Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Հայաստանից ու այստեղ անցկացված աշխարհի առաջնությունից:
Ես երկրորդ անգամ եմ Հայաստանում: Միայն լավ հիշողություններ ունեմ Հաայաստանից, քանի որ անցյալ տարի ես Եվրոպայի անհատական առաջնությունից որակավորում ձեռք բերեցի Աշխարհի գավաթին խաղալու: Այս տարի ես 2 միավոր ավել հավաքեցի, կրկին գոհ եմ իմ խաղից:
Ամեն ինչ հիանալի էր կազմակերպված` հյուրանոցը, տեղանքը, ամեն ինչ հրաշալի էր, միայն սնունդը մի փոքր չհավանեցի:
Փորձեցի՞ք հայկական ազգային խոհանոցը:
Փակման արարողության ժամանակ մատուցված հայկական ուտեստերն ուղղակի հրաշալի էին: Նույնիսկ օդանավակայանից գնել եմ բաստուրմա ու բերել հետս տուն:
Օյ, հիանալի է: Կցանկանայի որ հայկական դոլմա նույնպես փորձած լինեիք: Այն իմ ամենասիրելին է:
Միգուցե կերել եմ, բայց միայն բաստուրմայի անունը կարողացա մտապահել:
Դուք հաղթողն եք 2003 թվականի Աշխարհի թիմային առաջնության, ինչպես նաև նույն թվականի Եվրոպայի թիմային առաջնության: Ձեր սպասումները այս տարվա առաջնությունից նու՞յնպես բարձր էին:
Դրանք երիտասարդական առաջնություններ էին: 2003 թվականին ես նաև հաղթեցի Եվրոպայի անհատական առաջնությունում: Կարող ենք ասել, որ այդ տարին միանշանակ հաջող էր, բայց իհարկե այս առաջնությունները չենք կարող համարել ուժեղագույն առաջնություններ ուժեղ շախմատիստներով: Հիշում եմ, որ այդ բոլոր 3 իրադարձություններում էլ ես ամենաբարձր վարկանիշ ունեցող խաղացողներից էի, ուստի հույսեր ունեի լավ արդյունք դրսևորելու:
Ի՞նչ տվեց Ձեզ այս տարվա առաջնությունը:
Շատ բարդ մցաշար էր` աշխարհի ուժեղագույն թիմերի մասնակցությամբ: Հեշտ տուրեր ու պարտիաներ չկային: Ես ուժերիս ներածին չափով փորձեցի օգնել իմ թիմին` լավ արդյունքի հասնել: Ուրախ եմ, որ մի քանի լավ պարտիաներ խաղացի ու հիանալի հաղթանակներ տոնեցի: Վերջնական արդյունքը լավ էր, բայց որոշ պարտիաներում պետք է ավելի լավ խաղացած լինեի:
Դուք գրոսմայստեր դարձաք 2004 թվականին, 17 տարեկանում, ինչպիսի՞ զգացում էր:
Հմմ, շատ տարիներ առաջ էր: Իրականում ես իմ նորմաներն ու վարկանիշը ձեռք էի բերել մինչև 16 տարեկան ժամանակ, սակայն ստիպված էի սպասել ՖԻԴԵ-ի կոչմանը: Իհարկե երջանիկ էի, բայց սա ընդամենը մի քայլ է շախմատիստի կյանքում, իսկ կարիերայի ամենաբարդ մասը գալիս է դրանից հետո:
Դա այն էր ինչի մասին միշտ երազե՞լ էիք: Ձեր մանկության երազանքը շախմատիստ դառնա՞լն է եղել:
Այո, ինձ միշտ էլ դուր է եկել շախմատը, չնայած այն չափազանց դժվար է: Քո առջև դրվում են շատ այլ պահանջներ, որոնք ինձ այդքան էլ դուր չեն գալիս:
Իսկ որո՞նք են այդ պահանջները:
Ֆիզիկական պատրաստվածություն, նյարդեր, հիշողություն, աշխատել համակարգչի հետ և այլն: Չկա միայն ու միայն շախմատ, երբ դու ուղղակի նստում ես խաղատախտակի մոտ ու խաղում, մինչդեռ ես շատ կուզենայի, որ հենց այդպես էլ լիներ...
Կուզենայի՞ք, որ Ձեր երեխաները նույնպես շախմատիստ դառնան:
Անշուշտ ոչ: Այն չափազանց բարդ է և եթե ինչ-որ պատճառով քեզ մոտ չստացվի, ապա կտանջվես քո ամբողջ կյանքում, մինչև սկսես նոր ինչ-որ բան: Լավ է, երբ շախմատը հոբբի է քեզ համար: Շախմատը շատ բաներ է սովորեցնում, ինչը կարող ես միշտ կիրառել քո կյանքում: Իսկ պրոֆեսիոնալ շախմատը լրիվ այլ է:
Շատ անգամ ու շատ շախմատիստներից եմ լսել այդ մասին: Ինձ ուղղակի հետաքրքիր է. եթե շախմատով զբաղվելն այդքան բարդ է, ի՞նչն է ձեզ տանում դեպի այն, ինչու՞ չեք կարող հետ կանգնել:
Շախմատը հրաշալի խաղ է: Հենց սկսեցիր, այլևս երբեք չես ուզում ավարտել:
Հարցազրույցը վարեց Նունե Նազարյանը
Հարցազրույցը անգլերենով ընթերցելու համար հետևեք հղմանը.
http://www.chess.am/interview/Csaba-Balogh-Interview