Կարեն Ասրյանը (ծնվել է 1980 թվականի ապրիլի 24-ին Երևանում, մահացել է 2008 թվականի հունիսի 9-ին Երևանում) հայ շախմատի միջազգային գրոսմայստեր (1998), ԽՍՀՄ մինչև 10 տարեկանների չեմպիոն (1990), Հայաստանի չեմպիոն (1999, 2007, 2008), Եվրոպայի չեմպիոն (թիմային, 1999)։ Համաշխարհային շախմատային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր (2002), չեմպիոն (2006), աշխարհի թիմային առաջնության մրցանակակիր (2005)։ Առաջին կարգային դարձել է 6 տարեկանում, ինչը շախմատային աշխարհում համարվում է բացառիկ ցուցանիշ։ Նա աշխարհի պատանեկան առաջնությունների արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր էր։ 1990թ. Լենինգրադ քաղաքում անցկացվող պատանիների աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կարեն Ասրյանը լրացրեց վարպետության թեկնածուի նորման։ Եթե աշխարհի չեմպիոններ Կարպովը վարպետության թեկնածու է դարձել 11 տարեկանում, Կասպարովը՝ 13, ապա Կարենը վարպետության թեկնածուի կոչմանն արժանացավ 9 տարեկանում։ 1996-ի սեպտեմբերին նրա անհատական գործակիցը 2310 էր, իսկ ոչ լրիվ 2 տարի անց նա այն հասցրել էր 2600-ի, այսինքն վաստակել էր 290 կետ, որն արժանի էր Գինեսի ռեկորդի։ 1996թ. Կարենը շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի նախաձեռնած միջազգային մրցաշարում նվաճեց «Կասպարովի Գավաթը»։ 1998թ․-ից նա կրում էր գրոսմայստերի տիտղոսը։ Երեք անգամ (1999, 2007, 2008) նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Հաղթել է Դուբայի «Շեյխի գավաթը» (2001),<<Տիգրան Պետրոսյանի>> (1996, 1997, 2004) անվան և այլ միջազգային մրցաշարերում։ Հայաստանի հավաքականի կազմում 2006թ․-ին Թուրինում նվաճել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը։ Ասրյանը համաշխարհային օլիմպիադաների (2002, 2004), աշխարհի թիմային առաջնությունների (2001, 2005) բրոնզե մեդալակիր էր, Եվրոպայի թիմային առաջնության (2007) արծաթե մեդալակիր։ 1996թ․-ի երևանյան օլիմպիադայում 16 ամյա Կարենը իր խաղատախտակի վրա ցույց տված լավագույն արդյունքի համար արժանացել էր ոսկե մեդալի։ Կարենը բազմիցս տեղ էր զբաղեցրել աշխարհի հարյուր լավագույն շախմատիստների ցուցակում: Այդպիսի տեղ նա ուներ նաև իր մահվան պահին, երբ նրա միջազգային վարկանիշը 2630 էր։ Կարենն իր ամենաբարձր էլոյին՝ 2646 հասել էր 2006թ․-ին։ 2005թ․-ին Իսրայելի Բեերշեվա քաղաքում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում իր խաղատախտակի վրա գրավել էր առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի։ Իր մարզական ակնառու հաջողությունների համար Կարեն Ասրյանը պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» և բազմաթիվ այլ մեդալներով։ Գործնականում լինելով անպարտելի՝ Կարենը փնտրված շախմատիստ էր թիմային մրցաշարերում։ Հայաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Իրան... ահա ոչ լրիվ ցանկն այն երկրների, որոնց ակումբները մեծագույն սիրով հրավիրում էին նրան խաղալու իրենց շարքերում և, որպես կանոն, այդ ելույթներն ավարտվում էին հաջողությամբ։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Կարենը արդեն նաև հմուտ մարզիչ էր։ Կյանքի վերջին ամիսներին նա կատարում էր Իրանի ազգային հավաքականի մարզչի պարտականությունները։
2008 թ․ հունիսի 9-ին Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից։ Նա կյանքից հեռացավ որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։
Պարգևներ և մրցանակներ
Ազգային գրադարանի <<Հակոբ Մեղապարտ>> հուշամեդալ, հետմահու 2008
Հայաստանի շախմատի 68-րդ առաջնության բարձրագույն խումբ, 1-ին տեղ 2008
Եվրոպայի թիմային առաջնություն, Կրետե, Հունաստան, արծաթե մեդալ 2007
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի <<Հրանտ Շահինյան>> մեդալ 2007
Պատվոգիր Հայաստանի ակումբային առաջնությունում <<Բանկային արքա>> թիմի կազմում 1-ին տեղը զբաղեցնելու համար 2007
Հայաստանի շախմատի 67-րդ առաջնության բարձրագույն խումբ, 1-ին տեղ 2007
Ռուսաստանի հայերի միության <<Արծաթե խաչ>> պարգև Թուրինի 2006 թ. շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում ՀՀ հավաքականի կազմում չեմպիոնի կոչմանն արժանանալու համար 2006
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության <<Երախտագիտություն>> մեդալ 2006
Դիլիջանի պատվավոր քաղաքացու վկայագիր 2006
Երևանի քաղաքապետի պատվոգիր շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում ՀՀ հավաքականի կազմում չեմպիոնի կոչմանն արժանանլու համար 2006
ԼՂՀ Պաշտպանության Բանակի հուշամեդալ շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում ՀՀ հավաքականի կազմում չեմպիոնի կոչմանն արժանանլու համար 2006
<<Մովսես Խորենացու>> ՀՀ մեդալ շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում ՀՀ հավաքականի կազմում չեմպիոնի կոչմանն արժանանլու համար 2006
Շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադա, Թուրին, Իտալիա, ոսկե մեդալ 2006
Աշխարհի թիմային 6-րդ առաջնություն, Բերշևա, Իսրայել, բրոնզե մեդալ 2005