chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Տիգրան Նալբանդյան

Տիգրան Նալբանդյան

Տիգրան Վահանի Նալբանդյան (հունիսի 5, 1975, Երևան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2004), մարզիչ։ Որպես Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ՝ դարձել է Թուրինի համաշխարհային օլիմպիադայի (2006) հաղթող։

Շախմատիստի գործունեություն

1984-1993 թթ եղել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի բազմակի չեմպիոն։

1985-1988 թթ եղել է ԽՍՀՄ «Դինամո» մարզական ընկերության կանանց աշխարհի չեմպիոն Մայա Չիբուրդանիձեի անվան համամիութենական դպրոցի դասընթացների ամենակրտսեր մասնակիցը։

1990թ․ հաղթել է Մոսկվայում կայացած ԽՍՀՄ տարածքում պատանիների առաջին միջազգային մրցաշարում` Բելավենեցի հուշամրցաշարում։

1991թ․ Ալմա Աթայում դարձել է ԽՍՀՄ մինչև 16 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր։ Ելույթ է ունեցել մինչև 18 տարեկանների ԽՍՀՄ առաջնության եզրափակիչ փուլում։ Արժանացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչման։

1992 և 1993 թվականներին Մոսկվայի միջազգային մրցաշարում երկու անգամ լրացրել է միջազգային վարպետի նորմա:

1992թ․ Հայաստանը ներկայացրել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում, իսկ 1994-ին և 1995-ին մասնակցել է նույն տարիքային խմբի աշխարհի առաջնությանը։

1996թ․ Հայաստանի 2-րդ հավաքականի կազմում մասնակցել է Երևանում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադային` 11 հնարավորից վաստակելով 5 միավոր։

1993թ․ Սմբատ Լպուտյանի և Գիորգի Բագատուրովի հետ բաժանել է 2-3-րդ տեղերը՝ Պրոտվինոյում կայացած աշխարհի տղամարդկանց առաջնության փնջային մրցաշարում` իրավունք նվաճելով մասնակցելու աշխարհի առաջնության միջփնջային մրցաշարին, նաև 1 միավորով գերակատարելով միջազգային վարպետի նորման։

Նույն թվականին Վոսկրեսենսկի միջազգային մրցաշարում ևս մեկ անգամ գերակատարել է միջազգային վարպետի նորման և ՖԻԴԵ-ի կողմից արժանացել այդ կոչմանը։

1996թ․ Երևանում կայացած միջազգային բաց մրցաշարում բաժանել է 3-րդ տեղը։

1998թ․ Երևանում նվաճել է Հայաստանի փոխչեմպիոնի կոչումը` 9 հնարավորից վաստակելով 6 միավոր։ Այդ առաջնությունում նա առաջին անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա:

2000թ․ Թեհրանի բաց մրցաշարում բաժանել է 1-6-րդ տեղերը։

2002թ․ Դորտմունդում (Գերմանիա) նա դարձել է Schachtage Dortmund բաց մրցաշարի հաղթող, իսկ 2003-ին ևս երկու անգամ լրացրել է գրոսմայստերական նորմա` Կապել լա Գրանդում (Ֆրանսիա) և Ալուշտայում (Ուկրաինա) կայացած մրցաշարերում։ Վերջին մրցաշարում Նալբանդյանը դարձել է միանձնյա հաղթող։ 2004թ․ ՖԻԴԵ-ն Նալբանդյանին շնորհել է միջազգային գրոսմայստերի կոչում։

Նույն թվականին 3-րդ տեղն է բաժանել Երևանում կայացած Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում։

2007թ․ Լև Գուտմանի և 2010-ին Թոմաս Հենրիխի ու Միխայիլ Զայցևի հետ դարձել է Դորտմունդի ավանդական մրցաշարի հաղթող։

Կարիերայի ընթացքում առավելագույն անհատական վարկանիշը եղել է 2005 թ․-ի հոկտեմբերին` 2527։ Այդ պահին նա Հայաստանի շախմատիստների շարքում 11-րդն էր։

Մարզչական գործունեություն

Մարզչական գործունեությունը սկսել է 2001թ․` համալրելով աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի մարզչական շտաբը, որտեղ աշխատում է մինչ օրս։ Նրա հետ մասնակցել է տարբեր մրցախաղերի, մրցաշարերի, կարևորագույն շախմատային միջոցառումների և մարզական հավաքների։

2004-2008թթ եղել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչը, որի հետ մասնակցած թիմային մրցաշարերից 4-ում վերադարձել է մեդալներով. 2004` համաշխարհային օլիմպիադա (Մալյորկա, Իսպանիա)` «բրոնզ», 2005` աշխարհի թիմային առաջնություն (Բեեր Շևա, Իսրայել)` «բրոնզ», 2006` համաշխարհային օլիմպիադա (Թուրին, Իտալիա)` «ոսկի», 2007` Եվրոպայի թիմային առաջնություն (Կրետե, Հունաստան)` «արծաթ»: 2006թ․-ի օլիմպիադայում հաղթելու համար Տիգրան Նալբանդյանն ու հավաքականի մյուս անդամները պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով։

2009թ-ին եղել է Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ, որի հետ պատանիների համաշխարհային օլիմպիադայում նվաճել է բրոնզե մեդալ։

Տիգրան Նալբանդյանը նաև անվանի տարբեր շախմատիստների մարզիչն է. 2006-ից` Զավեն Անդրիասյանի, 2009-ից` Սամվել Տեր-Սահակյանի, 2010-ից` Հովհաննես Գաբուզյանի և Ռոբերտ Աղասարյանի, 2003-2006 և 2011-ին` Էլինա Դանիելյանի, 2009-2011-ին` Վահե Բաղդասարյանի (այդ ժամանակահատվածում Վահե Բաղդասարյանը լրացրել է 4 միջազգային նորմա` 2-ը միջազգային վարպետի և 2-ը միջազգային գրոսմայստերի)։

Ներկայումս Տ․ Նալբանդյանը մարզիչ է աշխատում Երևանի «Կաիսա» շախմատի դպրոցում։