chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հրանտ Մելքումյան. <<Յուրաքանչուր հայ շախմատիստի համար պատվաբեր է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում>>

2021-Feb-28
Հրանտ Մելքումյան. <<Յուրաքանչուր հայ շախմատիստի համար պատվաբեր է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում>>

Շնորհավորում ենք Ձեզ և մեր շախմատի ազգային հավաքականի բոլոր շախմատիստներին` աշխարհի առաջնության բրոնզը նվաճելու առթիվ: Առաջին անգամ եք խաղում աշխարհի առաջնություն` ազգային հավաքականի կազմում, Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

Շնորհակալություն: Յուրաքանչուր հայ շախմատիստի համար պատվաբեր է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, հատկապես որ մեր ընտրանին նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները: Տպավորությունները միայն դրական էին:

 

Որպես առաջին անգամ, լարվածությունը խանգարու՞մ էր:

Ի տարբերություն անհատական մրցաշարերի` թիմայինում լարվածությունը ու նաև պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, քանի որ քո յուրաքանչյուր քայլից կախված է մրցախաղի արդյունքը:

 

ԱՄՆ-ի և Հնդկաստանի հետ խաղերի ժամանակ որոշիչ հաղթանակներ տարաք մեր թիմի համար: Ինչպիսի՞ն էին Ձեր տպավորությունները, սպասու՞մ էիք նման արդյունքի:

 Երկու դեպքում էլ իմ պարտիաներն ավարտվեցին վերջինը: Երբ արդեն մոտ էի հաղթանակին, լարվածությունը հասել էր գագաթնակետին, քանի որ յուրաքանչուր անփութություն կարող էր թիմին զրկել հաղթանակից: 

 

Ի՞նչ եք զգում հիմա, արդեն բրոնզե մեդալ նվաճելուց հետո:  

 Անշուշտ բոլորս ձգտում էինք նվաճել ոսկե մեդալներ, սակայն անհաջող մեկնարկից հետո ուրախ եմ, որ չընկճվեցինք և կարողացանք նվաճել բրոնզե մեդալներ:

 

Ինչո՞վ այս մրցաշարը կարևորվեց Ձեզ համար:

Առաջին անգամ էի հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Ձեռք բերեցի փորձ, որը հետագայում ինձ կօգնի ապագա մրցաշարերի ժամանակ:

 

Մի փոքր կպատմե՞ք` ինչպե՞ս սկսվեց ձեր շախմատային կյանքը, ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք շախմատով զբաղվել:

Շախմատ խաղալ ինձ սովորեցրել է Հրանտ պապս, երբ ես հինգ տարեկան էի: Վեց տարեկանից սկսեցի հաճախել շախմատի տան խմբակներից մեկը, որտեղից էլ սկսվեց իմ շախմատային ճանապարհը: Այդ ժամանակվանից մինչ օրս շախմատը իմ ամենասիրելի զբաղմունքն է:

 

Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում մասնակցել, որո՞նք են Ձեր պլանները:

Երկու շաբաթից կմեկնեմ Հունգարիայի Զալակարոշ քաղաք՝ մասնակցելու ուժեղ <<open>> մրցաշարի: Այնուհետև կմասնակցեմ մի քանի այլ մրցաշարերի, իսկ նոյեմբերին Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեմ Եվրոպայի թիմային առաջնությանը:

 

Հարցազրույցը վարեց Նունե Նազարյանը

 

 

 

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր