդեպ մեծ սեր է ունեցել պապիկս, որը փոխանցվել է հորս, նրանից ել՝ ինձ։ 4 տարեկան էի։ Հայրս մեկնեց ղարաբաղյան պատերազմի։ Ցերեկվա՝  բակում անցկացվող ակտիվ կյաքից հետո երեկոները մի տեսակ շատ պասիվ էին։ Տատիկս գտավ լուծումը։ Սովորեցրեց շախմատ խաղալ, և այդպես, 2 տարի շարունակ երեկոները լցնում էինք այս խաղով, մինչև հայրս վերադարձավ և տարավ ինձ շախմատի դպրոց։ Իսկ հետո նպատակը նպատակի հետևից․ ստանալ 3-րդ կարգ, հետո՝ 2-րդ, 1-ին։ Հետո երազանք էր գրոսմայստեր դառնալը։ Ու քանի որ փոքր ժամանակվանից որոշել էի իրագործել բոլոր երազանքներս, ուղին, կարելի է ասել, ընտրվեց ինքն իրեն։

-Ալյոխինի համար շախմատը ոչ թե խաղ էր, այլ արվեստ։ Ի՞նչ է այն Ձեզ համար։

-Շախմատն ինձ համար առաջին հերթին պայքար է․ երկու մտքերի պայքար, որի արդյունքում ստեղծվում են այնպիսի ստեղծագործություններ, որոնք կարող են դարեր ապրել։ Ինձ համար ցանկացած ասպարեզ, որտեղ ստեղծվածը ընդունակ է  դարեր շարունակ մարդու աչքին հաճույք  պատճառել, պատկանում է արվեստի աշխարհին։

-Իսկ հոբբի՞, թե՝ մասնագիտություն։

-Արդեն 3 տարի է, ինչ պրոֆեսիոնալ շախմատով չեմ զբաղվում։ Մի պահ ընդհանրապես կտրվել էի նրանից, բայց կարոտը խեղդեց ու որոշեցի լցնել այն մարզչական աշխատանքով։ Հոբբի է այն առումով, որ մեծ բավականություն եմ ստանում նպատակասլաց աշակերտի հետ պարապելուց, նրա աճն ու հերթական հաղթանակը  տեսնելուց։ Շատ հաճելի զգացողություն է, երբ գիտակցում ես, որ աշակերտդ շուտով կանցնի քեզ, կամ արդեն անցել է։ Իսկ մյուս կողմից, աշակերտներս բավականին ուժեղ են, և միայն գիտելիքներ փոխանցելը քիչ է։ Միակ ճանապարհը պրոֆեսիոնալ մարզչական աշխատանքն է։  Այնպես որ ստացվում է և՛ հոբբի, և՛ 2-րդ մասնագիտություն։ Խնդրում եմ չհարցնեք, թե որն է առաջինը։ Կասեմ հաջողության հասնելուց հետո։ (ժպտում է)

 

- Ո՞րն է եղել ամենատպավորիչ մրցաշարը , գուցե՝ խա՞ղը։

Ամենատպավորիչը երևի 2010թ․ Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունն էր, որին մասնակցելու իրավունք ստացա վերջին պահին։ Ընդհանրապես չէի պատրաստվել, գտնվում էի վատ մարզավիճակում։ Հավանաբար հորս խոստումը, որ հաղթելու դեպքում կթողնի ծխելու վատ սովորությունը, խթան հանդիսացավ տրամադրվելու և ուժերս հավաքելու։ Սպորտային բախտն էլ թեքվեց իմ կողմը։

Իսկ ամենատպավորիչ խաղը եղել է 2011թ․ Կորսիկայում, որտեղ խաղում էի Անանդի հետ, ում պատկանում էր չեմպիոնության գահը։

-Եվ ինչպե՞ս ավարտվեց պայքարը։

-Պարտվեցի 1․5-0․5 հաշվով։

-Ունե՞ք ուսուցիչ-կուռք, ով իր շախմատային կարիերայով հետք է թողել նաև Ձեր ուղու վրա։

-Փոքր տարիքում շատ էի պարապում ու ուսումնասիրում էի աշխարհի բոլոր չեմպիոնների և ուժեղագույն շախմատիստների խաղերը։ Առավել տպավորված եմ եղել Կարպով-Կասպարով խաղով։ Կարպովի՝ նրա շախմատային նուրբ հասկացողության համար, Կասպարովի՝ ախր շատ-շատ ուժեղ է խաղացել (ժպտում է)։

 

-Ի՞նչ երազանք ունի Ավետիք Գրիգորյանը։

-Երազանքներս շատ են։ Ինչպես նշեցի՝ դրանք հենց նպատակներ են, որոնք փորձում եմ հերթով իրագործել։ Կարծում եմ, որ հաջողության հասնելու ամենալավ ճանապարհը՝ հեռավոր նպատակ սահմանելն է ու դրան տանող փոքր նպատակները սուղ ժամկետներում իրագործելը։ Իմ դեպքում երազանքներս իրոք շատ են ու տարբեր ոլորտներում։ Հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի։

-Իսկ զբաղվա՞ծ է արդյոք նրա սիրտը։

Ընդհանրապես ինձ հաջողակ մարդ եմ համարում՝ սկսած կյանքիս առաջին օրվանից։ Հպարտ եմ ծնողներովս։ Բայց բախտս ամենաշատը բերել է հենց Ձեր տված հարցում։ Ունեմ հրաշք ընկերուհի։ Դերասանուհի Անուշկա Մարգարյանն է։

-Կարծում եմ՝ նա ևս հպարտ է, որ ունի իրեն գնահատող նման անձնավորություն իր կողքին։

Քեզ պատկերացնում եմ պատմական որևէ հերոսի դերում՝ արքա կամ զորավար։ Կարծում եմ՝ նման հագուստը շատ կսազի։ Սիրում ե՞ս պատմություն ու երբևէ մտածել  ե՞ս պատմական որ դարաշրջանում կցանկանայիր հայտնվել ու ում դերում։

-Չէի ասի, թե չեմ սիրում։ Եթե դերասան լինեի, սիրով կմարմնավորեի կայսեր Ցին Շիխուանդիի կամ Սիմոն Բոլիվարի կերպարները։  Իսկ  մտածել եմ արդյոք՝ որ դարաշրջանում կապրեի՝ ոչ։ Իմ կյանքն ինձ շատ դուր է գալիս։ Չէի ցանկանա ապրել այլ դարաշրջանում ու այլ կյանքով։ Մանուկ հասակում կպատասխանեի, որ ուզում եմ լինել Մալիշ Բիլին՝ մանկությանս սիրած հերոսը, ով պաշտպանում էր հասարակ ժողովրդին չար մարդկանցից։

-Իսկ ինչպե՞ս եք սովորել դպրոցում։

Մինչև 8-րդ դասարան բավականին լավ եմ սովորել, վերջին 2 տարում՝ հակառակը։ Արդեն որպես մասնագիտություն ընտրել է շախմատը և չէի հասցնում համատեղել դասերի հետ։ Ոչ մի բանի համար չեմ փոշմանում, այլապես դասերը բաց թողնելու համար կփոշմանեի։

-Ինչո՞վ եք զբաղվում շախմատից դուրս։

3 տարի է՝ զբաղվում եմ քունգ-ֆուով։ Այս հարցում ևս բախտս բերել է, քանի որ մարզիչս հենց ֆեդերացիայի նախագահ Հայկ Հարությունյանն է, ով ինձ  համար օրինակելի ուսուցիչ է բոլոր առումներով։ Զբաղվում եմ լողով, էքստրեմալ սպորտաձևերի մեծ սիրահար եմ, ինչը շատ է անհանգստացնում ծնողներիս։

 -Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։

-Ձեզ եմ շնորհակալ։

 

 

 

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր