chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լևոն Արոնյան

Լևոն Արոնյան

 

Լևոն Արոնյան (ծնվել է 1982-ի հոկտեմբերի 6-ին, Երևանում), հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր։ 2005-ի աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2006-ի և 2007-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն։ 2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու)։ Երկու տարի անընդմեջ` 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։ 2013-ի օգոստոսի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է (2813)։

 

Պարգևներ և մրցանակներ

 

մրցանակներ Մովսես Խորենացու մեդալ (2006)

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ (2008)

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2012)

 

 

Կենսագրություն

 

Հայրը՝ Գրիգորի Արոնովը, ֆիզիկոս-բյուրեղագետ է, մայրը՝ Սեդա Արոնյանը, լեռնային ճարտարագետ։ Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում` իր քույր Լիլիթից։ Մանկության տարիներին` 1990—1997-ին, նրա մարզիչը եղել է ներկայումս գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը։ Ըստ Խաչիյանի` երբ Լևոնը դարձավ գրոսմայստեր, նրան արդեն անհրաժեշտ էր ավելի բարձրակարգ մարզիչ։ Հենց այդ դերն էլ ստանձնեց գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, որի հետ պարապմունքների ժամանակ Արոնյանը յուրացրել է շախմատի բազմաթիվ նրբություններ։

 

 

Մինչև 1999-ը[խմբագրել]

1994-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքում Լևոնը դարձավ մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Այդ առաջնությունում նա իրենից հետ թողեց ապագա բարձրակարգ գրոսմայստերներ Էթիեն Բաքրոյին (Ֆրանսիա), Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա), Ֆրանսիսկո Վալիեխոյին (Իսպանիա) և Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան)։ Այդ առաջնությունում հաղթելու համար Արոնյանին շնորհվեց ՖԻԴԵ-ի վարպետի կոչում։

 

1995-ին Փարիզում Արոնյանը հաղթեց մինչև 14 տարեկանների արագ շախմատի աշխարհի առաջնությունում։

 

1996-ին հաղթեց Իսպանիայում կայացած մինչև 14 տարեկանների աշխարհի առաջնությունում։

 

Նույն թվականին նա դարձավ միջազգային վարպետ։

 

1997-ին Արոնյանը նվաճեց «Կասպարովի գավաթը»։

 

1999—2000

 

1999-ին դարձավ Հայաստանի փոխչեմպիոն և ընդգրկվեց Հայաստանի հավաքականի կազմում, որը Բաթումում դարձավ Եվրոպայի չեմպիոն։

 

2000-ին նրան շնորհվեց գրոսմայստերի կոչում։

 

2001—2002

 

2001-ից ապրում է Գերմանիայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանը, որը համարում է իր հայրենիքը. «Գերմանիայում ինձ լավ եմ զգում, սակայն... դա իմ հայրենիքը չէ։

 

2001-ին Լևոնը դարձավ Հայաստանի առաջնության երկրորդ մրցանակակիր։

 

2001-ին Հունաստանում, իսկ 2002-ին` Հնդկաստանում նա երկու անգամ նվաճեց մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը։

 

2003—2004

 

2003-ին դարձավ Ֆիշերի շախմատի (շախմատ 960) գծով Մայնցի մրցաշարի հաղթող։

 

2004-ին Թուրքիայում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում արժանացավ բրոնզե մեդալի։

 

Նույն թվականին Իտալիայի Կալվիա քաղաքում կայացած համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի կազմում նվաճեց թիմային բրոնզե մեդալ։

 

2005

 

2005-ին Հիկարու Նակամուրայի և Բորիս Ավրուխի հետ համատեղ հաղթեց Ջիբրալթարի մրցաշարում, իսկ Ստեփանակերտի մրցաշարում դարձավ միանձնյա հաղթող` առաջ անցնելով նույն Նակամուրայից և ուկրաինացի Վասիլի Իվանչուկից։ Այդ հաղթանակներով սկսվեց Արոնյանի վերելքը և նա ներխուժեց շախմատային էլիտա։

2005-ի դեկտեմբերին նա հասավ իր կարիերայի առայժմ ամենամեծ նվաճմանը` Խանտի Մանսիյսկում նվաճեց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը։ Այդ մրցաշարի եզրափակչում նա 3—1 (0,5—0,5, 0,5—0,5, 1—0, 1—0) հաշվով առավելության հասավ Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ։ Այդ հաղթանակը նրան հնարավորություն ընձեռեց պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցամարտերում։ 2007-ին առաջին մրցամարտում նա 7—5 հաշվով առավելության հասավ նորվեգացի Մագնուս Կառլսենի, իսկ երկրորդում 3,5—2,5 հաշվով` Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովի նկատմամբ և նվաճեց հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք։ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կայացած այդ մրցաշարում Արոնյանը հանդես եկավ վատառողջ վիճակում, ցույց տվեց ոչ այնքան լավ արդյունք և զբաղեցրեց նախավերջին` 7-րդ տեղը։

Մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն մարզիկ։

 

2006

 

Աշխարհի գավաթը նվաճելուց հետո Արոնյանին սկսեցին հրավիրել մասնակցելու գերմրցաշարերին։ Այդպիսի առաջին մրցաշարը հոլանդական Վեյկ ան Զեյում կայացած 19-րդ կարգի մրցաշարն էր, որտեղ Արոնյանը վաստակեց միավորների կեսը և 14 մասնակիցների մեջ բաժանեց 7—9-րդ տեղերը։

2006-ի մարտին նա գերազանց հաղթանակ տարավ Լինարեսի (Իսպանիա) 20-րդ կարգի ուժեղագույն մրցաշարում` 14 հնարավորից վաստակելով 8,5 միավոր (+5–2=4)։ Նա առաջ անցավ մի շարք ուժեղագույն գրոսմայստերներից, այդ թվում` ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոն Վեսելին Տոպալովից։

Հունիսին Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Սմբատ Լպուտյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ դարձավ Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ Այդ հաղթանակի համար նա և թիմակիցները պարգևատրվեցին Մովսես Խորենացու մեդալով։

Գերմանիայի Մայնց քաղաքում Պյոտր Սվիդլերի հետ եզրափակիչ մրցախաղում նվաճեց «Շախմատ—960»-ի (Ֆիշերի շախմատ) աշխարհի չեմպիոնի կոչումը։

Տարեվերջին Լևոնը Մոսկվայում կայացած Տալի հուշամրցաշարում ևս երկու գրոսմայստերի հետ բաժանեց 1—3-րդ տեղերը։

Մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն մարզիկ։

 

2007

 

Հունվարին կայացած Վեյկ ան Զեյի ավանդական մրցաշարում Արոնյանը կրկին բաժանեց 1—3-րդ տեղերը։

Երևանում արագ շախմատի ընկերական մրցախաղ անցկացրեց աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ և հաղթեց 4–2 հաշվով։

Գերմանիայի Մայնց քաղաքում Վիշվանաթան Անանդի հետ եզրափակիչ մրցախաղում պաշտպանեց «Շախմատ—960»-ի (Ֆիշերի շախմատ) աշխարհի չեմպիոնի կոչումը։

 

2008

 

Հունվարին կայացած Վեյկ ան Զեյի ավանդական մրցաշարում Արոնյանը նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ բաժանեց 1—2-րդ տեղերը` լրացուցիչ ցուցանիշներով դառնալով հաղթող։

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայացած «Ամբեր—2008» «կույր» և արագ շախմատի ավանդական մրցաշարում հաղթող դարձավ երկու ձևերում էլ և հռչակվեց ամբողջ մրցաշարի բացարձակ հաղթող։

Հաղթեց Սոչիում կայացած ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի մրցաշարում։

Հայաստանի հավաքականը Դրեզդենում կրկնեց 2006-ի իր հաջողությունը` դառնալով 38-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն։ Այդ հաղթանակի համար Արոնյանը և թիմի մյուս անդամները` Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արտաշես Մինասյանը, պարգևատրվեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

 

 

 

2009

 

Նիցցայում Արոնյանը կրկնեց նախորդ տարվա հաջողությունը` դառնալով «Ամբեր—2009» «կույր» և արագ շախմատի ավանդական մրցաշարի բացարձակ հաղթող։

Հաղթեց Նալչիկում կայացած ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի մրցաշարում։

Ջերմուկում կայացած ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի մրցաշարում բաժանեց 2—3-րդ տեղերը և ժամկետից շուտ հռչակվեց Մեծ մրցանակի հաղթող։

Բիլբաոյում դարձավ «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի հաղթող։

 

2010

 

2010-ի նոյեմբերին Մոսկվայում դարձավ Միխայիլ Տալի հուշամրցաշարի հաղթող, մի քանի օր անց կրկին Մոսկվայում դարձավ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն։ Տալի 5-րդ հուշամրցաշարը առաջինն էր, որին Արոնյանը մասնակցեց Էլոյի վարկանիշի 2800 միավորը հաղթահարելուց հետո։

 

2011

 

Մոնտե Կառլոյում դարձավ «Ամբեր—2011» «կույր» և արագ շախմատի ավանդական մրցաշարի հաղթող։

Դառնալով ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի (2008—2010) հաղթող` Արոնյանն իրավունք նվաճեց մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցամարտերին։ 2011-ի մայիսին Ռուսաստանի Կազան քաղաքում մասնակցեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերին, որտեղ ութ գրոսմայստերներ վիճարկում էին աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ մրցախաղ անցկացնելու իրավունքը։ Արոնյանի առաջին մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն էր։ Հիմնական չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ արագացված ժամակարգով լրացուցիչ պարտիաներում հայ շախմատիստը 1,5—2,5 հաշվով տանուլ տվեց և դուրս մնաց հետագա պայքարից։

 

2011-ի հուլիսի 17—26-ին Չինաստանի Նինբո քաղաքում Հայաստանի հավաքականի կազմում (Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան) դարձավ աշխարհի թիմային առաջնության հաղթող։

 

2012

 

Հունվարին դարձավ Վեյկ ան Զեյի ավանդական մրցաշարի հաղթող։

 

2012-ի սեպտեմբերին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում թիմակիցներ Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի և Տիգրան Լ. Պետրոսյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում երրորդ անգամ հաղթեց համաշխարհային օլիմպիադայում։ Այդ հաղթանակի համար Լևոն Արոնյանը ՀՀ նախագահի 2012-ի սեպտեմբերի 10-ի հրամանագրով պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

 

 

 

 

 

2013

 

2013-ի մարտի 14-ից ապրիլի 1-ը Լևոն Արոնյանը Լոնդոնում մասնակցեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն էին Մագնուս Կառլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Թեյմուր Ռաջաբովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վասիլի Իվանչուկը, Պյոտր Սվիդլերը և Բորիս Գելֆանդը։ Մրցաշարի հաղթողն իրավունք էր ստանալու աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցելու հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ։ Այդ մրցաշարում նրա մարտավկաներն էին գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը։ Չափազանց հաջող անցկացնելով առաջին խաղաշրջանը (3 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 1—2-րդ տեղեր)` երկրորդում Լևոնը կրեց երեք պարտություն և կորցրեց առաջատարի դիրքերը։ Մրցաշարում նա ընդամենը տարավ հինգ հաղթանակ (երկուական անգամ Իվանչուկի և Ռաջաբովի նկատմամբ, մեկ անգամ` Գելֆանդի), կրեց երեք պարտություն (Գելֆանդից, Սվիդլերից և Կրամնիկից), վեց պարտիա ավարտեց ոչ-ոքի և 8 միավորով Սվիդլերի հետ բաժանեց 3—4-րդ տեղերը։ Մրցաշարում 8,5 միավորով հաղթեց նորվեգացի Մագնուս Կառլսենը` լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով Կրամնիկից։ Մրցաշարում Լևոնը 5 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։

 

2013-ի ապրիլին Արոնյանը մասնակցեց աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարին, որի առաջին հատվածը կայացավ Փարիզում, իսկ երկրորդը` Սանկտ Պետերբուրգում։ 9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր` Լևոնը իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ բաժանեց 1-ին տեղը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց հաղթող։

 

Օգոստոսին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում Արոնյանը մասնակցեց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի հերթական խաղարկությանը։ 128 շախմատիստներ նոկաուտ համակարգով վիճարկում էին աշխարհի գավաթակրի կոչումը, ինչպես նաև հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր։ Արոնյանն այդպիսի ուղեգիր ուներ անկախ այս մրցաշարում ցույց տված աևդյունքից, սակայն այդ իրավունքը հաստատելու համար պարտադիր պետք է խաղար մրցաշարում։ Այն անհաջող դասավորվեց հայ գրոսմայստերի համար, որը 1/16 եզրափակչում զիջելով ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկուն, դուրս մնաց պայքարից։

 

Անձնական կյանքը

 

Լևոն Արոնյանի ընկերուհին Ավստրալիան ներկայացնող կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլին է։ Նրանք ծանոթացել են 1996-ին` աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, իսկ ընկերություն սկսել են անել 2006-ից։ Ուշագրավ է 2006-ին Թուրինում համաշխարհային օլիմպիադայի օրերին տեղի ունեցած հետևյալ միջադեպը. անգլիացի գրոսմայստեր Դեննի Գորմելլին բռունցքներով հարձակվել էր Լևոն Արոնյանի վրա, երբ նա և Արիաննեն պարում էին պարասրահում։ Պատճառը, ամենայն հավանականությամբ, խանդն էր։

 

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր