chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Գարիկ Գասպարով․ <<Արտասովոր մանկություն>>․ մաս 1-ին

2019-Aug-24
Գարիկ Գասպարով․ <<Արտասովոր մանկություն>>․ մաս 1-ին

  Բաքվի Երևանյան պողոտայի վրա կա մի հին շենք։ Այժմ այն հանրաճանաչ է։ Մանկության տարիներն այդտեղ է անցկացրել Գարիկ Գապարովը։ Քիչ այն կողմ ստվերախիտ, գեղեցիկ զբոսայգի է՝ շրջապատի երեխաների սիրած վայրը։ Երեխաների աղմկոտ խումբը կռվում է <<սուսերներով>>, <<կրակում>> փայտե ատրճանակներով։ Նրանց հետ, խաղով կլանված, վազում է կարճ շալվարով փոքրիկ Գարիկը։ Հենց այսպիսին նա առաջին անգամ ներկայացավ բաքվեցի շախմատիստներին՝ խանդավառ ու փայլուն աչքերով իննամյա մի երեխա, որը շուտով բոլորին ստիպեց խոսել իր մասին։

  ․․․Անցկացվում էին քաղաքի առաջնության կայծակնային խաղի ընտրական մրցումները։ Այն սեղանից, որի մոտ կանգնած խաղում էր Գարիկը (նստած վիճակում դժվար էր հնազանդեցնել բոլոր ֆիգուրները), մրցակիցները՝ առաջին կարգայիններ, վարպետության թեկնածուներ, մեկը մյուսի հետևից հեռանում էին պարտված։

  Շատերին թվում էր, թե դա թյուրիմացություն էր։ Բայց Գարիկը շարունակում էր խաղալ <<մեծավարի>> և հեշտությամբ եզրափակիչի ուղեգիր է ձեռք բերում։

  Գարիկը ծնվել ու մեծացել է հայ ընտանիքում։ Նրա պապը՝ ինժեներ-նավթագործ Շահեն Գասպարովը, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հադրութ գյուղից էր։ Նա հիանալի երգում էր, նվագում, նվագում, ոսկի ձեռքեր ուներ։ Շահենն այնքան էր սիրում երաժշտություն, որ սովի տարիներին, չնայած սուղ միջոցներին, ջութակ է գնում։ Գասպարովների հարկի տակ մշտապես հնչում էին հայկական երգն ու երաժշտությունը (հիմնականում Սայաթ-Նովա), որոնք մեծ վարպետությամբ էր կատարում Շահենը։

  Շահենի կինը՝ Սուսաննա Բաղդասարովնան, որը նույնպես Հադրութի շրջանից էր, բարձրագույն կրթություն էր ստացել Մոսկվայում։ Լինելով բազմակողմանի զարգացած կին՝ նա մեծ դեր է խաղում երեխաների դաստիարակման գործում։

  Գարիկի մայրը՝ Կլարան, հիանալի երգում էր, 5-6 տարեկանից շախմատ խաղում, բասկետբոլ էր պարապում, ուներ մարզական կարգ և մասնակցում էր քաղաքային մրցումներին։ Կլարան ամուսնացավ ուսանողական ընկերոջ՝ Կիմ Վայնշտեյնի հետ։ Հանձին նրա՝ Կլարան տեսնում էր ոչ միայն խելացի, այլև յուրօրինակ մարդու։

  Կլարան ու Կիմն արտասովոր ընդունակություններ ունեին։ Կլարան համարյա անգիր գիտեր ռուս գրականությունը՝ Պուշկին, Լերմոնտով, Բլոկ, Պաստեռնակ։ Իսկ սերը շախմատի նկատմամբ հայրն էր սերմանել։ Շահեն Մովսեսովիչը շատ էր սիրում այդ իմաստուն խաղը և նրանց ընտանիքում հաճախակի էին վեճի բռնվում 64 վանդակների վրա։

  Կլարան շատ էր կապված ծնողներ հետ։ Նրա երկու քույրերն ամուսնացել ու հեռացել էին հայրական օջախից, և Կլարան որոշում է ամուսնու հետ ապրել իր ծնողների մոտ։

  Կիմ Վայնշտեյնը ինժեներ էր, աշխատում էր Բաքվի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, հեղինակ էր մի շարք գիտական աշխատությունների և գյուտերի։ Նա մեծ սեր էր տածում պատմության ու արվեստի նկատմամբ, շախմատի ջերմ երկրպագու էր։

  Գարիկը վաղ է սովորում հաշվել ու գրել։ Նախքան դպրոց գնալը նա հրապուրվում է նաև աշխարհագրությամբ ու պատմությամբ։ Մի անգամ նրա ձեռքն է ընկնում աշխարհագրության մի տեղեկատու՝ հարուստ երևակայությամբ օժտված երեխան սկսում է հրապուրիչ <<ճանապարհորդություններ>> կատարել աշխարհի քարտեզի վրա։

  Ընտանիքում փոքրիկ Գարիկի հետ զբաղվում էին բոլորը։ Հաճախ էր Գարիկը հյուրերին դիմավորում շախմատը թևի տակ ու բոլորին խնդրում էր խաղալ իր հետ։ Հյուրերը պարտված հեռանում էին։

  1970 թվականի հունվարին, ծանր հիվանդությունից հետո, մահանում է Կիմ Վայնշտեյնը։ Ամուսնու մահից հետո Կլարան մտածում էր ոչ միայն երեխայի ապագայի, այլև ծնողների մասին, որոնք այդ ժամանակ ենթարկվել էին վիրահատության։ Նա որդուն դաստիարակում էր սպարտացիների ոգով։ Երեխան մեծանում էր չափավոր ու զուսպ։

  Շահեն Գասպարովը, զգալով, որ իր առողջական վիճակը գնալով վատանում է (մահացել է 1983 թ․), դիմում է Կլարային ու նրա ամուսնու բարեկամներին և խնդրում նրանց համաձայնությունը՝ որդեգրելու 11-ամյա Գարիկին։ Պայմանավորվածության համաձայն, փոխվում է միայն երեխայի ազգանունը։ 1979 թվականի ապրիլի 13-ին լրանում է Գարիկի տասնվեց տարին։ Նա պետք է բախտորոշ քայլ կատարեր՝ ընտրեր իր ազգությունը։ Եվ անձնագրում, ազգության դիմաց, գրում է հայ։

  Գարիկը հորից ժառանգել է սեր պատմության և փիլիսոփայության նկատմամբ, պապից՝ արդարամտություն։ Նա քաջատեղյակ է համաշխարհային, այդ թվում նաև հայ ժողովրդի դարավոր պատմությանը։ Նրան հատկապես հետաքրքրում է հին Հայաստանի պատմությունը։ Գարիկը քաջածանոթ է համաշխարհային և հայկական պոեզիային։ Արտասանում է Պաստեռնակ,  Բլոկ, Պուշկին։ Նրան դուր է գալիս հատկապես Պարույր Սևակի պոեզիան։

  Երբ լրանում է Գարիկի վեց տարին, որոշում են երեխային երաժշտական կրթություն տալ։ Եվ այստեղ առաջին անգամ շախմատի աստվածուհի Կաիսան գործի է դնում իր <<կախարդական փայտիկը>>։ Այդ երեկո Գարիկի ծնողները երկար, բայց ապարդյուն ճգնում էին լուծել շախմատային մի դժվարին խնդիր։ Երեխան նստել էր նրանց կողքին և աչքը չէր հեռացնում զարմանալի խաղատախտակից։ Առավոտյան, երբ նստելու էին նախաճաշի, Գարիկն առաջարկում է իր հնարամիտ քայլը։ Զարմացած ծնողների համար դա անբացատրելի էր, քանի որ խաղի կանոնները, ինչպես հարկն է, Գարիկին դեռ ոչ ոք չէր բացատրել։ Այդ պահից հին ու իմաստուն խաղը տիրակալի իրավունքով հաստատուն տեղ գրավեց տղայի կյանքում։

  Գարիկը յոթ տարեկան էր, երբ սկսեց հաճախել պիոներների ու դպրոցականների պալատի շախմատի խմբակ։ Նրա առաջին ուսուցիչը փորձառու մարզիչ Օլեգ Պրիվորոտսկին էր։ Ճիշտ է, Պրիվորոտսկին չուներ վարպետի կոչում, սակայն քաջ ծանոթ էր տեսությանը և պրակտիկ խաղի  մեծ փորձ ուներ։ Նրա մարզած շնորհալի շախմատիստներն այսօր էլ հաջողությամբ են հանդես գալիս համամիութենական և միջազգային մրցաշարերում։

  Մի քանի պարապմունքից հետո մարզիչն ապշած էր առաջին դասարանցու արտակարգ ընդունակություններով։ <<Ես չգիտեմ, այսպիսի անսովոր սկսնակներ արդյո՞ղ եղել են եւրիշ քաղաքներում, բայց մեզ մոտ՝ Բաքվում, այսպիսի երեխա դեռ չէր եղել>>, - հայտարարում է Պրիվորտսկին։

  Գարիկը, ճիշտ է, դեռ թույլ էր խաղում, սակայն մյուս նորեկներից տարբերվում էր արտասովոր հիշողությամբ։ Հիշում էր աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղերի տարեթվերն ու առանձին պարտիաների արդյունքները։ Երբ սկսվում էր շախմատային կոմպոզիցիաների վերլուծությունը, նա ամբողջովին փոխվում էր․ զգացվում էր, որ այդ րոպեներին նա վերանում էր շրջապատից։

   1973 թվականին անցկացվեց ոչ սովորական մրցաշար, որտեղ իրենց ուժերը չափեցին մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչներն ու սաներից առաջին կարգայինները։ Տասնամյա Գարիկը լրացրեց վարպետության թեկնածուի նորման։ Դա նրա առաջին լուրջ հաջողությունն էր։

 

Գագիկ Հակոբյան <<Տասներեքերորդը>>

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր