chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Սամվել Սևյան

Սամվել Սևյան

Սամվել (Սամուել) Արմենի Սևյան (անգլ՝ Samuel Sevian, ծնված 2000թ. դեկտեմբերի 26-ին Նյու Յորքում), հայազգի ամերիկացի շախմատիստ, ԱՄՆ-ի ամենաերիտասարդ շախմատային գրոսմայստերը։ Նա այս հեղինակավոր կոչմանն արժանացել է 13 տարեկանում՝ մեկ տարով ավելի վաղ, քան նրան նախորդող Ռեյ Ռոբսոնը։ Այս արդյունքով նա դարձել է աշխարհում 6-րդ ամենաերիտասարդ գրոսմայստերը:

Սամվել Սևյանը ծնվել է Քորնինգ քաղաքում (Նյու Յորք),  Հայաստանից ներգաղթած Արմեն Սևյանի ընտանիքում։ Այժմ բնակվում է Հարավային Բրիջում` Մասաչուսեթսում։ Հայրը` Արմեն Սևյանը, լազերային ֆիզիկայի մասնագետ է և 1996 թվականին Հայաստանից մեկնել է ԱՄՆ դոկտորական կրթություն ստանալու համար։ Շախմատային առաջին քայլերը որդուն հայրն է սովորեցրել և տարիների ընթացքում մարզել է նրան։ Հորից հետո առաջին պրոֆեսիոնալ մարզիչը եղել է միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը, ում հետ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս: Սամվելը համագործակցում է նաև Գարրի Կասպարովի հիմնադրամի և անձամբ աշխարհի 13-րդ չեմպիոնի հետ։ Նրան հրավիրել էին հիմնադրամից` դիտելու խաղը։ Սամվելը վեց պարտիա է ներկայացրել և վերլուծել։ Դրանից հետո Կասպարովն ասել է, որ Սամվելի հետ պետք է լրջորեն զբաղվել։ Որոշ ժամանակ անց Սամվելը ներգրավվել է հիմնադրամի «Պատանի աստղեր» ծրագրում, որտեղ նրան տրամադրել են հիմնական մարզիչ` գրոսմայստեր Ալեքսանդր Չերնիկինին։ Խաղաշրջանների և մրցաշարերի ժամանակ Սամվելին խորհուրդներ է տալիս անձամբ Գարրի Կասպարովը, ով միշտ հետևում է Սամվելի պարտիաներին:

Սամվել Սևյանը շախմատ սկսել է խաղալ հինգ տարեկանից, գրոսմայստերի որակավորում ստացել է 13 տարեկանում։ Իր շախմատային կարիերայի ընթացքում գերազանցել է բոլոր ժամանակների ամերիկյան մի քանի ռեկորդներ։ Սևյանը դարձել է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի ամենաերիտասարդ վարպետը 8 տարեկանում, 9 տարեկանում դարձել է ամենաերիտասարդ ազգային վարպետը, նաև ԱՄՆ շախմատի առաջնության պատմության ամենաերիտասարդ մասնակիցը` 12 տարեկանում։ Սամվելը նաև հաղթել է Սլովենիայում անցկացված աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում։ 2013 թվականի նոյեմբերին Սևյանը հատել է ՖԻԴԵ-ի 2500 վարկանիշային միավորը, որը գրոսմայստեր դառնալու նորմն է։

2014 թվականին, հաղթահարելով գրոսմայստեր դառնալու համար անհրաժեշտ բոլոր երեք աստիճանները Foxwoods Open-ում, Saint Louis GM Invitational-ում և Washington International-ում, Սևյանը դարձել է ամենաերիտասարդ ամերիկացին, ով երբևէ բավարարել է գրոսմայստերի բոլոր անհրաժեշտ պահանջները 13 տարեկանում: