chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Արշակ Պետրոսյան

Արշակ Պետրոսյան

 

Արշակ Բագրատի Պետրոսյան (ծնվել է 1953-ի դեկտեմբերի 16-ին, Երևանում), հայ (նախկինում` խորհրդային) շախմատիստ, մարզիչ, գրոսմայստեր (1984)։ 1975-ին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը, մասնագիտությամբ փիլիսոփա է, փիլիսոփայական գիտությունների թեկնածու։

 

 

Պարգևներ և մրցանակներ

 

Մովսես Խորենացու մեդալ (2006)

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ (2008)

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2012)

 

Մրցաշարեր

 

1973-ին Պլոեշտիում (Ռումինիա) կայացած պատանեկան մրցաշարի հաղթող։ 1985-ի ԽՍՀՄ առաջնության մասնակից, 1975-ից Հայկական ԽՍՀ հավաքականի կազմում` ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի մասնակից։ Հայաստանի կրկնակի չեմպիոն (1974, 1976)։ Հայաստանի հավաքականի կազմում որպես մարզիչ և պահեստային խաղացող 1999-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1992-ին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր։ 1996-ից մինչ օրս Հայաստանի հավաքականի մարզիչն է, որի հետ երեք անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն (2006, 2008, 2012), իսկ 2011-ին` աշխարհի թիմային առաջնության հաղթող։

 

Լավագույն արդյունքները այլ միջազգային մրցաշարերում.

 

Երևան (1980)` 1—2-րդ տեղ

Ալբենա (1980)` 1-ին տեղ

Լվով (1980)` 3-րդ տեղ

Բանյո (1981)` 1-ին տեղ

Բանյո (1982)` 2—3-րդ տեղ

Նովի Սադ (1983)` 1—3-րդ տեղ

Երևան (1984)` 1-ին տեղ

Երևան (1986)` 7—9-րդ տեղ

Տունխա (1987)` 1—2-րդ տեղ

Բուդապեշտ (1987)` 2—6-րդ տեղ (379 մասնակից)

Հարարե (1988)` 1-ին տեղ

Նովի Սադ (1988)` 3—10-րդ տեղ

Դորտմունդ (1990)` 1-ին տեղ

Էկլո (1991)` 3—4-րդ տեղ

Վալ Տորենս (1992)` 1—5-րդ տեղ

Պտույ (1993)` 1-ին տեղ

Լիպշտադ (1993)` 3—7-րդ տեղ

Դորտմունդ (1999, «B» մրցաշար)` 3—4-րդ տեղ

Դորտմունդ (2000, «B» մրցաշար)` 2—4-րդ տեղ

2000-ից որպես շախմատիստ մրցաշարերի չի մասնակցում։

 

 

Մարզչական գործունեություն

 

1996-ից Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչն է։ Նրա գլխավորությամբ թիմը հասել է աննախադեպ նվաճումների` դառնալով օլիմպիական եռակի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

 

2006-ի հունիսին նրա գլխավորությամբ Լևոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Կարեն Ասրյան, Սմբատ Լպուտյան, Գաբրիել Սարգսյան և Արտաշես Մինասյան կազմով հավաքականը դարձավ Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ Այդ հաղթանակի համար նա և թիմի անդամները պարգևատրվեցին Մովսես Խորենացու մեդալով։

 

Երկու տարի անց Հայաստանի հավաքականը Դրեզդենում կրկնեց իր հաջողությունը` դառնալով 38-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն։ Այդ հաղթանակի համար Արշակ Պետրոսյանը և թիմի անդամներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արտաշես Մինասյանը, պարգևատրվեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

 

2012-ի սեպտեմբերին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Արշակ Պետրոսյանը և գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը երրորդ անգամ հաղթեցին համաշխարհային օլիմպիադայում։ Այդ հաղթանակի համար Արշակ Պետրոսյանը և Լևոն Արոնյանը ՀՀ նախագահի 2012-ի սեպտեմբերի 10-ի հրամանագրով պարգևատրվեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

ՖԻԴԵ-ի մարզչական խորհրդի որոշմամբ Արշակ Պետրոսյանը երկու անգամ` 2008-ին և 2011-ին ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիչ և նրան շնորհվել է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ։

 

Վերջին տարիներին հիմնականում ապրում է Հունգարիայում, որտեղ մարզում է գրոսմայստեր Պետեր Լեկոյին։

 

Ընտանիքը

 

Կինը` Մարինա Սաֆարյան

Դուստրը` Սոֆյա Պետրոսյանը, հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոյի կինն է

 

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր