chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Տիգրան Պետրոսյան

Տիգրան Պետրոսյան

Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիս 17, 1929 – օգոստոս 13,1984)։ Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար (Վասիլև 1974։27) և (Կասպարով 2004։7, 16, 62, 80)։ Միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։

Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։ Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947թ․ ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949 թ առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950թ․ ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թթ մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951թ․ առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թ միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։

Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակիցն էր։ 1953թ․ հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955թ․ միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958թ՝ 3-4-րդը, 1962թ․՝ 2-3-րդը։ 1959թ․ հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։ 1962թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։

Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963թ․ և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1966թ․ նա պահպանեց այդ կոչումը՝ հաղթելով Բ.Սպասկիին։ 1969 թ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բ. Սպասկիին։

1971 - 1980 թթ շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։ Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը։ Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու՝ քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Նա շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպքում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում։ Սովորաբար Պետրոսյանը հաղթում էր՝ խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար։ Այսպիսով, նա հաղթում էր՝ օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը։ Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տիգրան Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ։

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր