chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մոլդովայի նախագահ, Մոլդովայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Իգոր Դոդոնը այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա

2017-Nov-12
Մոլդովայի նախագահ, Մոլդովայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Իգոր Դոդոնը այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ, Մոլդովայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Իգոր Դոդոնը տիկնոջ՝ Գալինա Դոդոնի հետ նոյեմբերի 10-ին այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա:  Ակադեմիայում Մոլդովայի նախագահին եւ առաջին տիկնոջը դիմավորեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյան:

Մոլդովայի նախագահը տինկոջ հետ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ շրջեց շախմատի ակադեմիայում, եղավ շախմատի լսարաններում, հետևեց ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի 2-րդ փուլի մրցաշարի ընթացքին, այնուհետև Սմբատ Լպուտյանը ներկայացրեց «Շախմատը դպրոցում» ծրագրի հայաստանյան փորձը:

Շախմատի ակադեմիայում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նշեց, որ Մոլդովան հետաքրքրված է դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի փորձը կիրառելու հարցում: Հայաստանի Շախմատի ակադեմիայով տպավորված Դոդոնը խոստովանեց, որ Մոլդովայի Շախմատի ակադեմիայում նման պայմաններ չկան: «Ես ուրախ եմ, որ Հայաստանում կան նման վայրեր շախմատի զարգացման համար: Մեզ համար շատ կարեւոր է դպրոցներում ներդնել շախմատի ուսուցման փորձը: Մենք Հայաստանի դպրոցներում դասավանդվող շախմատի դասագրքերն ուսումնասիրել ենք եւ նպատակ ունենք նույնն անել նաեւ Մոլդովայում»,-ասաց նա:

Իգոր Դոդոնը 2011 թվականից գլխավորում է Մոլդովայի շախմատի ֆեդերացիան: Նա շախմատի սիրահար է: «Ես ամեն օր եմ շախմատ խաղում եւ առավոտյան, եւ երեկոյան օնլայն եղանակով: Իմ կինն այսօր առավոտյան ինձ նորից «բռնացրեց» շախմատ խաղալիս»,-կատակեց Մոլդովայի նախագահը:

Աղբյուրը՝ chessfed.am

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր