chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Խորհուրդներ, որոնց հետևելով շախմատ խաղալը ավելի մեծ բավականություն կպատճառի

2019-Nov-22
Խորհուրդներ, որոնց հետևելով շախմատ խաղալը ավելի մեծ բավականություն կպատճառի

1․ Մի շտապիր

  Արագ ու կայծակնային շախմատը իսկական զվարճություն է, բայց արդյո՞ք կարող ես հիանալ խաղի նուրբ գեղեցկությամբ, երբ յուրաքանչյուր 2-րդ վայրկյանին քայլ ես կատարում․ միգուցե այո, եթե Հիկարու Նակամուրան ես։

  Մեզնից՝ մահկանացուներիցս որոշակի ժամանակ է պահանջվում՝ քայլի տարբերակները հաշվի առնելու, սկզբնախաղի պլնավորման և տակտիկայի համար։ Այնուհետև միայն մենք կարող ենք իսկապես բավականություն ստանալ շախմատի խորությունից։

  Միայն լուրջ, մտածված շախմատ խաղալիս է, որ մենք զգում ենք նրա էլեգանտ բարդությունը։ Եթե հոգնում ես արագ՝ 3 րոպեանոց խաղերից, ապա ինչու չփորձել խաղալ այլ ոճով, օրինակ՝օնլայն, երբ յուրաքանչյուր քայլ կատարելու համար ունես 3 օր ժամանակ։ Սա խորը վերլուծության հնարավորություն է տալիս, ինչը պարզապես հնարավոր չէ խաղատախտակի առաջ, ինչքան էլ որ ուժեղ լինես։

  Պետք է հիշել, որ չշտապել չի նշանակում պարտադիր երկար ժամանակով խաղալ, այլ պետք է կարողանաս օգտագործել ժամանակդ քայլերիդ մասին մտածելով, այլ ոչ թե վստահես ինտուիցիայիդ։ Խաղացողները միշտ էլ թույլ են տալիս արագ անմտածված քայլեր՝ շատ խաղաժամանակ ունենալով հանդերձ։ Խնդիրն այն է, որ շատ ավելի հեշտ է խաղալ լավ թվացող քայլ, քան ստուգել արդյոք այն իսկապես լավն է։

  Չնայած արագ շախմատը ավելի քիչ ջանք է պահանջում, վերջում ավելի քիչ բավականություն է պատճառում, քան ամբողջ մտածված պարտիան։  Օգտագործիր ժամանակը խաղացածդ դիրքի գեղեցկությունը գնահատելու համար և հավանաբար ավելի խորը կգնահատես քո սիրելի խաղը՝ շախմատը։

 

2․ Հիշիր հանգստանալու մասին

  Շախմատը, անշուշտ, երբևէ հորինված ամենահրաշալի խաղերից է։ Բայց պետք է հիշես, որ այն ընդամենը խաղ է։ Խիստ անհրաժեշտ է որոշ ժամանակ հանգստանալ և թեթևացնել գլուխը, որպեսզի կարողանաս դրական վերաբերմունք պահպանել, չէ՞ որ ժամանակ առ ժամանակ այն կարող է լինել շատ սթրեսային։

  Նույնիսկ աշխարհի ուժեղագույն շախմատիստները որոշ ժամանակը մեկ հանգստանում են։ Ճշմարտությունը մեկն է թե´ մեծ շախմատային տաղանդների, և թե´սկսնակ խաղացողների համար․ եթե դու հաճույք չես ստանում ավելի ուժեղ դառնալու քո փորձաշրջանից, ապա դու ավելի ուժեղ չես էլ դառնա։

  Երբ հետ ես վերադառնում խաղին, հանգստացիր և կենտրոնացիր շախմատային դիրքերիդ վրա։ Ապրիր տվյալ պահով, և կայացրու լավագույն որոշումները՝ անկախ արդյունքից։ Սա լավ խորհուրդ է կյանքի ցանկացած ասպարեզի համար և շախմատը բացառություն չէ։

 

3․ Հաճախ դուրս արի՝ դեպի շախմատային ակումբ

  Տեղի շախմատային ակումբ այցելելը հիանալի տարբերակ է՝ շփվելու այլ շախմատիստների հետ, ովքեր նույնպես փորձում են բարելավել իրենց խաղն ու բավականություն ստանալ շախմատից։ Հեշտ է մեկուսանալ համակարգչի առաջ և պայքարել ավելի լավ խաղ ցուցաբերելու համար։ Գտիր ակումբ և վայելիր հետաքրքրությունդ կիսողների ընկերակցությունը։

  Շախմատ խաղացողների ընկերակցությունը քեզ համար ոչ միայն հաճելի կլինի, այլև օգտակար, քանի որ քեզ կտա խաղդ բարելավելու մոտիվացիա։

  Եթե քո տարածաշրջանում չկա ակտիվ շախմատային ակումբ, ապա կարող ես փորձել ստեղծել այն ինքդ։ Հնարավոր է քո շրջակայքում շատ խաղացողներ լինեն, քան կարծում ես։ Հիմա, տեխնոլոգիաների զարգացած շրջանում, բավական հեշտ է ակումբային հանդիպումների կազմակերպումը։

 

4․ Արագացրու տեմպդ

  Սպասիր, չէ որ քիչ առաջ խորհուրդ տվեցինք չշտապել։ Սակայն երբեմն, դանդաղելու փոխարեն պետք է արագություն հավաքես, որ արյունդ եռա։

  Եթե չափազանց լուրջ վերաբերմունք ունես շախմատի նկատմամբ, և այնպիսի խաղացող ես, ով նախընտրում է երկար խաղաժամանակ, ապա արագ շախմատը կարող է շատ հետաքրքրություն մտցնել քո խաղի մեջ։ Մեկ ժամ մի պարտիայի վրա ծախսելու փոխարեն կարող ես 10 արագ պարտիա խաղալ կամ 30 կայծակնային՝ նույն մեկ ժամվա ընթացքում։

  Բնականաբար չես վայելի շախմատային խելամիտ պլան, բայց այն քեզ թույլ կտա բարելավել տակտիկական հմտություններդ։

  Արագ և կայծակնային շախմատի մարաթոններն իսկական զվարճանք են։ Իրար հաջորդող հաղթանակների շղթա, ինչը մեծ ադրենալին կտա քեզ։

  Արագ շախմատում հաջողությամբ առաջ անցնելու համար վերանայիր խաղացածդ յուրաքանչյուր պարտիան ու տես ինչ տակտիկական հնարավորություններ եք բաց թողել դու և հակառակորդդ։ Յուրաքանչյուր խաղում հասատ կլինեն մի քանի խոշոր վրիպումներ։

 

5․ Սիրիր պարտիաներիդ վերլուծությունները

  Ժամանակակից շախմատ խաղացողները <<երես առած>> են՝ <<զինված>> համակարգիչներով, պլանշետներով և բջջային հեռախոսներով․ սա երբևէ ապրած ամենաուժեղ շախմատիստի մոդելն է։ Երկու րոպեում կարող ես վերանայել խաղդ ՝ յուրաքանչյուր քայլի այնպիսի ճշգրտությամբ, ինչպես չէին կարող նույնիսկ աշխարհի չեմպիոնները։

  Հաղթես թե պարտվես, միևնույնն է, պետք է խաղացածդ պարտիան համակարգչով վերլուծես։ Եթե հաղթել ես, կտեսնես, թե ինչպես է ծրագիրը խաղն աստիճանաբար գնահատում ի օգուտ քեզ, իսկ պարտվելու դեպքում կարող ես տեսնել այն քայլերը, որոնք խաղալու դեպքում կփրկեիր խաղը։ Կարող ես նաև խաղի վերլուծությանը հրավիրել օնլայն հակառակորդիդ և միասին քննարկեք պարտիան ու փոխանակեք ձեր մտքերը։ Հիանալի տարբերակ ավարտված պարտիայից հաճույք ստանալու համար։

 

Թարգմանությունը՝ Նունե Նազարյանի

Աղբյուրը՝ http://www.chess.com/article/view/5-things-you-can-do-to-enjoy-chess-more