chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Տիգրան Պետրոսյանի "ՄԵԾ ՍԵՐԸ"

2017-May-04
Տիգրան Պետրոսյանի "ՄԵԾ ՍԵՐԸ"

Ո՞վ կարող է ավելի հետաքրքիր լինել հայ շախմատասերի համար, քան լեգենդար Տիգրան Պետրոսյանը։ Թե ով է նա, գիտի յուրաքանչյուր հայ։ Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը։ Մարդ, ով իր հաղթանակով վարակեց ամբողջ հայ ազգին «շախմատ հիվանդությամբ»։ Վարակեց այնքան ուժեղ, որ այլևս բուժվել հնարավոր չէ։ Նրա հաղթանակի ու շախմատի պատմության մեջ իր լումայի մասին կարելի է անվերջ խոսել։ Բայց այսօր հերթը նրա կյանքի մեծ ու միակ սիրո մասին է։ Մի կնոջ, ով դարձավ նրա հաջողության գրավականը։

Մրցաշարը դարձավ ճակատագիր

Ռոնա Յակովլևնա Պետրոսյան (Ավինեզեր): 50-ական թվականներին նա զբաղվում էր շախմատով և քանի որ ուներ գեղեցիկ արտաքին տվյալներ, նրանով հետաքրքրված էին շատ գրոսմայստերներ՝ նրանց թվում և Պետրոսյանն ու Գելլերը։ 1952 թվականին Շվեդիայում կայացավ մրցաշար, որտեղ խաղում էին երկուսն էլ։ Մինչ մրցաշարը Ռոնային հարցնում են, թե ում է տեսնում իր կողքին որպես ամուսին, և նա պատասխանում է․

-Մրցաշարը ցույց կտա։

Ստոկհոլմում Պետրոսյանը կես միավորով առաջ է անցնում Գելլերից՝ որոշելով Ռոնայի և իր ճակատագիրը։ Բայց դա ընդամենը գեղեցիկ պատմություն է, որովհետև ավելի ուշ Ռոնա Յակովլևնան խոստովանում է, որ նրանց ընտանիքը կազմվել է մինչ այդ մրցաշարը։

 

Տեղափոխություններ

Ամուսնությունից հետո Պետրոսյանն ու կինը ապրում էին փոքրիկ երկու սենյականոց բնակարանում։  Աշխարհի ապագա չեմպիոնը «Սպարտակ» ակումբի անդամ էր։ Եվ ահա մի օր նրան առաջարկում են տեղափոխվել «ЦСКА»՝ խոստանալով ավելի լավ պայմաններ։ Այդ ժամանակ շախմատը բավական հանրաճանաչ էր գեներալների ու մարշալների շրջանում։ Պետրոսյանին առաջարկում են միանգամից 4 սենյականոց բնակարան։

-Ի՞նչ կա այդտեղ մտածելու, իհարկե համաձայնվիր,-ասում է կինը,-պատկերացնու՞մ ես, դու առանձին աշխատասենյակ կունենաս․ ֆանտաստիկ է։

-Այսօր ես ավելի լավ բնակարանի համար տեղափոխվեմ «Սպարտակից «ЦСКА», իսկ վաղը ավելի լավ կնոջ համար քեզնից ուրիշի մո՞տ։ Ինչպե՞ս ես դու դրան նայում։

Այս խոսակցությունից հետո Ռոնան այլևս չպնդեց իր ասածն ու ինքը սկսեց զբաղվել նոր բնակարանով։

 

Պետրոսյանի կինը ազատել էր նրան առօրյա բոլոր հոգսերից՝ թողնելով միայն շախմատը։ Շախմատիստի ընկերներից մեկը, ով հաճախ էր այցելում նրան դեռ ոչ այնքան լավ պայմաններում՝ այցելելով նրան ամուսնությունից մեկ տարի անց արդեն նոր ու ընդարձակ բնակարան՝ զարմանում է։ Կոտովին հանդիպելով՝ նա հարցնում է․

-Ինչպե՞ս Պետրոսյանին հաջողվեց փոխել իր համեստ բնակարանն այդքան մեծ դղյակի հետ։

-Պետրոսյանը կարողանում է միայն փղերին ձիերի հետ փոխել։ Մնացած ամեն ինչ փոխում է նրա կինը։

Պետրոսյանի անփոխարինելի հոգեբանը

Երիտասարդ տարիքում Ռոնան լրացրել էր առաջին կարգ և, ի տարբերություն մյուս գրոսմայստերների կանանց, շատ լավ հասկանում էր խաղատախտակին տեղի ունեցածը։ Դա թույլ էր տալիս նրան լինել ոչ միայն Պետրոսյանի ընկերը, այլև հոգեբանը։ Օրինակ, իմանալով, որ ամուսինն այնքան էլ վստահ չի զգում բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու պատճառով, նա համոզում է նրան արդեն բավականին հասուն տարիքում հանձնել քննություններ, այնուհետև պաշտպանել թեզ, որի թեման շախմատային էր և դառնալ գիտությունների թեկնածու։

Հետաքրքիր դեպք է պատմել Ալեքսանդր Ռոշալը։ 1969 թվականին շախմատային գահի համար Սպասսկիի հետ պայքարի 14-րդ խաղում Պետրոսյանը ձեռքից բաց է թողնում ձեռքում եղած հաղթանակը, ինչը, բնականաբար, շատ է ընկճում նրան։

Երեկոյան Ռոշալը գնում է չեմպիոնին հյուր և «բռնացնում» նրան այս ու այն կողմ գնալիս, հաբեր փնտրելիս և բժիշկներին զանգելիս։ Պարզվում է՝ Ռոնայի մոտ ուժեղ միգրեն է։ Երբ Ռոշալը մտնում է ննջասենյակ և տեսնում կնոջը պառկած ճակատին թաց սրբիչով՝ չի դիմանում և ասում է․

-Ռոնա Յակովլևնա, Տիգրանը այնպես էլ շատ է տանջվում այդ խաղի ձեռքը, հիմա էլ Դուք Ձեր գլխով։

Հիվանդը բարձրացնում է սրբիչը և խորամանկ շշնջում․

-Ալիկ, մի՞թե ոչինչ չեք հասկանում։

 

Այո, դա հիանալի հոգեբանական հնարք էր՝ շեղել ամուսնուն չստացված խաղից տարած սթրեսից և ժամանակ տալ զբաղվելու սիրելի կնոջով։ Իսկ հաջորդ օրը Պետրոսյանը խաղում էր հանգիստ ու վստահ, կարծես թե չէր էլ կորցրել այդ կես միավորը։

Որդիները

Տիգրան և Ռոնա Պետրոսյանների ամուսնությունից ծնվում է նրանց որդին՝ Վարդանը։ Միխայիլը՝ Ռոնայի առաջին ամուսնությունից ծնված երեխան՝ նույնպես նրանց ընտանիքի մի մասն էր։ Մի օր նա ասում է․ «Հայրիկը միտք չուներ դառնալ աշխարհի չեմպիոն։ Մայրիկը նրան ստիպեց»։

 

Շարունակելի․․․

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր