chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Տեղի ունեցավ Հայաստանի վետերանների արագ շախմատի թիմային միջմարզային գավաթի խաղարկությունը

2017-Aug-28
Տեղի ունեցավ Հայաստանի վետերանների արագ շախմատի թիմային միջմարզային գավաթի խաղարկությունը

Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Օգոստոսի 26-ին և 27-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ Հայաստանի վետերան շախմատիստների արագ շախմատի թիմային միջմարզային գավաթի խաղարկությունը: Մրցաշարին մասնակցեցին Երևանի 2 թիմ և մեկական թիմեր Արմավիրից, Կոտայքից, Տավուշից, Արարատից, Սյունիքից, Արագածոտնից ու Գեղարքունիքից: Մրցաշարում տեղերը որոշվում էին ըստ թիմային միավորների՝ հաղթանակի համար 2 միավոր, ոչ-ոքիի՝ 1 միավոր, իսկ պարտության դեպքում 0 միավոր: Մրցաշարի ժամակարգն էր ՝ յուրաքանչյուր կողմին 10-ական րոպե մինչև խաղի ավարտը, առաջին քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Մրցաշարում հաղթողի կոչումը նվաճեց «Երևան 2» թիմը, որը տարավ 7 թիմային հաղթանակ և միայն մեկ մրցախաղ ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Հաղթող թիմի կազմում հանդես էին գալիս Մուշեղ Մինասյանը, Վահան Դիմաքսյանը, Գարիկ Խաչատրյանը և Անդրանիկ Վ. Աբրահամյանը: Արմավիր մարզի թիմը, որի կազմում էին հանդես էին գալիս Ռոման Հակոբովը, Խաչատուր Մեսրոպյանը, Անդրանիկ Դ. Աբրահամյանը և Արմեն Աբրահամյանը 13 թիմային միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Կոտայքի մարզի թիմը՝ Միքայել Մարտիրոսյան , Ֆելիքս Բեկնազարյան, Արամ Իսկանդարյան և Սարգիս Տեր-Մկրտչյան կազմով, եզրափակեց լավագույն եռյակը: