chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

"Ես չեմ խելագարվում հաղթանակի համար"․ ռուսական ChessPro կայքի հարցազրույցը մեր գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ

2020-Sep-28
"Ես չեմ խելագարվում հաղթանակի համար"․ ռուսական ChessPro կայքի հարցազրույցը մեր գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ
 
1․ Ունի՞ արդյոք շախմատային խաղը որևէ ընդհանրություն արվեստի հետ։
Միանշանակ այո։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ասպարեզ, որտեղ ստեղծագործություն է ծնվում, որը կարելի է դիտել տասնյակ անգամ ու չհոգնել, կարելի է արվեստի ճյուղ համարել։

2․ Որտեղի՞ց եք ոգեշնչվում։
Արվեստի մյուս ճյուղերից՝ երաժշտություն, գեղանկարչություն, պոեզիա, գրականություն, կինո․․․

3․ Մրցադահլիճում տիրող մթնոլորտը ազդու՞մ է Ձեր տրամադրության և ոգեշնչվելու վրա։
Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի դահլիճը մարդաշատ լինի։ Սիրում եմ, երբ մարդիկ գալիս և դիտում են խաղը․ այդ ժամանակ ավելի լավ եմ ինձ զգում։

4․ Չնայած այն բանին, որ հանդիսատեսը կարող է աղմկել կամ մոռանալ անջատել բջջայի՞նը։
Դրանք անխուսափելի են և ես հանգիստ եմ վերաբերում այդ ամենին։

5․ Հաղթելու ցանկություն յուրաքանչյուրն ունի․ իսկ կա՞  ձեր մեջ հաղթելու կիրք։
Ինձ մոտ ավելի շատ ցանկություն է, քան կիրք։ Հաղթելու ցանկություն կա, բայց ես չեմ խելագարվում դրա համար։ Ես աշխատում եմ անել ինձնից կախված ամեն հնարավոր բան, բայց եթե պարտվում եմ, այդքան էլ չեմ սրտնեղում, քանզի հասկանում եմ, որ միևնույնն է ոչինչ ետ չես բերի։ Չէ՞ որ իմ հակառակորդները ևս ցանկանում են հաղթել, իսկ ես նրանց հարգում եմ։ Եթե երկու հզոր շախմատիստ լավ խաղ են ցուցադրում, ուրեմն վերջին հաշվով բնավ պարտադիր չէ, որպեսզի հավասար պայքարում որևէ մեկը հաղթի։

6․ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք որոշ էլիտար շախմատիստներ ավելի շատ են ուշադրություն դարձնում հոգեբանությանը, քան մյուսները։
Կարծում եմ՝ յուրաքանչյուրն էլ ինչ-որ չափով ընկղմվում է հոգեբանական խնդիրների մեջ։ Երբեմն հոգեբանական մոտեցումը չարաշահում են, փորձում են ներթափանցել հակառակորդի ուղեղ և չեն կարողանում։ Օրինակ, անընդհատ փորձում են զարմացնել դիմացինին, իսկ դա հենց իրենց դեմ է աշխատում։
Իմ կարծիքով պետք չէ շատ տարվել այդ ամենով։ Կարևոր է, որպեսզի դու հենց շախմատ խաղաս։ Բայց անտեսել հոգեբանական պահերը ևս չարժէ։  Ես ոչ միշտ եմ ուշադրություն դարձրել այս ամենին, բայց վերջին 2-3 տարում ավելի շատ եմ այդ ամենով զբաղվում՝ օրինակ աշխատում եմ ընտրել դեբյուտները ըստ իմ հակառակորդի։

7․ Մագնուս Կարլսենը իրո՞ք հիանալի հոգեբան է, թե նա հիպնոզ է անում։
Կարծում եմ՝ նա պարզապես լավ շախմատիստ է։ Վստահ չեմ նրա հոգեբանական ունակությունների առումով, ես ոչ մի գերբնական բան ինձ վրա չեմ զգացել։ Բայց ամեն անգամ, երբ ուժեղ մրցակցի հետ ես խաղում, դա իր տեսակի մեջ հիպնոզ է։ Նման հակառակորդը կարող է իր ոչ ստանդարտ մոտեցումով և անսպասելի քայլերով զարմացնել քեզ։ Եվ բնավ կարևոր չէ, որպեսզի նա լինի 1-ինը իր վարկանիշով․ կարող է լինել 20-րդը, 50-րդը։ Ամեն ինչ կախված է նրա տրամադրվածությունից այդ մրցաշարի և իր մրցակցի հանդեպ։

8․ Լսել եմ, որ դուք Գաբրիել Սարգսյանի հետ միասին որոշել էիք բացել գրոսմայստերական դպրոց Երևանում։ Այն արդեն գործու՞մ է։
Դա սեսիոն դպրոց է։ Մի ժամանակ ես ինքս հաճախել եմ սեսիանեի Տ․ Պետրոսյանի դպրոցում։ Գաբրիելը արդեն մի քանի անգամ հավաքներ է անցկացրել, հուսով եմ՝ այս տարի ես ել կկարողանամ։ Արշակ Պետրոսյանն էլ է եղել այնտեղ, ինչպես նաև մեր մյուս գրոսմայստերները, ովքեր սիրով օգնում են մեզ։ Գուցե մեր հնաոճ հայացքները դեռ պետք գան երեխաներին։ Օրինակ դասականի ուսումնասիրությունը, ինչը, իմ կարծիքով, ամենաօգտակարն է, ինչ կարող է անել նոր աճող շախմատիստը։

9․ Կանցկացնեք սեսիաներ՝ հաշվի չառնելով ձեր ծանրաբեռնված գրաֆի՞կը։

Շատ կցանկանայի։ Շախմատը իմ երկրում դարձել է մեր մշակույթի մի մասը, և ես չէի ցանկանա, որպեսզի մենք կորցնենք դա։ Իմ ցանկությունը, որպեսզի հայերը միշտ խաղան շախմատ այնքան ուժեղ, որքան հիմա է։

  Հարցազրույցն ամբողջովին կարող եք կարդալ հղումով․