chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Գրիգոր-Սևակ Մխիթարյան

Գրիգոր-Սևակ Մխիթարյան

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ծնվել է  1986թ․ Բրազիլիայի  Սան Պաուլու քաղաքում, որտեղ և ապրում է մինչ օրս։ Նրա մայրը Բրազիլիայից է, հայրը՝ Լիբանանից։ Ծնողները մանկուց սերմանել են նրա մեջ սերը դեպի հայրենիք, հայ մշակույթ և լեզու։ Դրա շնորհիվ Սևակը հիանալի տիրապետում է հայերենին։ Նրա խոսքերով՝ նա շատ հպարտ է դրանով և ուրախ, որ մրցաշարերի ընթացքում հայ մասնակիցների հետ շփվում է մայրենի լեզվով։ Սովորել է Սան Պաուլուի հայկական դպրոցում։

Նրա հորեղբայրը եղել է շախմատի սիրահար և սովորեցրել է եղբորը՝ Սևակի հորը։ Վերջինս էլ, երբ ապագա չեմպիոնը 7 տարեկան էր, նկատել է, որ հիանալի հիշողություն ունի և շատ լավ  կարողանում է բարդ փազլ հավաքել։ Որոշում է կայացրել որդուն ծանոթացնել այդ խաղի հետ և ամեն օր աշխատանքից վերադառնալուց հետո նրանք սկսել են շախմատ սովորել և խաղալ։ Որոշ ժամանակ անց հայրը նրա համար անհատական մարզիչ է վարձել։ 4 տարի անց առաջին անգամ մասնակցել է Սան Պաուլուի նահանգի առաջնությանը` գրավելով 22-րդ տեղը։

Բազմիցս մասնակցել է Բրազիլիայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններին և հինգ անգամ դարձել մեդալակիր, այդ թվում՝ երկու անգամ հաղթող մինչև 20 տարեկանների պայքարում (2003, 2004)։ Նա նաև երկիրը ներկայացրել է Համաամերիկյան խաղերում (2003 թ. Բոգոտայում դարձել է բրոնզե մեդալակիր մինչև 18 տարեկանների պայքարում) և պատանիների աշխարհի առաջնությունում։

Առաջին տեղեր է նվաճել Իսպանիայի (2006, 2008) մրցաշարերում:

2009թ-ին դարձել է Բրազիլիայի բրոնզե մեդալակիր։

2010թ․ ստացել է գրոսմայստերի կոչում։  

2012թ․ դարձել է Բրազիլիայի չեմպիոն։

2013թ․ ստանձնել է Բրազիլիայի փոխչեմպիոնի կոչումը։

2013-ին Նիդերլանդներում մասնակցել է Tata Steel Chess հեղինակավոր փառատոնի C խմբի մրցաշարին և զբաղեցրել 4-րդ տեղը (8 միավոր 11-ից)։

2015թ․հաղթել է  Բրազիլիայի Բելեմ քաղաքում անցկացված միջազգային օփենում։

2016թ․ կրկնել է հաջողությունը և կրկին ստանձնել Բրազիլիայի չեմպիոնի տիտղոսը։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր