chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ալեքսանդր Ալյոխին

Ալեքսանդր Ալյոխին

Ալեքսանդր Ալյոխինը ռուս հանրահայտ շախմատիստ էր: Չեմպիոնի տիտղոսը նրանն էր 1927-1935թթ. և 1937 թ-ից մինչ իր կյանքի վերջ: Կոմբինացիաների իսկական վարպետ էր, իրավագիտության դոկտոր:

Ալեքսանդր Ալյոխինը ծնվել է 1892թ. հոկտեմբերի 19 (31)-ին բավականին ապահովված ընտանիքում, որտեղ նա երրորդ երեխան էր: Նրան շախմատ խաղալ սովորեցրել է մայրը, երբ տղան ընդամենը  յոթ տարեկան էր: Ալյոխինը հաճախ խաղում էր իր մեծ եղբոր՝ Ալեքսեյի հետ, ով նույնպես զբաղվում էր շախմատով: Ալեքսանդրը, ով դարձավ շախմատի աշխարհի չորրորդ չեմպիոնը, իր հուշերում գրել է, որ չնայած նա շախմատով սկսել է զբաղվել յոթ տարեկանից, լուրջ քայլեր այդ ասպարեզում արել է տասներկու տարեկանից: 

      1901թ.-ին նա ընդունվում է բավականին անվանի ճեմարան, որտեղ հետագայում շախմատային սեանսներ է ունենում հայտնի շախմատիստ Գարրի Պիլսբերը, ում հետ խաղը Ալյոխինն ավարտում է ոչ ոքի: Արդեն 1907 թվականից՝  լինելով դեռ գիմնազիայի սան, նա սկսեց մասնակցել  շախմատային մրցաշարերի և արժանանալ բավականին մեծ ուշադրության իր գեղեցիկ և խելացի խաղի շնորհիվ: Նրա առաջին խոշոր հաղթանակը գրանցվեց 1913 թվականին  Նիդերլանդներում կազմակերպված բավականին լուրջ մրցաշարում, որտեղ նա զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Իսկ ահա 1914 թվականին Պետերբուրգում ընթացող համառուսաստանյան մրցույթում Ալյոխինը հաղթողի տիտղոսը կիսեց Նիմցովիչի հետ: Սակայն նա իր գլխավոր մրցանակը նվաճեց 1927 թվականին, երբ հռչակվեց շախմատի աշխարհի չորրորդ չեմպիոն:

      Աշխարհահռչակ շախմատիստը հատուկ վերաբերմունք է ունեցել կատուների նկատմամբ: Նա ուներ սիամական կատու Չեսս անունով (ինչը անգլերենից թարգմանաբար նշանակում է շախմատ), ով ուղեկցում էր նրան իր բոլոր խաղերի ընթացքում, որպես թալիսման: 

       Հանրությանը հայտնի լինելով որպես շախմատիստ՝ Ալյոխինը ուներ բոլորովին այլ մասնագիտություն: 1914 թվականին նա ավարտեց Կայսերական իրավագիտության վարժարանը և կցվեց արդարադատության դեպարտամենտին:

      Ալյոխինը ամուսնացած է եղել չորս անգամ, և ըստ լուրերի նրա բոլոր կանայք իրենից տարիքով մեծ են եղել: Ժառանգ նրան պարգևել է միայն երկրորդ կինը՝ ակտիվ հասարակական գործիչ Շվեցարիայի քաղաքացի Աննա-Լիզան: Սակայն բաժանումից հետո նա տղային տարել է իր հետ, և Ալյոխինի շփումը որդու հետ սահմանափակվել է կարճատև հանդիպումներով՝ Շվեցարիայում եղած մրցաշարերի ժամանակ:

      1946 թ.-ի մարտի 23-ին պետք է տեղի ունենար Ալյոխին-Բոտվիննիկ մրցաշարը, սակայն մարտի 24-ի առավոտյան նրան հյուրանոցի իր համարում մահացած են գտել՝ բազկաթոռին թիկնած: Ըստ բժիշկների վարկածի՝ մահվան պատճառը եղել է շնչահեղձությունը, որը առաջացել է շնչուղիներում հայտնված մսի կտորից: Եղել է նաև վարկած, որ նրան թունավորել են: 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր