chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մաքս Էյվե

Մաքս Էյվե

    (1901 - 1981) Ծնվել է Ամստերդամում:  1935 թ. պարտության մատնելով Ալյոխինին՝ հռչակվել է աշխարհի 5-րդ չեմպիոն: Մաթեմատիկական գիտությունների դոկտոր: Էյվեն աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքում է եղել մինչև 1940 թվականի վերջերը,  իսկ կարիերայի ավարտից հետո լրջորեն զբաղվել է ինֆորմատիկայով: Նրա խաղը առանձնանում էր իր լոգիկայով և քայլերի հստակ հաշվարկով: Նրա գրչին են պատկանում բազմաթիվ գրքեր, այդ թվում շախմատային դասագրքեր և դեբյուտների տեղեկագրեր:

   Էյվեն ծնվել է 1901թ. մայիսի  20-ին ուսուցչի ընտանիքում: Նրա հայրը դասավանդում էր եկեղեցական դպրոցի տարրական դասարաններում, այնուհետև բարձր աշխատավարձի համար տեղափոխվում է քաղաքային դպրոց, որտեղ ուսուցանում է նաև դաշնամուր և ջութակ: Երաժշտությունից բացի Էյվե ամուսինները տարված էին նաև շախմատով և շաբաթը մեկ անգամ իրենց տանը կազմակերպում էին մրցաշար ընկերների համար: Այս ամենի շնորհիվ էլ փոքրիկ Մաքսը չորս տարեկան հասակում բավականին մտածված և խելացի շախմատ էր խաղում: Փոքր տարիքում նա խաղում էր Ամստերդամի երիտասարդական ակումբում , որտեղ տարիքային խումբը 16-23 –ն էր, բայց բացառության կարգով նա ընդունվեց  այդ ակում տասներկու տարեկանում: Ունենալով մեծ սեր և հետաքրքրություն նաև մաթեմատիկայի հանդեպ՝ Էյվեն, 1918 թ. ավարտելով դպրոցը, ընդունվում է Ամստերդամի  համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ՝ զուգահեռ մասնակցելով նաև շախմատային մրցաշարերին:

    1920 թվականին  աշխարհի չեմպիոն Լասկերը մասնակցում էր Ամստերդամում կազմակերպված մրցաշարին, որտեղ Մաքս Էյվը հաղթանակ է տանում նրա նկատմամբ:  Դրան հաջորդում են արտասահմանյան մի շարք մրցաշարեր, որտեղ նա այդքան էլ հաջող ելույթներ չի ունենում և որոշում է իր ժամանակի մեծ մասը տրամադրել մաթեմատիկային: 1923 թվականին Էյվեն  ավարտում է համալսարանը և 1924 թվականի առաջին կեսը զբաղեցնում  ուսուցչի պաշտոնը դպրոցներից մեկում, իսկ 1926 թվականին, պաշտպանելով դոկտորական թեզը, աշխատանքի է անցնում Ամստերդամի կանանց գիմնազիայում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ և իր պաշտոնում մնում մինչև 1940 թվականը՝ շախմատի մրցաշարերին մասնակցելու համար որոշ ընդհատումներով:  1933 թվականին, հաղթելով երկրի հերթական մրցաշարերից մեկը, Էյվեն հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին՝ գիտությունով ավելի լուրջ զբաղվելու համար: Սակայն ընդամենը մեկ տարի անց վերադառնալով՝ նա Ալեխինին կանչում է 30 խաղից բաղկացած մրցաշարի, աշխարհի չեմպիոնի կոչման համար: Բավականին թեժ պայքարի արդյունքում Էյվեն վաստակում է շախմատի աշխարհի հինգերորդ չեմպիոնի կոչումը: Սակայն սա այդքքան էլ երկար չտևեց: Պատասխան մրցաշարը տեղի ունեցավ 1937 թվականին, որի արդյունքում Ալյյոխինը ետ վերադարձրեց իր կորցրածը:

    Մաքս Էյվեն ապրեց ութսուն տարի: Նա մահացավ 1981թ. նոյեմբերի  26-ին: Նրա հիշատակին Ամստերդամի կենտրոնում բացվեց հրապարակ, որտեղ գտնվում է նրա անվան կենտրոնը՝ շախմատների և գրքերի մեծ հավաքածույով: 2004 թվականին կենտոնի հենց դիմաց տեղադրվեց նաև նրա կիսանդրին: