Ձեզ ենք ներկայացնում շախմատիստների դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենի հայտնի մտքերից: Ոչ բոլոր շախմատիստներն են ունակ գրոսմաստեր դառնալու: Ոչ բոլոր գրոսմաստերներն են հատում 2700 միավորի սահմանը: Շատ քչերն են հասնում 2800 վարկանշային միավորին: Բայց այս երիտասարդը շատ յուրահատուկ է: Նա ոչ միայն գրոսմաստեր է դարձել բավական երիտասարդ տարիքում, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի անվիճելի առաջատարն է, այլև միակն է, ով գերազանցել է Կասպարովի`2856 վարկանշային միավորը` դառնալով նոր ռեկորդի հեղինակ`2878 միավորով: Ահա Կարլսենի հանրահայտ մտքերից մի քանիսը:
-
Որոշ մարդիկ կարծում են, որ եթե մրցակիցը գեղեցիկ խաղ է ցուցադրում, ապա նորմալ է, երբ դու պարտվում ես: Ես դրան համաձայն չեմ: Պետք է միշտ անգութ լինել:
-
Շախմատ սկսել եմ խաղալ` խաղատախտակի դիմաց նստելով և ուսումնասիրություններ կատարելով: Սկզբում ես նույնիսկ շախմատային գրքեր չունեի, և խաղում էի ինքս ինձ համար: Միայնակ խաղալուց շատ բան եմ սովորել և կարծում եմ` դա է պատճառը, որ շախմատում լավ ինտուիցիա ունեմ:
-
Ֆիշերի մեջ ամենաշատն ինձ դուր է գալիս այն, որ նա հասնում է այն ամենին, ինչն անհասանելի է շատերիս համար: Մի փոքր նախանձում եմ նրան:
-
Մրցաշարերում չհաղթելն ինձ համար չէ: Երբ այդպես ես տրամադրվում, հաղթանակն անխուսափելի է դառնում:
-
Այս պահին ինձ համար աշխարհի լավագույն շախմատիստ լինելն ավելի կարևոր է, քան աշխարհի չեմպիոն դառնալը: Կարծում եմ` դա ցույց է տալիս, թե ներկա պահին ով է լավագույնը խաղում: Գուցե մի փոքր անհամեստություն եմ անում, բայց կարծում եմ ասածս իրականությանը համապատասխանում է:
-
Չկա կոնկրետ խաղացող, որին փորձում եմ նմանակել: Բոլորից էլ փորձում եմ սովորել և ստեղծել սեփական խաղաոճս: Հատկապես շատ բան եմ սովորել անցյալում հանդես եկած շախմատիստներից: Անկեղծորեն պետք է ասեմ, որ երբեք շախմատային կուռքեր չեմ ունեցել: Իմ բնավորությունն է այդպիսին: Լավ շախմատիստներից փորձում եմ միայն սովորել:
-
Խաղից միայն հաղթանակներ և հաճույք եմ ակնկալում: Եթե ինչ - որ մեկն իմ մասին ինչ - որ բան է մտածում կամ դժգոհ է ինչ - որ բանից, ապա դա ինձ ընդհանրապես չի հուզում: Հուսով եմ` մի օր կդառնամ Աշխարհի չեմպիոն, բայց եթե ինչ - ինչ պատճառներով չդառնամ, դա ինձ ամենևին չի խանգարի իմ ցուցադրած խաղից հաճույք ստանալ: Համոզված եմ:
-
Հակառակ շատ երիտասարդ գործընկերներիս` կարծում եմ, որ դասական շախմատն ավելի հետաքրքիր է:
-
Հեշտ է շախմատից կախվածության մեջ ընկնել, օրինակ դա տեղի ունեցավ Ֆիշերի և Փոլ Մորֆիի հետ: Սակայն ինձ մոտ նման կախվածություն չկա:
-
Ես տարօրինակ մարդ չեմ: Լավ շախմատիստ եմ, բայց ապրում եմ նորմալ մարդկանց կյանքով:
-
Միշտ փորձում եմ պարտության մատնել խաղատախտակի դիմաց նստած մարդուն և այնպիսի քայլեր կատարել ,որոնք ամենատհաճը կլինեն նրա համար:
-
Ավելի շատ տխրում եմ ոչ թե շախմատում պարտվելիս, այլ ուրիշ խաղերում պարտություն կրելիս: Օրինակ` ''Մոնոպոլիա'' խաղալիս:
-
Կասպարովը եզակի շախմատիստ է, ով միաժամանակ աշխատանքի մեծ կամք, հաղթելու վճռականություն և բացառիկ կատարելություն ունի:
-
Ինքնավստահությունը շատ կարևոր է: Եթե մտածում ես, որ չես կարող հաղթել, ապա վճռական որոշումներ կայացնելիս կվարանես: Տեսնում ես, որ հաղթելու հնարավորություն դեռ կա, բայց ինքդ բոլոր այդ հնարավորությունները սպանում ես: Միշտ հավատում եմ ուժերիս, նույնիսկ այն ժամանակ, երբ դրա համար օբյեկտիվ պատճառներ չկան: Ավելի լավ է ուժերդ գերագնահատես, քան թերագնահատես:
-
Չեմ կարող հաշվել, թե քանի անգամ եմ հուսահատ այս ու այն կողմ քայլել, և ոչ ոք բացի ինձնից չի մտածել, որ հաղթելու եմ: Բայց հուսահատ վիճակից հեշտությամբ եմ դուրս գալիս: Երբ զիջում ես մրցակցիդ, երկու տարբերակ կա` նախահարձակ լինել կամ բոլոր խաղաքարերով պաշտպանվել: Ինձ հաջողվում է այդ երկուսը հավասարակշռության մեջ պահել:
-
Առանց խաղը վայելելու հաղթանակը ոչ մի արժեք չունի:
-
Համակարգիչներին երբեք որպես մրցակիցների չեմ վերաբերվում: Ինձ համար ավելի հետաքրքիր է հաղթել մարդկանց:
-
Ժամերով կարող եմ շախմատ խաղալ, քանի որ դրանից մեծ հաճույք եմ ստանում: Այն օրվանից, երբ կդադարեմ հաճույք ստանալ, կդադարեմ շախմատով զբաղվել:
-
Անկեղծ ասած` գիրք հազվադեպ եմ կարդում: Հիմնականում շախմատին վերաբերող գրքեր եմ կարդում: Հատկապես դուրս եկել է Կասպարովի` ''Իմ նշանավոր նախնիները'' գիրքը:
-
Ֆինանսապես ապահովված լինելը հիանալի է, բայց գումարն ինձ այդքան էլ չի հետաքրքրում:
-
Հայրս, ով նույպես շախմատիստ է, մեծ դեր է ունեցել իմ ամբողջ կյանքում:
-
Մարդիկ հաճախ հարցնում են, թե որն է կյանքիս նպատակը: Ես նպատակներ չունեմ:
-
Եթե շախմատում տաղանդ չունենայի, ապա կփորձեի ինձ դրսևորել մեկ այլ բնագավառում: Բայց շախմատում բավական հաջողակ եմ, և դա ինձ բավարարում է:
-
Երբ 11 տարեկան էի, պարտիաները մշակելիս համակարգչից չէի օգտվում: Հետագայում սկսեցի պարբերաբար օնլայն շախմատ խաղալ: Սակայն հիմա համակարգիչն իմ առօրյայի բաղկացուցիչ մասն է, առանց որի խաղային տակտիկաները դժվարությամբ կընկալեի:
-
Առաջին բանը, որ շախմատում ինձ գրավեց, այն է, որ շփվում ես խելացի և քաղաքակիրթ մարդկանց հետ:
-
Բավական հաջողակ եմ, որ այնպիսի դպրոց եմ հաճախել, որտեղ հասկացել են, որ երկրից պետք է հաճախակի բացակայեմ, որպեսզի մասնակցեմ միջազգային մրցաշարերին: Իհարկե շատ կարևոր է դպրոց գնալ և շփվել հասակակիցներիդ հետ:
-
Հարգում եմ Անանդին, բայց նրանից չեմ վախենում: