chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Նարեկ Դուրյան. ՙՇԱՏ ԼԱՎ ԽԱՂՈՒՄ ԵՄ ՊԱՐՏԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍԸ ՐՈՊԵՆ, ՈՉ ԱՎԵԼԻՆ...՚

2018-Nov-14
 Նարեկ Դուրյան.  ՙՇԱՏ ԼԱՎ ԽԱՂՈՒՄ  ԵՄ  ՊԱՐՏԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍԸ ՐՈՊԵՆ, ՈՉ ԱՎԵԼԻՆ...՚

ՙՄի րոպե` մի բան ասեմ: Ինչքան լավ կլիներ` մեր ամբողջ ժողովուրդը մեր չեմպիոն տղաների պես շախմատ լավ խաղար, բայց ոչ միայն խաղատախտակի վրա, այլեւ կյանքում՚,- հենց սա կասեր սիրված դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը եթերով շախմատի մասին: Նարեկ Դուրյանի համար շախմատն իրականում ինքնակազմակերպման, դաստիարակչական տարր է, որն իրեն օգնում է սառնասիրտ եւ հավասարակշռված լինել...

- Պարո’ն Դուրյան, ինչպե՞ս եք սկսել շախմատ խաղալ: Սիրո՞ւմ եք այս խաղը:


- Շատ եմ սիրում, խելքս գնում է շախմատի համար, բայց ինձ մոտ այն լավ չի ստացվում: Շախմատը միակ խաղն է, որը ցույց է տալիս իմ էությունը, իմ անհամբեր լինելը: Երբ սկսում եմ խաղալ, պարտիայի առաջին տասը րոպեն շատ լավ եմ խաղում, ոչ ավելին, քանի որ համբերությունս չի հերիքում: Շատ եմ սիրում բլից շախմատը, երբ արագ-արագ, տըկ-տըկ խաղում են:  

Զարմանալի բան է` չեմ կարող ասել, որ ես կարդացած չեմ, ինտելեկտս չի աշխատում, բայց այդ խաղի ընթացքում կարծես մեջս ինչ-որ բան արգելակի: Հնարավոր է, որ այնքան եմ համակրում շախմատը, որ գտնում եմ` իմ խելքի բանը չէ: Շախմատը ինձ համար դիվանագիտություն է, երկու կողմերի բանակցային գործընթաց: Իսկ ես երբեք չէի կարողանա դիվանագետ լինել, հինգ րոպեից կամ ես կծեծեի դիմացինիս, կամ նա ինձ:

Ես շատ փոքր էի, երբ քեռիս ցույց տվեց ինձ ՙմանկական մատը՚: Մենք բավականին շատ էինք խաղում ե’ւ տանը, ե’ւ բակում: Շախմատը հոյակապ խաղ է` նախատեսել, կանխել, կանխամտածել, ստրատեգիա ծրագրել: Շախմատը իրավամբ կյանք է, հայր եւ զավակ, կին եւ տղամարդ, կառավարություն եւ ժողովուրդ հարաբերություն:

Այսօր շախմատը միակ խաղն է, որ համակարգչիս վրա կա, սակայն պարտիաների իննսուն տոկոսը պարտվում եմ: Ի դեպ, հետաքրքիր է, որ ես առաջին անգամ համակարգչով շախմատ եմ խաղացել, երբ 16 տարեկան էի` 40 տարի առաջ: Համակարգիչները նոր էին դուրս եկել, մեր դասարանին տարել էին ֆիզիկայի տուն, որտեղ համակարգիչը մի ամբողջ սենյակի չափ էր: Եվ այսպես էինք խաղում` ես խաղատախտակի վրա կատարում էի քայլը, այն հավաքում էին համակարգչի մեջ,  իսկ համակարգիչը մեզ ՙչեկով՚ տպում եւ տալիս էր իր քայլը: Համակարգիչն ինձ հաղթեց, բայց ես շատ էի տպավորվել:

- Զարմանալի բաներ կա՞ն շախմատում Ձեզ համար:

- Ես միշտ շախմատիստների ուղեղի վրա եմ զարմանում: Հիշում եմ` մի անգամ մշակույթի գործիչներով խաղում էինք չեմպիոնների հետ: Ամեն չեմպիոն մի տասնհինգ հոգի վերցրել էր իրեն, իսկ միանգամից այդքան պարտիա խաղալը համարժեք է մի պիեսի մեջ վեց-յոթ դեր խաղալուն:  

Իմ դեմ խաղացող չեմպիոնը քայլն անում էր ու գնում, երեւի մի կես ժամից գալիս: Ես մտածում էի` այսքան հոգու հետ խաղում է, ինչպես պիտի նկատի իմ արած քայլը, բայց նա գալիս էր, ժպտում ու հասկացնում, որ չեմ կարող իրեն խաբել: Շախմատիստի եւ դերասանի ընդհանրությունն այն է, որ երկուսին էլ ՙֆռացնել՚, խաբել չես կարող, միանգամից կզգան, որ մի բան այն չէ: Ես շուտ պարտվեցի, չնայած ինձնից շուտ դուրս եկողներ էլ եղան: Ամենաերկարը Սոս Սարգսյանը դիմացավ:  

Եթե ինձ նորից առաջարկեն չեմպիոնի հետ խաղալ, ես անպայման կհամաձայնվեմ: Ամբողջ կյանքիս ընթացքում իմ թուլությունը եղել են ու կան խելացի մարդիկ: Խելացի մարդկանց ես ներում եմ ամեն ինչ, չէ՞ որ, որպես կանոն, խելացի մարդիկ անտանելի բնավորություն են ունենում: Ես առանց որեւէ կոմպլեքսի չեմպիոնի հետ կխաղամ, քանի որ ի վերջո շախմատն իմ մասնագիտությունը չէ, նա էլ դերասանության մեջ է թերի լինելու:  

- Այսօր հետեւո՞ւմ եք մեր շախմատիստների ելույթներին:

- Այո, հետեւում եմ: Փոքրուց շատ եմ սիրել Գագիկ Հովհաննիսյանի մեկնաբանությունները, նայել եմ դրանք:  

Առանց կառավարությանը ձոն անելու պետք է ասեմ, որ շախմատին պետությունը շատ լավ է նայում, եթե այլ բաների էլ նման ձեւով լավ նայի, ամեն ինչ կընկնի իր տեղը: Կամ դպրոցական պարտադիր ծրագիրը: Դա հոյակապ մի բան է, որ երեխային կօգնի սառը դատել, նյարդերը վերահսկել:  

Ես երբեք չեմ մտածել լրջորեն շախմատով զբաղվելու մասին, բայց չեք երեւակայի որքան հպարտ էի, երբ մեր հավաքականը չեմպիոն դարձավ: Թող ինձ ներեն մեր հոյակապ բռնցքամարտիկները, ծանրամարտիկները, բայց այսօրվա օրերում, այս սուտ դեմոկրատիայի, թյուրիմացության աշխարհում իմ ազգի` ինտելեկտուալ խաղում չեմպիոն դառնալը ֆանտաստիկ բան է: Շախմատն ապացուցում է, որ մեր բոլոր թերություններով հանդերձ մենք խելացի ազգ ենք: Ամբողջ քարտեզի վրա Հայաստանը գնդասեղի գլխիկի չափ էլ չկա, չի էլ երեւում, հաճախ Հայաստանի տեղը թիվ են գրում, տակը մեկնաբանում, որ այդտեղ Հայաստան անունով պետություն է:  

Մի անեկդոտ կա` չինացին հային հարցնում է` դուք ազգովի ընդամենը մի միլիոն մարդ եք, ո՞ր հյուրանոցում եք բնակվում: Ուրեմն Չինաստանը չեմպիոն չդառնա, ԱՄՆ-ը չդառնա, շախմատի ծննդավայր Հնդկաստանը չդառնա, մե՞նք դառնանք: Այստեղ էլ հո փող չենք տվել, մենք իրոք լավագույնն ենք:  

- Ձեր հայրը` Օհան Դուրյանը, սիրո՞ւմ էր շախմատ խաղալ:

- Հայրս շատ էր սիրում, անչափ: Սակայն շատ վատ էր խաղում: Ես եւ նա նույն խնդիրն ունենք` չափից դուրս անհամբեր ենք: Միասին երբեւէ չենք խաղացել: Ընտանիքումս շախմատ խաղացողներ որպես այդպիսին չկան: Մայրիկիս աշխատանքի տեղը` Սունդուկյանի թատրոնում, շատ էին շախմատ խաղում: Թեեւ տիկնիկային թատրոնում, որտեղ ես աշխատում եմ, շախմատ չեն խաղում, սակայն այսօր ցանկացած այլ թատրոն մտնեք, դերասանները ընդմիջումներին շախմատ են խաղում, իրենց գործն անում են եւ վազում, վերադառնում պարտիային: Նաեւ ժամանակին Սունդուկյան թատրոնից դուրս գալիս կողքի այգիներում ամենուրեք տեսնում էինք շախմատի խաղատախտակներ եւ խաղացող տղամարդկանց:  

Ես երկար տարիներ ապրել եմ Փարիզում, բայց այնտեղի այգիներում երբեք չեմ տեսել, որ երկու ֆրանսիացի շախմատ խաղան: Այլ խաղեր խաղալիս տեսել եմ, բայց շախմատ` ոչ: Իսկ Հայաստանում ամեն բիձա շախմատ է խաղում: Սա մեր ազգի ինդիվիդուալիստ լինելու մասին է խոսում: Մենք սիրում ենք անհատական լինել` մենք ունենանք մեր տախտակի կողմը, մենք մեր ֆիգուրները շարենք, մենք խաղանք:  

Փարիզում ես ինքս էլ շախմատ չեմ խաղացել, միայն հիշում եմ, որ գնում ու նայում էի ուրիշների խաղերին Հայ բարեգործական միության ճատրակի ակումբում: Իմ փոքր տղան մի պահ սկսեց լրջորեն զբաղվել շախմատով, սակայն հինգ-վեց ամիս անց թողեց:  

- Շախմատային որեւէ դրվագ բեմադրե՞լ եք երբեւէ:

- Ոչ, բայց միշտ ուզել եմ բեմադրել Կորչնոյի ՙՀակաշախմատ՚ գիրքը: Այդ գրքում նա պատմում է, թե ինչպես էր ԽՍՀՄ-ն հիպնոսի մասնագետներով, հազար ու մի ձեւերով ազդում նրա վրա, որ նա պարտվի Կարպովին: Եվ նա պարտվեց: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես բեմում կերեւան նրա հոգեկան վիճակը, նրա մտածմունքները:  

Պարտիան եւ բեմադրությունը քիչ առնչություններ ունեն: Մենք հանդիսատեսին արդեն բեմադրված պարտիա ենք ներկայացնում եւ հակառակորդ չունենք: Սակայն ինչ-որ տեղ գիտենք, թե այս մեր քայլին հանդիսատեսը ինչ պատասխան ռեակցիա կտա` կժպտա, կծիծաղի, կհավանի, չի հավանի: Բեմն ու շախմատը տարբեր աշխարհներ են, մեկը էմոցիան է` անպայման խելքով, մյուսը` խելքը` անպայման էմոցիայով: Խելքը եւ զգացմունքը երկու տեղում էլ կան, պարզապես առաջնայնությունը տարբեր բաներին է տրվում:

Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

ՙՇախմատային Հայաստան՚, No 24 (1123), 2014 թ.

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր