chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

"Chessify" ակումը գլխավորում է Հայաստանի շախմատի ակումբային առաջնությունը

2018-Jun-13
"Chessify" ակումը գլխավորում է Հայաստանի շախմատի ակումբային առաջնությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի ակումբային առաջնության 5-րդ տուրը: Այս տուրում մրցաշարի միանձնյա առաջատար «Chessify» ակումբի մրցակիցն էր «Քանաքեռ-Զեյթուն» թիմը: Մրցախաղում առաջինը հաղթանակ տոնեց «Chessify»-ի կազմում հանդես եկող Հովհաննես Գաբուզյանը: Այնուհետև հաշիվը հավասարեցրեց Վահրամ Մեժլումյանը, որին «Chessify»-ը պատասխանեց Հայկ Մարտիրոսյանի և Աննա Սարգսյանի հաղթանակներով: Մնացած երկու պարտիաներում դրությունը հավասար էր, սակայն «Chessify»-ի կազմում հանդես եկող գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը կոպիտ վրիպես և պարտվեց: Հավասար դիրքում վրիպումներ թույլ տվեց նաև «Chessify»-ի կազմում հանդես եկող գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Վերջնամասում Տեր-Սահակյանի դրությունն արդեն անհուսալի էր, սակայն նրա մրցակից Սարգիս Մանուկյանը չդիմացավ լարվածությանը, թույլ տվեց մի շարք սխալներ և պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով «Chessify»-ը հրաշքով հաղթանակ տոնեց 5-րդ տուրում:

 Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը 5,5 – 0,5 հաշվով հաղթեց  Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի երկորրդ թիմին:

Ավելի համառ ստացվեցին Գրոսմայստերական դպրոցի մրցախաղը Հայաստանի շախմատի ակադեմիայի դեմ և  «Էջմիածին Լոգիկոն»-ի հանդիպումը «Երևան»-ի դեմ:

Գրոսմայստերական դպրոցը հանդես էր գալիս առանց երկու առաջատարների՝ Արման Փաշիկյանի և Մանուէլ Պետրոսյանի: Թիմը հաղթանակի հասավ Տիգրան Հարությունյանի, Մամիկոն Ղարիբյանի և Ռոբերտ Մուրադյանի հաղթանակների շնորհիվ:

Հետաքրքիր պայքար ծավալվեց «Էջմիածին Լոգիկոն»-ի  և «Երևան»-ի մրցախաղում: «Էջմիածին Լոգիկոն»-ի   առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ տոնեց Ռաֆայել Վահանյանի նկատմամբ: 2-րդ և 3-րդ խաղատախտակների «Երևան»-ի կազմում հանդես եկող բազմափորձ Տիգրան Քոթանջյանը և Նորայր Քալանթարյանը հաղթեցին համապատասխանաբար Հովիկ Հայրապետյանին և Վահե Բաղդասարյանին, ինչը սակայն բավարար չեղավ նույնիսկ ոչ-ոքիի համար, քանի որ 4-րդ և 5-րդ խաղատախտակում Էջմիածինը ներկայացնող շախմատիստները հաղթեցին, իսկ 6-րդ խաղատախտակի վրա գրանցվեց ոչ-ոքի:

5-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել «Chessify» ակումբը, որը վաստակել է 10 թիմային միավոր: Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը և Գրոսմայստերական դպրոցը վաստակել են 8-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

Աղբյուրը՝ chessfed.am-ի

6-րդ տուրին հետևեք 15։00-ից սկսած՝ ուղիղ միացմամբ։