chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Գարի Կասպարով․ <<Արտասովոր մանկություն>>․ մաս 2-րդ

2019-Jul-23
Գարի Կասպարով․ <<Արտասովոր մանկություն>>․ մաս 2-րդ

Վարպետության թեկնածուի նորման լրացնելուց հետո մոտավորապես կես տարի առաջ Գարին գրավել էր մասնագետների ուշադրությունը։ Վիլնյուսում՝  համամիութենական երիտասարդական խաղերի եզրափակիչ առաջնությունում, խաղալով վարպետության թեկնածուների հետ՝ Գարին ոչ մի պարտություն չկրեց։ Առաջին մարտական մկրտությունն անցավ հաջողությամբ։

  Իհարկե, նորեկի համարձակ ու գրագետ խաղը չէր կարող աննկատ մնալ։ Փորձված մարզիչ, սպորտի վարպետ Ալեքսանդր Նիկիտինը ոգևորված վերադառնալով Մոսկվա՝ Բոտվիննիկին պատմեց իր վառ տպավորությունները Գարիի խաղի մասին։

  Շուտով Կասպարովը հրավիրվեց Մոսկվա՝ մասնակցելու սովետական շախմատային դպրոցի հիմնադիր, աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հեռակա դպրոցի սեսիոն պարապմունքներին։ Այդ դպրոցը հայտնի է իր լավ ավանդույթներով և այդ մասին շատ է գրվել։ Տարվա մեջ երկու-երեք անգամ երկրի տարբեր վայրերից քսան շնորհալի պատանիների և աղջիկների հրավիրում են հավաքի։ Բոտվիննիկը բոլորի հետ վերլուծում է նրանց պարտիաները, ստուգում նախորդ հանձնարարությունները և առաջադրանք է տալիս չորս ամիսների համար։ Տարբեր ժամանակներում այդ դպրոցի սաներն են եղել աշխարհի եռակի չեմպիոն Անատոլի Կարպովը, գրոսմայստերներ Յուրի Ռազուվաևը և ուրիշ հայտնի շախմատիստներ։

  Տարիներ անց ահա թե ինչ է խոստովանել Կասպարովը․ <<Հինգ տարի՝ 1973-1978 թթ․ ես դաստիարակվել եմ Բատվիննիկի դպրոցում և ինձ համարում եմ նրա աշակերտը։ Նա էր որոշում իմ խաղի զարգացման գլխավոր ուղղությունը։ Բոտվիննիկից ստացել եմ արժեքավոր խորհուրդներ, որոնց վերաբերվում եմ մեծ հարգանքով և ուշադրությամբ>>։

  Հետաքրքիր է իմանալ նաև Բոտվիննիկի առաջին տպավորությունը․

  <<Դեռ այն ժամանակ, երբ տասը տարեկան Գարին ընդունվում էր պատանիների հեռակա դպրոց, ինձ զարմացրեց շախմատի պարտիայի բարդ տարբերակները ճիշտ հաշվարկելու նրա ունակությունը, ինչպես նաև շախմատային խաղում վարպետության մակարդակի հասնելու նրա անսքող և ուժեղ ձգտումը․․․ 1977 թվականից սկսած նա ֆիզիկապես ամրապնդվեց և ուժեղացավ նրա ստեղծագործական եռանդը։ Գարիn տպավորիչ արդյունքների հասավ>>։

  Շախմատը Կասպարովի համար նույնիսկ մանկության տարիներին երբեք չի եղել սոսկ խաղ, ժամանց։ Ռուս մեծ շախմատիստ Ալեքսանդր Ալյոխինի խոսքերը՝ <<Շախմատի օգնությամբ ես դաստիարակեցի բնավորությունս>> տղայի հոգում այնպիսի խանդավառություն առաջացրին, ինչպես շախմատային հանճարի չգերազանցված կոմբինացիաները։

  Շուտով Գարին չի պատկերացնում իր կյանքն առանց այդ հասարակ փայտե ֆիգուրների, որոնք ստեղծում են արտասովոր կախարդական աշխարհ, որի դռները յուրաքանչյուր օր ստիպված էր լինում նորից ու նորից բախել․․․

  Շախմատային բարձունքները Կասպարովը հաղթահարեց բավական սրընթաց, մեկ հպումով։ Եկեք համոզվենք, տասը տարեկանում վարպետության թեկնածու էր, տասներեքում՝ երկրի պատանիների կրկնակի չեմպիոն, տասնչորսում՝ սովետական շախմատի պատմության մեջ ամենակրտսեր վարպետն էր, տասնվեցում՝ ստանում է միջազգային վարպետի կոչում, մեկ տարի հետո նրան շնորհվում է միջազգային գրոսմայստերի կոչում, իսկ 18 տարեկանում նվաճում է Սովետական միության չեմպիոնի պատվավոր կոչումը, ապա վստահ հաղթանակ է տանում միջփնջային մրցաշարում։ Մի քանի ամիս անց հաղթահարում է հավակնորդների մրցախաղերի առաջին արգելքը, այնուհետև՝ նաև երկրորդը։ Քսանմեկ տարին չբոլորած՝ դառնում է աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովի միակ մրցակիցը, իսկ մեկ տարի անց պարտության է մատնում նրան։

  Կարող է թվալ, թե այսքան ակնառու հաջողությունները հեշտությամբ են ձեռք բերվել։ Ոչ։ Գարին ամեն օր ժամերով ուսումնասիրում ու վերլուծում է հարյուրավոր պարտիաներ, վերամշակում վիթխարի քանակությամբ շախմատային ինֆորմացիա, որոնց յուրացմանը նպաստում է ոչ միայն արտասովոր հիշողությունը, այլև պարապմունքների խիստ սիստեմի իրականացումը, որը պատանի շախմատիստի համար մշակել է Բոտվիննիկը։ Գարիկը ուսանելի շատ բան սովորեց իր գլխավոր ուսուցչից՝ և՛ տիրապետել շախմատային վերլուծության արվեստին, և՛ կարողանալ ջանասիրաբար ու հետևողականորեն նախապատրաստվել մրցումներին։

  <<Ես համոզված եմ, որ Կասպարովը կարող է աճել և դառնալ մեծ շախմատիստ։ Միակ դժվարությունն այն է, որ անհրաժեշտ է նրան այդ մակարդակին հասցնել զգույշ, աստիճանաբար>>, - տարիներ առաջ գրել է Բոտվիննիկը։

  Գարին հիշում է իր ուսուցչի  նաև այն խորհուրդը, որ մրցակիցներին, որքան էլ նրանք ահեղ լինեն, պետք է հարգել, ոչ թե վախենալ։ Նա խաղաղ արդյունքի հետ սովորաբար համաձայնվում է այն դեպքում, երբ սպառված են լինում պայքարի բոլոր հնարավորությունները։ Նրա համար կարևորը ստեղծված դիրքն է, դրա հեռանկարները, պահանջները։ Եթե հաղթանակի համար կան ամենափոքր հնարավորությունները, Կասպարովն իրեն պարտավոր է համարում դրանք <<քամել>>։

  Եվ ահա մանկական երազանքները դառնում են իրականություն։ Կասպարովն իր սիրելի շախմատիստների հետ ոչ միայն դեմ դիմաց նստում է խաղատախտակի առջև, այլև հաճախ հաղթում է նրանց։ Ավելին, այժմ շատ երեխաների համար արդեն ինքն է կուռք դառնում։ Նա մեծ բավականությամբ այցելում է իր հարազատ պիոներիների պալատ, մանկապատանեկան մարզադպրոց և երեխաների հետ խաղում է անթիվ քանակությամբ կայծակնային պարտիաներ։ Նա օգնում է նրանց կատարելու մարզիչների հանձնարարությունները, պատմում է գրոսմայստերների հետ իր մենամարտերի մասին։ Հաջողությունները ստիպում են արագ մեծանալ։ Աշակերտն արդեն ինքն է ուսուցչի դերում։ Բոտվիննիկի հեռակա դպրոցի սեսիաներից մեկի ժամանակ Գարին առաջին անգամ մեծ հաջողությամբ հանդես եկավ որպես ընթերակա։