chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հայկական WooChess ստարտափը նոր շունչ կհաղորդի շախմատային իրականությանը

2018-Mar-02
Հայկական WooChess ստարտափը նոր շունչ կհաղորդի շախմատային իրականությանը

Շախմատային աշխարհում նոր ու հետաքրքիր փոփոխություններ են սպասվում։ WooChess նոր ստարտափն արդեն միջազգային ասպարեզ դուրս գալու ճանապարհին է։

Վերջինս խոստանում է նոր շունչ այս ինտելեկտուալ սպորտարվեստի առցանց աշխարհում։

«Շախմատի առաջին օնլայն համալսարանը»։ Այսպես են բնութագրում նախագիծը վերջինիս հեղինակ և ղեկավար Հրայր Շահբազյանն ու նրա թիմը։

Առցանց հարթակում ստեղծվել է հնարավորություն պարապելու միանգամից մի քանի աշակերտի հետ։ Բոլորը միմյանց տեսնում և լսում են․ կա նաև չատի հնարավորություն։ Մարզիչի կողմից կատարված ցանկացած գործողություն էկրանին տեսանելի է բոլոր աշակերտներին։ Վերջիններս մարզիչի ցանկության դեպքում կարող են տախտակի վրա քայլեր կատարել։

Մարզիչը հնարավորություն ունի իր դասերը նախօրոք պատրաստելու, ինչի շնորհիվ պարապմունքի ժամանակ առանց ժամանակ կորցնելու կկարողանա փոխել խաղերը, դնել նոր խնդիրներ,  վերլուծել ցանկացած դիրք, ինչպես նաև տալ տնային աշխատանք և այլն։

Վերջիվերջո, երբ խոսքը վերաբերվում է երեխաներին, սա մեծ  օգնություն է ծնողների համար։ Չէ՞ որ շատ դեպքերում վերջիններս ժամանակի սղության պատճառով չեն կարողանում երեխաներին տանել պարապմունքների։ WooChess-ը երեխաներին կտա հնարավորություն առանց խնդիրների դառնալ այս հրաշք խաղի մի մասնիկը։

Նախագծի հեղինակ Հրայր Շահբազյանը, ով նաև chess.am և chessschool.am կայքերի հիմնադիրն է, նախկին շախմատիստ և ներկայիս ծրագրավորող է։ Նրա խոսքերով շախմատն այն սպորտն է, որը յուրաքանչյուրին տալիս է անսահման հնարավորություններ։ «Մեր հպարտություն Տիգրան Պետրոսյանն ասում էր, որ ոչ ոք չի ափսոսա շախմատին նվիրած ժամանակը, քանի որ այն կօգնի յուրաքանչյուր մասնագիտության մեջ։ Ես ինքս դա զգացել եմ իմ մաշկի վրա։ Ֆանատիկորեն սիրում եմ այս խաղը և ցանկանում եմ ստեղծել անսահման հնարավորություններ բոլոր նրանց համար, ովքեր որոշել են զբաղվել այս խաղով։

Կայքն այժմ թեստավորման փուլում է և մենք պատրաստվում ենք ապրիլին սկսել մեր գովազդային արշավը։ Վերջինս տալիս է լայն հնարավորություններ ոչ միայն մարզիչ ընտրելու, օնլայն պարապմունքներ և սեանսներ անցկացնելու, այլև հավելյալ գիտելիքներ ստանալու հարցում։ Բազմաթիվ խնդիրներ, տակտիկաներ, վիդեոդասեր, աշխարհի չեմպիոնների և ուժեղագույն շախմատիստների լավագույն խաղերը վիդեոների տեսքով և այլն։”

Մոտ ապագայի պլանների մասին խոսելիս՝ Հրայր Շահբազյանն ասաց, որ հաջորդ տարի նախատեսում են գործարկել արհեստական բանականության վրա հիմնված մարզչին, ով կկարողանա որոշակի թեստերից հետո հասկանալ աշակերտի ուժեղ և թույլ կողմերը և համակարգից դասեր առաջարկել։

WooChess-ին ծանոթացեք նաև Դուք։