chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Խոսե-Ռաուլ Կապաբլանկա

Խոսե-Ռաուլ Կապաբլանկա

      Հանրահայտ կուբացի շախմատիստ: Աշխարհի երրորդ չեմպիոն: Չեմպիոնության գահը նվաճել է 1921թ.՝ հաղթանակ տանելով Լասկերի նկատմամբ: Նա ուներ ֆանտաստիկ շախմատային տեխնիկա և համարվում էր դարի վիրտուոզ:

     Խոսե-Ռաուլ Կապաբլանկան ծնվել է 1888թ. նոյեմբերի 19-ին սպայի ընտանիքում: Նա իր հուշերում ասել է, որ շախմատ խաղալ սովորել է դեռ չորս տարեկանում՝ իր հոր և վերջինիս ընկերոջ խաղերին հետևելով: Երրորդ օրը արդեն գիտեր բոլոր քայլերը, իսկ խաղերից մեկի ժամանակ կարողացավ նկատել հոր սխալ քայլը և շուտով հաղթանակ տանել նրա նկատմամբ: Հայրը և նրա ընկերները փոքրիկ տաղանդին տարան շախմատի խմբակ, որտեղ նա ավելի ընդարձակեց իր հնարավորությունները:

    1904թ.-ին Կապաբլանկան տեղափոխվեց Նյու-Յորք՝ կոլումբիական համալսարան ընդունվելու համար անգլերեն ուսուցանելու: 1906 թ-ին նա ընդունվեց համալսարանի քիմիական մեքենաշինության ֆակուլտետ: Զուգահեռ այցելում էր նաև բեյսբոլի ակումբ: Ըստ շրջանառվող լուրերի, նա կոլումբիական  համալսարանը ընտրել էր հենց այն պատճառով, որ վերջինս ուներ բեյսբոլի ուժեղ թիմ: Նույն թվականին Կապաբլանկան արագ շախմատի մրցույթում, որին մասնակցում էր նաև աշխարհի գործող չեմպիոն Էմաուել Լասկերը, արժանացավ հաղթողի կոչմանը, որից հետո շախմատով սկսեց ավելի լուրջ զբաղվել: Նրա վարկանիշը մի քանի անգամ բարձրացավ հայտնի շախմատիստ և այդ ժամանակահատվածի ֆավորիտ Մարշալի հանդեպ ԱՄՆ-ում կազմակերպված մրցաշարում մեծ հաշվով (8-1) հաղթանակ տանելուց հետո: 1913թ.-ին նա մասնակցեց չորս մրցաշարի, որոնցից երեքում արժանացավ առաջատարի կոչմանը: Նույն թվականի սեպտեմբեր ամսին Կապաբլանկան դիվանագիտական  ծառայության անցավ Կուբայի արտաքին գործերի նախարարությունում և մնաց իր պաշտոնում մինչև կյանքի վերջ: 

      Մասնագետները նրա խաղում առանձնացնում էին դիպուկությունը, ինտուիցիան, իրավիճակը արագ ընկալելու և վերլուծելու հնարավորությունը, հրաշալի տեխնիկան: Նա նաև կարողանում էր շատ արագ հասկանալ հակառակորդի թույլ կողմերը և օգտագործել ի օգուտ իր հաղթանակի: Նրան համարում էին <<մարդու կերպարանքով շախմատային տեխնիկա>>: Լինելով իր ժամանակի ամենահայտնի մարդկանցից մեկը՝ Կապաբլանկան մեծ հեղինակություն էր վայելում, ուստի նրա մասին հուշերը բավականին հարուստ են: Շատերը նրան հիշում են որպես դաստիարակված, խելացի, հանգիստ և թեթև անձնավորության, ով հաճելի էր շփման մեջ, ինչն էլ նպաստում էր կանանց շրջանում նրա բարձր վարկանիշի ապահովմանը: Առաջին անգամ նա ամուսնաացավ 1921 թ.-ին կուբացի մի աղջկա հետ, ով երկու երեխա լույս աշխարհ բերեց: Նրանց միությունը սակայն այնքան էլ երկար չտևեց, և հայտնի շախմատիստը ամուսնացավ երկրորդ անգամ:

      Դեռ 1930 թ.-ի վերջերից իրեն զգացնել տվեց երակային գենետիկական հիվանդությունը, որն էլ  1942թ.-ի մարտի 7-ին դարձավ նրա մահվան պատճառը: