chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մի քանի հարց մեր չեմպիոններին

2017-Jan-23
Մի քանի հարց մեր չեմպիոններին

Հունվարի 21-ին ավարտվեցին Հայաստանի կանանց և տղամարդկանց շախմատի առաջնությունները, որոնց հաղթողներ դարձան Մարիա Գևորգյանն ու Հովհաննես Գաբուզյանը։ armchess-ը մի քանի հարց է ուղղել նրանց։

Հովհաննես Գաբուզյան

-Վերջին շրջանում շատ կարևոր հաղթանակներ ունեցար համաշխարհային մակարդակի։ Ինչո՞վ էր կարևոր հենց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելը։

-Կարծում եմ՝ Հայաստանի առաջնությունը հայ շախմատիստների համար տարվա կարևորագույն մրցաշարերից է, որովհետև այն քեզ հնարավորություն է տալիս համալրել ազգային հավաքականի կազմը և ներկայացնել երկիրդ Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններում։

-Այսինքն առաջիկայում կհետևենք խաղիդ նաև թիմային առաջնություններում։

-Այո։

-Ի սկզբանե առաջատարների մեջ չէիր ու ամեն բան փոխվեց հենց վերջում։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Հավաքեցիր ուժերդ, կամքդ, գուցե ինչ-որ մեկի խոսքը փոխեց ինչ-որ բան։

-Ճիշտ կլինի ասել, որ հանգստությունս փոխեց ամեն բան։ Ոչ թե առաջատարների թվում չէի, այլ վերջինն էի։ Թուլացա, մտածեցի ամեն բան վերջացած է, գոնե հավաքվեմ և վերջին տեղը չգրավեմ։ Լարվածությունս ու սպորտային ամբիցիաներս մի կողմ դրեցի և փորձեցի հանգիստ խաղալ։

-Այսինքն մտքովդ անգամ չէր անցնում, որ չեմպիոնը լինելու ես հենց դու։

-Այո։ Մտածում էի՝ եթե հնգյակ մտնեմ վերջին տեղից հետո, հիանալի արդյունք կլինի։

-Իսկ ո՞ր հաղթանակը ամենադժվարը տրվեց։

-Երևի թե վերջինը, որովհետև մեջս հույս էր արթնացել հաղթանակի։ Նաև միաժամանակ հետևում էի ևս 3 խաղի, որտեղ սպիտակները պետք է պարտվեին, իսկ ես հաղթեի։ Այդ իսկ պատճառով լարվածությունը շատ էր մեծացել։

-Արդյո՞ք խաղի ընթացքում այլ խաղի վրա շեղվելը, այն էլ մի քանի, չի բարդացնում իրավիճակը ու չի շեղում սեփական խաղից։

-Իհարկե բարդացնում է։ Դա անգամ անթույլատրելի է։ Սակայն էմոցիաներս այնքան ուժեղ էին, որ ոչինչ անել չէի կարող։

-Իսկ առօրյա կյանքում ընկերներ լինելը նման դեպքերում չի խանգարու՞մ։ Չէ՞ որ հաճախ մեկի պարտությունն է մյուսին հաղթանակ բերում։

-Սպորտն այնպիսի բան է, որ պահի տակ կարող ես մոռանալ դիմացինդ ով է, և դա նորալ է։ Եղել է դեպք, երբ ես եմ կարևոր պարտիա պարտվել Զավենին։ Դա ոչնչով չի ազդում մեր հարաբերությունների վրա, որովհետև բոլորս էլ գիտակցում ենք, որ դա մեր մասնագիտության պահանջն է։

-Իսկ ի՞նչ պլաններ ունես, ի՞նչ մրցաշարեր են սպասվում այս տարում։

-Առաջիկայում մի փոքր կհանգստանամ, գուցե ոչ այնքան ուժեղ մրցաշարերի մասնակցեմ, իսկ հետո կսկսեմ ինտենսիվ պատրաստվել Եվրոպայի անհատական առաջնությանը։

-Լավ, քեզ հաջողություն եմ մաղթում։ Հուսամ՝ միայն հաղթանակներդ կլուսաբանեմ։

-Շնորհակալ եմ շատ։

 

 

Մարիա Գևորգյան

 

-Պահպանեցիր կոչումդ։ Որքանո՞վ էր դա կարևոր քեզ համար։

-Շատ կարևոր  էր։ Կրկին համալրեցի ազգային հավաքականը և հույս ունեմ, որ այս տարի, ի տարբերություն անցածին, կհաջողվի հանդես գալ թիմային մրցաշարերում։

-Իսկ ո՞ր տարվա հաղթանակդ ավելի բարդ տրվեց։

-Եթե կողքից հայացք նետեմ, կթվա, որ անցած տարվա հաղթանակս հեշտ տրվեց։ Բայց դա այդպես չէ։ Իսկապես շատ էի աշխատել մինչ մրցաշարը։ Այս տարի ավելի դժվար ստացվեց։ 6-րդ պարտիան սպիտակներով պարտվեցի Սիրանուշին։ Ինձ էի մեղադրում, քանի որ սխալ սկզբնախաղ ընտրեցի ու հետո չկարողացա անգամ հավասարեցնել դիրքը։ Մրցաշարային իրավիճակը վերահսկողությունիցս դուրս եկավ, որն, իհարկե, ինձ չէր գոհացնում։ Նույնիսկ եթե անեի իմ մաքսիմումը և հաղթեի վերջին 2 խաղում, իմ ձեռքերում էլ ոչինչ չկար, Սիրանուշից էր կախված։

-Հարաբերություններում ոչինչ չփոխվե՞ց, ընկերներ ե՞ք կյանքում։

-Իհարկե։ Շախմատը շախմատ, իսկ սպորտը ընկերության հետ պետք չէ կապել։ Ես շատ լավ հասկանում էի, թե ինչ է զգում Սիրանուշը։ 2014 թվականին ես նույնպես երկրորդական միավորներով ետ մնացի և կորցրեցի ոսկին։ Սիրանուշը լավ շախմատիստուհի է, և ես չեմ կասկածում, որ այլ մրցաշարերում դեռ շատ հաջողություններ կունենա։

-Իսկ ո՞ր խաղն էր ամենաբարդը մրցաշարում։

-4 շատ բարդ պարտիա եմ ունեցել, որից 3-ը ոչ ոքի ավարտվեց, իսկ մյուսը՝ իմ հաղթանակով։ Գասպարյան Նարինեի և Բաբայան Արմինեի հետ ստացվեց բարդ իրավիճակում պահել դիրքը, իսկ Գրիգորյան Արփինեի հետ շատ տանջալից պայքարից հետո հասա հաղթանակի։ Սարգսյան Աննայի հետ ստացվեց մի դիրք, որտեղ պետք է ներդնեի բոլոր գիտելիքներս՝ ոչ ոքիի հասնելու համար։ Ինքս ինձ չէի ների, եթե իմ՝ ոչ բավական աշխատելու պատճառով չկարողանայի պահել այդ դիրքը։ Սակայն պարզվեց, որ վատ չէի աշխատել վերջնախաղի վրա։

-Իսկ նման բարդ դեպքերում ավելի շատ ոչ թե գիտելիքներն են օգնում, այլ կամքի ուժն ու մտքերը հավաքելու ունակությունը։ Համամիտ ե՞ս։

-Անկասկած, համամիտ եմ։ Դա սովորել եմ իմ նախկին մարզիչ և շատ մոտ ընկեր Հրայր Սիմոնյանից։ Նա էր կարողանում նման դիրքերում չպարտվել։ Բայց նաընտրելի է, որ գործը դրան չհասնի, ինչպես անցած տարվա բարձրագույն լիգայի պարտիաներումս (ժպտում է)։

-2017-ին ինչո՞վ կուրախացնես մեզ։

-Դեռ չեմ կարող մեծ խոստումներ տալ, չնայած՝ տարվա նպատակներս լավ գիտեմ։ Կփորձեմ լավ աշխատել ու անել այն ամենը, ինչ կարող եմ։ Որովհետև, ինչպես նշեցի, ինձ չեմ ների, եթե որևէ իրավիճակում՝ շախմատային և առհասարակ, չհաջողեմ իմ չաշխատելու պատճառով։

-Արդեն հասկացա, որ մաքսիմալիստ ես։ Իսկ ո՞ր կարևոր մրցաշարերին կմասնակցես։

-Եվրոպայի կանանց առաջնությունն է ամենակարևորը։ Իսկ մինչ այդ ունեմ հրավերներ բելգիական ակումբից։ Մտածում եմ նաև Շարժայի Օփենի մասին։ Սակայն կախված է ուսումիցս և մի քանի այլ բանից կհասցնեմ, թե ոչ։ Իսկ մի քանի օրից կմեկնեմ հավաքների։

-Քեզ հաջողություն և նորանոր հաղթանակներ։

-Շնորհակալ եմ։

 

 

 

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր