chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ռաֆայել Վահանյան

Ռաֆայել Վահանյան

Կան շախմատիստներ, ում խաղը թողնում է կախարդանքի տպավորություն:Այդպիսի շախմատիստները ձգտում են ոչ միայն հաղթել,այլև նպատակին հասնել գեղեցիկ խաղով: Հենց այդ խաղացողների շնորհիվ է շախմատը համարվում արվեստ: Նրանցից մեկն է նաեւ Ռաֆայել Վահանյանը: Մեծանուն գրոսմայստերի պարտիաներում հաճախ են հանդիպել գեղեցիկ եւ սուր կոմբինացիաներ , նուրբ ու խորը հաշվարկված մտահաղացումներ:

Ահա, թե ինչ է ասել Վահանյանի մասին աշխարհի 13­րդ չեմպիոնը.

 «Այսպիսի շախմատիստներ ծնվում են 100 տարին մեկ: Նա փայլուն տրամաբանություն ունի, նրա ցանկացած քայլ պարունակում է խորը մտահաղացում: Խաղալով Վահանյանի հետ՝ կարելի է ոգևորվել նրանով»։

Սա էլ խորհրդային անվանի գրոսմայստեր եւ շախմատային վերլուծաբան Ալեքսեյ Սուետինի գնահատականը.

«Նա ունի շախմատային ճակատամարտը վարելու հոյակապ զգացողություն եւ կարողանում է ճիշտ պահին ուժեղացնել խաղը, թեև ոչ միշտ է հաշվարկում տարբերակները՝ հույսը դնելով իր բնատուր շախմատային հոտառության վրա»:

Ըստ Սուետինի՝ շախմատային տախտակի առջև Վահանյանը վախի կամ անվստահության զգացողություն չունի: Նա միշտ լավատես է, պատվախնդիր է եւ բռնկուն բնավորություն ունի:

Ռաֆայել Վահանյանը ծնվել է 1951 թ. Երեւանում: Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում եւ նրա առաջին մրցակիցը իր հայրն էր:

16 տարեկանում Ռաֆայելը դարձավ ԽՍՀՄ դպրոցականների չեմպիոն, իսկ 18֊­ում՝ Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում կայացած միջազգային պատանեկան մրցաշարի հաղթողներից մեկը:

1971 թ. նա ստացավ գրոսմայստերի կոչում: Դա տեղի ունեցավ 1971 թվականին Վռնյաչկա Բանյայում կայացած մրցաշարում, որտեղ նա 15 հնարավորից վաստակեց  11 միավոր՝ առաջ անցնելով անվանի շախմատիստներ Լյուբոմիր Լյուբոևիչից, Լեոնիդ Շտեյնից, Բորիսլավ Իվկովից: ՖԻԴԵ­ի կոնգրեսը Վահանյանին գրոսմայստերի կոչում շնորհեց բացառության կարգով, քանի նա դեռևս չէր կրում միջազգային վարպետի կոչում:

Նա դարձավ գրոսմայստերի կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստը։ Առաջին հաջողություններից հետո սկսվեց նրա հաղթարշավը միջազգային լուրջ մրցաշարերում, որը տևեց մինչեւ 90­ականները: Այդ ընթացքում Վահանյանը հաղթել է 20­ից ավելի մրցաշարերում եւ 1989 թ. դարձել ԽՍՀՄ չեմպիոն: Հաջողակ է եղել նաեւ թիմային մրցաշարերի ժամանակ.ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է շախմատային օլիմպիադաների (1984 եւ 1986), աշխարհի թիմային երկու առաջնությունների (1985՝ նաեւ անհատական ոսկե մեդալ 3­րդ խաղատախտակի վրա, եւ 1989) եւ Եվրոպայի թիմային երեք առաջնությունների (1980, 1983, 1989) հաղթող:

Մեր ազգը միշտ հպարտացել է իր տաղանդավոր զավակներով եւ Ռաֆայել Վահանյանը հենց այդ մարդկանցից է, քանզի նա իր խաղով եւ արդյունքներով միշտ բարձր է պահել հայ ժողովրդի պատիվը՝ շարունակելով Տիգրան Պետրոսյանի գործը:

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր