chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Էլինա Դանիելյան

Էլինա Դանիելյան

Էլինա Դանիելյանը (հայ շախմատիստուհի, գրոսմայստեր (2010թ․))ծնվել է 1978թ․ օգոստոսի 16-ին  Բաքվում։ Շախմատ խաղալ նրան սովորեցրել է հայրը, երբ նա 5 տարեկան էր։ 2 տարի անց Էլինան սկսել է հաճախել Ռաֆայել Սարկիսովի գլխավորած շախմատի խմբակ։ Սկզբում նա դեմ է եղել ծնողների այդ գաղափարին, բայց,  հայրիկի համառության շնորհիվ, շարունակել  է շախմատի ուղին։

Էլինան բավականին հանգիստ երեխա է եղել, խելացի և լուրջ։ Սիրած զբաղմունքը եղել է գրքերի հետ խաղալ, նկարել, կարդալ։ 4 տարեկանում կարողանում էր արդեն կարդալ։ Դպրոցում սովորել է գերազանց։

1988թ․ Ղարաբաղյան շարժման հետևանքով Էլինայի ընտանիքը ստիպված Բաքվից տեղափոխվել  է Երևան, որտեղ նա շարունակել է իր պարապմունքները Տիգրան Պետրոսյանի անվան դպրոցում՝ Հովիկ Խալիկյանի գլխավորությամբ։ 8 տարեկանում լրացրել է 1-ին կարգը։ Արդեն 15 տարեկանում դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ 16-ում՝ ստացել գրոսմայստերի կոչում կանանց շրջանում։

Նվաճումներ

1992թ․Էլինան համալրել  է Հայաստանի կանանց հավաքականի շարքերը։

Նույն թվականին  մինչև 14 տարեկան, իսկ 1993-ին մինչև 16 տարեկան  աղջիկների  խմբում դարձել է աշխարհի չեմպիոն :

1994թ․-ից  կանանց միջազգային գրոսմայստեր է ։ Նույն թվականից  մինչ օրս  խաղում է ՀՀ կանանց  Ազգային հավաքականի առաջին տախտակում:  

2001թ․-ին նվաճել է  Եվրոպայի կանանց արագ շախմատի  չեմպիոնի տիտղոսը։ 

2003թ․խաղալով առաջին տախտակին՝ Եվրոպայի խմբային առաջնությունում Հայաստանին պարգևել է ոսկե, իսկ 2007թ․-ին բրոնզե մեդալ։

2003-ին ճանաչվել է Հայաստանի  տարվա լավագույն մարզիկ և ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել   «Մովսես Խորենացի»  մեդալով   : 

2006թ․-ին երևանյան «Միկա» ակումբի կազմում  դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության չեմպիոն ։ Միկայի կազմում տարբեր թվականներին  Եվրոպայի առաջնությունների նաև արծաթե և բրոնզե մեդալակիր է  : 

2009թ․մարտին Ստամբուլում անցկացվող ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի 2-րդ մրցանակակիր է։

2011թ․ Քաթարի կանանց Գրան Պրի-ում   գրավել է պատվավոր  երկրորդ հորիզոնականը :

2011թ․հոկտեմբերի 16-ին պարգևատրվել է «Հայրենիքի հանդեպ վաստակի» 1-ին աստիճանի մեդալով։

2015թ․մայիսին «Ստեփանակերտ 2015» մրցաշարի հաղթողն է։

Էլինա Դանիելյանը Հայաստանի վեցակի չեմպիոն է։

Նրա մաքսիմալ ռեյտինգը եղել է 2521 (2011թ․հուլիս):

Այժմ այն կազմում է 2432։

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր