chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հարցազրույց Արշակ Պետրոսյանի հետ

2019-Sep-17
Հարցազրույց Արշակ Պետրոսյանի հետ

Ոչ միայն շախմատի մասին

 

Արշակ Պետրոսյան. ՙԻՄ ԲՈԼՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՊՎԱԾ ԵՆ ԻՄ ՄԱՐԶԱԾ ՏՂԱՆԵՐԻ ՀԵՏ...՚

 

ՙՇախմատային Հայաստանի՚ հարցազրույցը

 

Լրացավ Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանի ծննդյան 60-ամյակը:

 

Մեր այս զրույցով փորձեցինք վերհիշել Արշակ Պետրոսյանի անցած շախմատային ճանապարհը։

 

 

- Պարո՛ն Պետրոսյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ։

 

- Շնորհակալություն շնորհավորանքի համար։ Անկեղծ ասած` չեմ էլ զգում, որ 60 տարեկան եմ։ Էներգիայի պակաս բացարձակ չունեմ, առույգ եմ, լավատես։ Չի կարելի ասել, որ 60 տարեկան դառնալը հասարակ բան է, բայց մեծ նշանակություն չեմ տալիս թվերին։ Թիվ է, էլի, թող այս անգամ 60 լինի։

 

- Եկեք միասին ետ նայենք Ձեր կյանքի կարեւորագույն պահերին։ Ինչպե՞ս սկսվեց Ձեր ուղին դեպի շախմատ։

 

- Հայրս մեր հարեւանի հետ միշտ շախմատ էր խաղում։ Մոտ 6 տարեկան էի, երբ սկսեցի նայել նրանց խաղերը, հետաքրքրվել շախմատով։ Հայրս հենց այդ ժամանակ ինձ սովորեցրեց խաղալ, ծանոթացրեց քայլերին։ Սակայն մի միջադեպ եղավ, որից հետո միայն ես որոշեցի լրջորեն շախմատին տրվել։ Յոթ տարեկան երեխա էի, երբ Երեւան էր եկել այն ժամանակ հայտնի գրոսմայստեր Սալո Ֆլորը։ Նա նաեւ շախմատի դասեր էր տալիս։ Հիշում եմ, որ միաժամանակյա խաղաշարը արհմիությունների տան դահլիճում էր, եւ ինձ հաջողվեց սեւ խաղաքարերով հաղթել Ֆլորին։ Պատկերացրեք, թե դա ինչ կնշանակեր փոքր երեխայի համար, այն էլ, որ այդ տարիներին շախմատը երեխաների համար այսօրվա պես մեծ տարածում չուներ։

 

- Ովքե՞ր են եղել Ձեր առաջին մարզիչները։

 

- Ֆլորի հետ պարտիայից հետո հայրս ինձ տարավ շախմատի դպրոց։ Այնտեղ առաջին մարզիչս եղել է Անդրանիկ Հակոբյանը, ով ինձ շատ է աջակցել, ում հետ ես կատարել եմ առաջին լուրջ քայլերս շախմատում։ Մարզվել եմ նաեւ Հենրիկ Գասպարյանի եւ Էդուարդ Մնացականյանի մոտ։

 

Արդեն հասուն տարիքում, երբ միջազգային վարպետ էի, սկսեցի շատ արդյունավետ կերպով մարզվել Օլեգ Դեմենտեւի մոտ։ Նա Ռուսաստանից Հայաստան էր եկել, Երեւանում էր ապրում։ Հենց նա ինձ շատ բան սովորեցրեց, իր մարզումներից հետո իսկապես հասկացա, թե ինչ է շախմատը։ Այդ ժամանակ ե՛ւ տարիքս էր հարմար, ե’ւ նա յուրահատուկ իր պարապելու ձեւն ուներ։ Ես շատ շնորհակալ եմ ինձ աջակցած բոլոր մարդկանց, ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել հանդիպել նրանց։

 

- Կհիշե՞ք Ձեր առաջին մրցումները։

 

- Առաջին մրցումներս եղել են շախմատի դպրոցում։ Դրանք անցկացվում էին ամեն տարի։ 1960-ական թվականներին ես արդեն առաջին կարգային էի, ապա` վարպետության թեկնածու, եւ ամեն տարեվերջի մենք մասնակցում էինք ԽՍՀՄ-ի դպրոցականների առաջնություններին։ Ինձ հետ էր նաեւ շախմատի դպրոցի այն ժամանակվա սան Ռաֆայել Վահանյանը։ 70-ականներին արդեն հանդես էի գալիս ԽՍՀՄ-ի երիտասարդ վարպետների մրցումներում։ Հետագայում հաջողությամբ բազմաթիվ միջազգային մրցաշարերի եմ մասնակցել, հանդես եմ եկել Խորհրդային Միության առաջնության կիսաեզրափակիչներում, 1985 թվականին խաղացել եմ ԽՍՀՄ-ի առաջնության եզրափակիչում։

 

- Ինչպե՞ս է Տիգրան Վարդանովիչը ազդել Ձեր շախմատային զարգացման վրա։

 

- Տիգրան Պետրոսյանը ինձ շատ է աջակցել։ Ես 18-19 տարեկան էի, երբ ամիսներով ապրում էի նրա տանը, պարապում էի։ Նա ինձ շատ է օգնել ոչ միայն շախմատային, այլեւ կենսական հարցերում, կյանքի հարվածներին դիմագրավելու առումով։

 

- Ե՞րբ եւ ինչպե՞ս դարձաք վարպետ, իսկ հետո նաեւ գրոսմայստեր։

 

- Խորհրդային Միության սպորտի վարպետ դարձա 15 տարեկան հասակում։ Վարպետի նորման լրացրեցի Սոչիում։ Գրոսմայստերի կոչմանն արժանացա` 1980 եւ 1984 թվականներին առաջին տեղերը գրավելով երեւանյան միջազգային երկու մրցաշարերում:

 

- Երկու անգամ` 1974 եւ 1976 թվականներին, Հայաստանի չեմպիոն եք դարձել։ Ի՞նչ կհիշեք դրա հետ կապված։

 

- Հիշում եմ իմ զգացողությունները. երջանիկ էի, ինձ համար պատիվ էր Հայաստանի չեմպիոն դառնալը։ Ես շատ ոգեւորվեցի, եւ դա ինձ համար հիմք դարձավ իմ հետագա շախմատային կարիերան զարգացնելու, նոր հաջողություններ գրանցելու համար։

 

- Ինչպե՞ս կողմնորոշվեցիք, որ հենց մարզչությամբ եք ուզում զբաղվել։

 

- Ես շատ եմ սիրում շախմատը: Իսկ շախմատով զբաղվելու համար պետք է լինել կամ խաղացող կամ մարզիչ։ Ես մեծ բավականություն եմ ստանում, երբ իմ սանը կամ սաները հաջողություններ են ունենում։ Այդ ժամանակ հասկանում եմ, որ գիտելիքներս փոխանցելու իմ աշխատանքն ապարդյուն չէ։ Երկրորդ` ինձ միշտ էլ հետաքրքրել է շախմատում սխզբնախաղերի մեջ լուծումներ գտնելը, տարբերակներ ուսումնասիրելը, շախմատին ստեղծագործաբար մոտենալը։ Այդպիսի օր չկա, որ ես շախմատային ինչ-որ բան չանեմ, տարբերակներ չվերլուծեմ, պարտիաներ չնայեմ։ Ես արդեն 2001 թվականից ոչ մի մրցաշարի չեմ մասնակցել որպես խաղացող։ Վերջին մրցաշարերից կարող եմ հիշել Դորտմունդի 2000 թվականի մրցաշարը, երբ կիսեցի 2-4-րդ տեղերը։

 

- Չե՞ք կարոտում գործնական շախմատը։

 

- Կարոտում եմ, իհարկե, բայց ամեն օր այնքան ժամեր եմ ապրում շախմատով, որ դա լցնում է շախմատ խաղալու իմ ցանկությունը։

 

- Դուք մեկ անգամ հանդես եք եկել ե՛ւ որպես մարզիչ, ե՛ւ պահեստային խաղացող։ Ե՞րբ է դա եղել։

 

- Եվրոպայի 1999 թվականի առաջնությունում պահեստային խաղացող էի. արդեն երկար ժամանակ է, ինչ չէի խաղում, եւ բուն թիմում հանդես գալը մի քիչ դժվար կլիներ ինձ համար։ Ասեմ, որ այդ տարի մենք 14-րդն էինք ըստ գործակիցների, բայց դարձանք չեմպիոն։

 

- Որպես անհատական մարզիչ ո՞ւմ հետ եք աշխատել։

 

- Ռաֆայել Վահանյանի, Վլադիմիր Հակոբյանի, ավելի ուշ՝ Լեւոն Արոնյանի հետ։ Բացի մեր հայ շախմատիստներից եղել եմ նաեւ ուկրաինացի գրոսմայստեր Օլեգ Ռոմանիշինի, գերմանացի Արկադի Նայդիչի մարզիչը։

 

2001-2011 թվականներին մշտական պարապում էի իմ փեսա, հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոյի հետ։ Այդ ժամանակ նա հասավ մեծ հաջողությունների. 2004 թվականին Կրամնիկի հետ պայքարում էր աշխարհի չեմպիոնի կոչման համար։

 

- Իսկ դժվար չէ՞ սեփական փեսային մարզելը։

 

- Հեշտ չէ, բայց ինձ մոտ այնպես է ստացվել, որ որտեղ կա շախմատ, մտքերս էլ էն միայն շախմատի մասին։ Ուրիշ ոչնչի մասին չեմ մտածում։ Համենայն դեպս, մենք Լեկոյի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, հարազատ տղայիս պես եմ վերաբերվում նրան։

 

- Ինչպե՞ս դարձաք Հայաստանի հավաքականի մարզիչ։

 

- Մեր հավաքականը կազմվել է 1990-ականների սկզբին։ Արդեն մի քանի սերունդ է անցել, բայց ես միշտ կապ եմ ունեցել թիմի հետ։ Հավաքականում միշտ լավ տղաներ են եղել, բոլորն էլ ձգտել են լավագույնը անել` ի շահ թիմի։

 

Սկզբնական շրջանում մասնակից էի, հետո մարզիչ։ 1996 թվականի երեւանյան օլիմպիադայից սկսած արդեն պաշտոնապես հավաքականի մարզիչն եմ։

 

- 2008 եւ 2011 թվականներին ՖԻԴԵի կողմից ճանաչվել եք աշխարհի լավագույն մարզիչ։ Ի՞նչ զգացողություններ ունեիք այդ ժամանակ։

 

- Շատ զգացված էի, ինձ գնահատված էի զգում։ Բայց պետք է ասեմ, որ իմ բոլոր մեդալները, կոչումները առաջին հերթին թիմի շնորհքն են, քանի որ մարզիչի գործը թիմի խաղերի ժամանակ է երեւում։ Եվ աշխարհի լավագույն մարզիչ ես ճանաչվել եմ հենց այն ժամանակ, երբ մեր հավաքականը լուրջ հաղթանակներ ունեցավ` դարձավ չեմպիոն 2008-ին Դրեզդենի օլիմպիադայում և 2011-ին` Չինաստանի աշխարհի առաջնությունում։ Չեմ սիրում ասել` ՙես եմ՚, ՙիմ խելքից է՚ եւ նման բաներ։ Իմ ամեն հաղթանակ թիմի հաղթանակն է։

 

- Պարոն Պետրոսյան, Դուք փիլիսոփայությական գիտությունների թեկնածու եք, ավարտել եք Երեւանի պետական համալսարանը։ Ինչ-որ կերպ օգտագործո՞ւմ եք համալսարանում ստացած հմտությունները շախմատում։

 

- Համալսարանական վերջին տարիներին ես ընտրության առջեւ էի՝ կամ փիլիսոփայություն, կամ շախմատ։ Արդեն դժվար էր երկուսը միասին համատեղել։ Համալսարանում ասպիրանտուրան էլ ավարտեցի եւ վերջնական որոշում կայացրի շախմատի օգտին։ Դա 1980-ականների վերջերին էր։

 

Փիլիսոփայության շրջանակում ես զբաղվել եմ հիմնականում տրամաբանությամբ։ Իմ դիպլոմային աշխատանքը նվիրված էր տրամաբանությանը։ Իսկ շախմատը եւ տրամաբանությունը սերտորեն կապված են միմյանց հետ։ Շախմատում բոլոր քայլերը տրամաբանված են, առանց դրա շախմատ չկա։ Այդպես էլ պահպանվում է համալսարանում ստացած գիտելիքների եւ իմ աշխատանքի միջեւ կապը։

 

- Ի՞նչ կպատմեք Ձեր ընտանիքի մասին։ Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք Հունգարիա։

 

- Մենք շախմատային, համերաշխ ընտանիք ենք։ Կնոջս` Մարինայի հետ արդեն 33 տարի միասին ենք։ 1999 թվականին կնոջս եւ աղջկաս` Սոֆյայի հետ մեկնեցինք Գերմանիա. աղջիկս սովորում էր, ես էլ շախմատի դպրոց ունեի, պարապում էի շախմատիստների հետ։ Գերմանիայում երկու տարի ապրեցինք։ Դորտմունդի միջազգային մրցաշարի ժամանակ Սոֆյան եւ Լեկոն ծանոթացան, հավանեցին միմյանց։ Երբ արդեն ամուսնանում էին, Լեկոն առաջարկեց, որ դառնամ իր մարզիչը։ Այսպես տեղափոխվեցինք Հունգարիա։ Բայց ես Երեւանում էլ եմ ապրում, հաճախ եմ լինում Հայաստանում։ Ինչպես ասում են՝ առանց հայրենիք կյանք չկա։

 

- Եթե շախմատը չլիներ, ինչո՞վ կզբաղվեիք։

 

- Սադրիչ հարց եք տալիս (ժպտումէ)։ Կյանքն այնքան երանգներ ունի, որ անպայման մի բանով կզբաղվեի։ Ես շատ եմ կարդում եւ հետաքրքրվում դիվանագիտությամբ, քաղաքականությամբ, ռազմական պատմությամբ։ Հավանաբար կկարողանայի այդ ասպարեզներում արդյունքների հասնել։

 

- Ո՞րն էր Ձեր ամենագեղեցիկ պարտիան։

 

- Դժվար է հիշելը... Երեւի 1989 թվականին Ալեքսեյ Շիրովի հետ խաղացածը:

 

- Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը։

 

- Իմ յուրաքանչյուր հաջողություն նախեւառաջ իմ մարզած տղաների հետ է կապված։ Շախմատային կարիերայիս հաջողությունները սկզբնական շրջանում իմ սաների հաղթանակներն էին, հետո արդեն մեր թիմի՝ օլիմպիական եռակի եւ աշխարհի չեմպիոն դառնալը։

 

- Ի՞նչ երազանքներ ունեք այսօր։

 

- Ուզում եմ մեր թիմն ավելի լավ հանդես գա։ Մենք 2014-ի օգոստոսին մասնակցելու ենք Նորվեգիայի օլիմպիադային, եւ 2015-ի գարնանը Հայաստանում աշխարհի թիմային առաջնությանը։ Պետք է ամեն ինչ անենք, որ ունենանք բարձր արդյունքներ։

 

- Բնույթով ինչպիսի՞ մարդ եք Ձեզ համարում։

 

- Ես համոզված օպտիմիստ եմ։ Առանց լավատեսության կյանքում բոլոր հնարավորությունները աչքիցդ կվրիպեն։ Բայց օպտիմիզմի հետ նաեւ ռեալիստ լինելու կողմնակից եմ։ Ռուսները մի լավ խոսք ունեն՝ մերկ օպտիմիզմը սխալ է։ Լավատեսությունը պետք է իր հիմքերը ունենա։ Կարելի է ասել, որ ես օպտիմիստ-ռեալիստ եմ։

 

- Հաղթանակներին ինչպե՞ս եք վերաբերվում։

 

- Հաղթանակներին պետք է շատ զգույշ վերաբերվել։ Սկզբում ստանալ բավականություն, իսկ հետո՝ եզրակացություն անել, հաշվի առնել հաղթանակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները։ Շախմատում կարեւոր է հետեւյալ մտածելակերպը. ՙԱյս անգամ այսինչ կերպ հաջողության հասանք, բայց հաղթանակի ուրիշ տարբերակ էլ կար՚։ Հաղթանակը պետք է նոր հաղթանակներ ծնի։

 

- Եթե Ձեր կյանքը նորից ապրեիք, ի՞նչ կփոխեիք։

 

- Ոչինչ էլ չէի փոխի։ Կանեի նույնը, ինչ արել եմ եւ անում եմ։ Կմտածեի նույնը, կսիրեի նույն բաները։

 

- Երբ Ձեր երազանքից հարցրի, թիմին լավ խաղ ցանկացաք։ Իսկ զուտ անձնական ի՞նչ երազանք ունեք, պարո՛ն Պետրոսյան։

 

- Դե, այդպես է ստացվել, որ թիմի հաջողությունները իմ ե՛ւ անձնականի, ե՛ւ ոչ անձնականի մեջ են մտնում։ Զուտ անձնական երազանք... Կարող է օրիգինալ չլինեմ, բայց իմ երազանքն այն է, որ իմ հարազատները եւ ընկերները առողջ ու երջանիկ լինեն։

 

Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

 

ՙՇախմատային Հայաստան՚, No 48 (1095)

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր