chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մանուել Պետրոսյան.<<ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՍԻՐՈՎ ԽԱՂԱԼ, ԱՅԼԱՊԵՍ ՀԱՂԹԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է>>

2018-Nov-16
Մանուել Պետրոսյան.<<ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՍԻՐՈՎ ԽԱՂԱԼ, ԱՅԼԱՊԵՍ ՀԱՂԹԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է>>

- Մանուե’լ, շնորհավորում եմ Գիմնազիադայում առաջին տեղը գրավելու կապակցությամբ: Ի՞նչ տպավորություններով ես Հայաստան վերադարձել Բրազիլիայից: 

- Շնորհակալ եմ: Բրազիլիա հասնելու համար շատ երկար ճանապարհ էինք անցել: Մրցումներում շատ հաճելի մթնոլորտ էր, հետաքրքիր էր, որ կային տարբեր մարզաձեւեր: Հայաստանը ներկայացված էր հինգմարզաձեւերում, ընդհանուր առմամբ բերեցինք չորս մեդալ:
Ես շատ լավ տրամադրություն ունեի մրցումների ընթացքում, նաեւ այն պատճառով, որ ընկերներս կողքիս էին: Մեզ հետ էր դասարանցիս, որը լողից բրոնզե մեդալ նվաճեց: Շախմատում իմ ընկերը` Տիգրան Հարությունյանը, իմ պես առաջին տեղի համար էր պայքարում, բայց այդքան էլ հաջող չստացվեց. նա երկու պարտիայում պարտություն կրեց: Ձյուդոիստ ընկերս բրոնզի համար պայքարում էր հենց այն ժամանակ, երբ ես վերջին պարտիան էի խաղում: Վատ էր, որ նույն ժամերին էին ընթանում մեր մրցումները, այլապես կօգնեինք իրար, կերկրպագեինք: Այնպես էր ստացվում, որ ընկերներով իրար միայն հաց ուտելիս էինք հանդիպում, իմանում, թե ով ինչ է արել, շնորհավորում իրար:
Բրազիլիան շատ տաք երկիր էր, տեսարժան վայրերով գուցե այնքան էլ հարուստ չէր, բայց ուներ լավ անտառներ, բնություն: Երբ հասանք, կարծում էի` չեմ հարմարվի, բայց լավ երկիր էր, արագորեն ընտելացա:

- Ինչպե՞ս անցավ գիմնազիադան: Դժվարություններ եղա՞ն:

- Ինչպես ասացի, մթնոլորտը շատ բարեհաջող էր: Ես պարտվել էի պորտուգալացուն, թեեւ հաղթած դիրք ունեի, բայց ժամանակս քիչ էր, ու ես վրիպեցի` ստանալով պարտված դրություն: Դրանից հետո պետք է հաջորդ երեք պարտիաներն էլ հաղթեի` առաջինը լինելու համար: Այդքան էլ հեշտ չէր, բայց ստացվեց: Վերջին պարտիան խաղում էի բրազիլացու հետ, որը նրանց թիմի առաջին համարն էր: Այդ խաղը որոշիչ էր. միայն հաղթանակով էի առաջին տեղը գրավում, ոչ-ոքիի կամ պարտության դեպքում լինելու էի երրորդը: Հաջողվեց հաղթել: Կարծում եմ` ինձ օգնեց սկզբնախաղային պատրաստությունս. կռահեցի, թե ինչ տարբերակ է լինելու, դրանից հետո ամեն ինչ լավ ստացվեց:

- Ինչպե՞ս ընդունեցիր չեմպիոն դառնալուդ լուրը:

- Վերջին պարտիան շահելուց հետո թեթեւություն զգացի: Միտքս եկավ Բրազիլիա հասնելու մեր երկար ճանապարհը: Չեմպիոն դառնալը նշանակում էր, որ այդքան հեռու գնալս անիմաստ չէր:

- Մանուե’լ, ինչպե՞ս ես սկսել շախմատով զբաղվել, ո՞վ է քեզ սովորեցրել խաղալ:

- Շախմատի հետ ծանոթացել եմ դեռ վաղ մանկուց` երկու տարեկան հասակից, Ստեփանակերտի մեր տանը: Կարծում եմ` ինձ Աստված օգնեց շախմատը ՙհայտնաբերել՚, որովհետեւ ինձ ոչ ոք հատուկ չի ծանոթացրել շախմատին: Ես շատ պատահական տեսել եմ շախմատի խաղատախտակը տան գրապահարանում: Հանել եմ, սկսել հենց այնպես խաղալ խաղաքարերով: Տանեցիները նկատել են ու ասել, որ դրանք խաղալիքներ չեն, խաղաքարեր են, ամեն մեկն իր ձեւով է շարժվում: Մեր տանը սիրված խաղ է շախմատը. եթե ես խաղատախտակը չգտնեի, ավելի ուշ ինձ, միեւնույն է, հավանաբար, կսովորեցնեին խաղալ:
Պապիկս է ինձ բացատրել խաղաքարերի քայլերը: Նա եղել է իմ առաջին ուսուցիչը: Սկզբում ես տանն էի խաղում պապիկիս ու հայրիկիս հետ եւ պարտվում էի: Հենց սկսեցի հաղթել նրանց, ինձ տարան Ստեփանակերտի շախմատի դպրոց: Այդ ժամանակ ես 3.5-4 տարեկան էի, եւ ինձ չէին ուզում շախմատի դպրոց ընդունել, ասում էին, որ դպրոցը 6 տարեկան հասակից է աշակերտներ ընդունում, որ դեռ փոքր եմ, կարող եմ մտածելակերպս վնասել եւ նման բաներ: Բայց հետո ինձ մի կերպ ընդունեցին: Ես էլ շատ էի սիրում շախմատը, ամեն օր գնում էի դպրոց: Երբ մի փոքր առաջընթաց գրանցեցի, շատերը սկսեցին շախմատի գնալ` կարծելով, թե դա հեշտ է, իսկ հետո դուրս եկան դպրոցից:
Շախմատը դժվար սպորտ է, տարիներով պետք է պարապել, օրը մի քանի ժամ: Դրա համար կարեւորը տրամադրություն ունենալն է: Եթե տրամադրությունս վատ լինի, չեմ կարողանա պարապել, կամ էլ պարապածիցս բան չեմ հասկանա, օգուտ չեմ ստանա:

- Այժմ Երեւանում ես ապրում: Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք Ստեփանակերտից:

- Հենց շախմատի համար տեղափոխվեցինք: Ստեփանակերտում արդեն ուժեղ մարզիչ չկար, այնտեղ մրցումներ քիչ էին անցկացվում, ամեն անգամ Երեւան գալիս շատ ժամանակ էր ծախսվում: Երեւան եկա, եւ վարկանիշս սկսեց արագ աճել, միջազգային մրցաշարերի մասնակցեցի: Իսկ նման մրցաշարերում հանդես գալը շատ է օգնում` փորձ է տալիս, վարկանիշ է բարձրացնում: Այստեղ պարապում եմ շախմատի ակադեմիայում` Արսեն Եղիազարյանի մոտ:

- Ո՞ր դպրոցում ես սովորում: Դասերդ հասցնո՞ւմ ես:

- Այժմ Զեյթունի Nօ127 ավագ դպրոցի 12-րդ դասարանում եմ: Մինչեւ հինգերորդ դասարան ես գերազանցիկ եմ եղել: Հետո սկսեցի շախմատի մեջ խորանալ եւ դպրոցական ծրագրից ետ մնացի, բացականերս շատացան: Ուսուցիչները հիմնականում համակերպվում են, ընդառաջում: Սկզբում ասում էին, որ ընդունակ երեխա եմ, պետք է սովորեմ, բայց ես արդեն որոշել էի, որ առաջնայինն ինձ համար շախմատն է:

- Որոշե՞լ ես, թե ինչպես ես շարունակելու ուսումդ:

- Այո, կընդունվեմ ֆիզկուլտինստիտուտի շախմատի բաժին, ինչպես շախմատիստների մեծամասնությունը: Չեմ կարող ուրիշ տեղ սովորել եւ համատեղել ուսումս շախմատի հետ: Կունենամ բացականեր, դժվարություններ, ստիպված կլինեմ մրցաշարերի չգնալ, շախմատում աճս դանդաղեցնել: Իսկ ես ցանկանում եմ ինչքան հնարավոր է շատ մարզվել, ուժեղ շախմատիստ դառնալ: Գրեթե ամեն օր պարապում եմ մոտ 3-4 ժամ, բայց պետք է ավելի շատ մարզվել: Նաեւ պետք է շատ խաղալ, քանի որ խաղի մեջ պարապմունքն էլ կա, իսկ եթե միայն պարապես` առանց խաղալու, լավ մարզավիճակ չես ունենա:

- Ո՞ր շախմատիստների խաղերն ես հավանում:

- Դասականներից` Կարպովի, Կասպարովի: Ժամանակակից շախմատիստներից սիրում եմ Արոնյանի խաղաոճը: Նա շատ ակտիվ եւ համարձակ է խաղում, հաճախ հաղթում է անգամ սեւ խաղաքարերով:

- Շախմատում քեզ ի՞նչն է դուր գալիս:

- Շախմատում ինձ գրավում է այն, որ մշտապես պետք է տրամաբանել, մտածել, ծրա•րեր կազմել: Չի կարելի ուղղակի քայլեր կատարել: Ամեն դիրքի գաղափարը պետք է հասկանալ: Կյանքում էլ է այդպես` պետք է ծրագրեր ունենաս առաջ գնալու համար:

- Մոտակա ի՞նչ նպատակներ ունես:

- Հիմա ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու եմ, ցանկանում եմ միջազգային վարպետ դառնալ: Որպես ընդհանուր նպատակ կարող եմ ասել, որ ուզում եմ միշտ պայքարել, երբեք չհանձնվել ժամանակից շուտ: Նույնիսկ պարտված դիրքերում խաղը պետք է հասցնել ոչ-ոքիի` մրցակցի համար խնդիրներ ստեղծելով. չի կարելի հեշտությամբ զիջել:

- Պարտություններին ինչպե՞ս ես վերաբերվում:

- Պարտությունը միշտ էլ ցավալի է, այն էլ երբ հաղթած դիրք ունենալով ես տանուլ տալիս պարտիան: Ես միշտ աշխատում եմ հոգեբանորեն վերականգնվել, արագ ցրել մտքերը, թե չէ պարտության մասին հիշողությունները կխանգարեն մյուս պարտիաներին: Ինքս ինձ ասում եմ. ՙՈչինչ, վաղը կհաղթեմ՚: Այնուամենայնիվ, սա սպորտ է, ամեն ինչ կարող է լինել:

- Ինչո՞վ կզբաղվեիր, եթե շախմատը չլիներ:

- Երեւի դասերս կսովորեի (ժպտում է): Շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ, ընդհանրապես ինձ սպորտաձեւերն ավելի շատ են գրավում, քան, ասենք, լեզուները, պատմությունը:

- Նոր տարում ի՞նչ մրցումներ ունես:

- Փետրվարին մասնակցելու եմ մոսկովյան օփենին. ամեն տարի մասնակցում եմ այդ մրցաշարին: Մարտին կուզենայի Երեւանում խաղալ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում: Միգուցե նաեւ Բելառուսում կամ Ավստրիայում մի մրցաշարի մասնակցեմ: Դեռ այսքանն է ծրագրերիս մեջ: Գալիք տարում առաջնայինը վարկանիշս բարձրացնելն է:

- Ինչպիսի՞ն էր քեզ համար 2013 թվականը:

- Տատանվող տարի էր` հաջողություններով եւ ձախողումներով: Խաղացել եմ Հայաստանի տղամարդկանց առաջին խմբի մրցաշարում, Գիմնազիադայի ոսկին եմ շահել: Կային նաեւ անհաջողություններ` մեկ ամիս առաջ անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում վատ հանդես եկա, խաղս չէր ստացվում: Գիտելիքներով չէի զիջում հակառակորդներիս, պարզապես հոգնած էի, լարված, հոգեբանորեն լավ պատրաստված չէի, նաեւ կարծես հաղթելու ձգտում չունենայի: Պետք է միշտ սիրելով խաղալ, այլապես հաղթելն անհնար է:

Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ՙՇախմատային Հայաստան՚, No 50 (1097)

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր