Շախմատ խաղալը համակարգչի և իրական մարդու հետ մեծապես տարբերվում են միմյանցից. հիմնական տարբերությունն այն է, որ վերջինիս դեպքում առկա է հոգեբանության գործոնը: Պարտված պարտիան վերլուծելիս ձեռք ես բերում ոչ միայն շախմատային գիտելիքներ, այլև տեղեկություններ ինքդ քո մասին: Այս ամենը կարող ես ի օգուտ քեզ կիրառել հետագա խաղերի ժամանակ` իմանալով, որ հակառակորդդ նույնպես կարող է զգալ անմիտ վախեր, չափից շատ ինքնավստահություն, ցածր կենտրոնացվածություն և այլն:
1. Ճանաչիր ինքդ քեզ:
Այս հայտնի լատինական աֆորիզմը գործում է ինչպես և կյանքում, այնպես էլ շախմատում: Քո մասին փաստերը, որոնք իմանում ես վերլուծելով քո խաղը, հնարավորություն են տալիս իմանալ քո բնավորության թերությունների մասին, որոնք քեզ խանգարում են խաղատախտակի մոտ:
- Արդյոք դու մերժեցիր ավելի թույլ կարգով շախմատիստի` խաղը ոչ ոքի ավարտելու առաջարկը և փոխարենը պարտվեցիր, որովհետև հպարտությունդ բարձր էր:
- Չափազանց ինքնավստահ էիր և ուշադրությունդ թուլացրեցիր` արդյունքում կորցնելով թագուհուդ:
- Սկսեցիր ոչ տեղին վախենալ ու գործել գոյություն չունեցող սպառնալիքների, հարձակումների դեմ:
- Չափազանց ալարկոտ էիր քայլերդ հաշվարկելու համար:
Պարտիադ վերլուծելիս գտիր հետևյալ հարցերի պատասխանները և դրանք ավելացրու քո շախմատային թերությունների շարքում:
2. Երբ արդեն ավելի լավ ես հասկանում ինքդ քեզ, փորձիր հասկանալ հակառակորդիդ:
Եթե իսկապես լավ ես տիրապետում մարդկանց մտքերը կարդալու արվեստին, ապա օգտագործիր այն: Սակայն սա կնշանակի օգուտ քաղել թերություններից, որ բոլորս էլ ունենք: Չէ՞ որ հակառակորդդ էլ հնարավոր է, որ կարդա քո մտքերը: Ուստի դարձրու սպառնալիքներդ անտեսանելի:
Սպառնալից քայլերը թաքցնելու համար պետք է համոզված լինել, որ երբ հակառակորդդ ինքն իրեն հարցնի <<Ինչու՞ այդ քայլն արեց>>, նա կգտնի պարզ պատասխան: Լավագույն սպառնալիքըը այն է, որը հակառակորդի սպառնալիքին պատասխան է և միևնույն ժամանակ ինքն իր մեջ նոր սպառնալիք է պարունակում: <<Ինչու՞ իր փիղն այստեղ եկավ, ահա, պաշտպանելու ձիուն, որի վրա ես հարձակվել եմ>>. շատ խաղացողներ այստեղ կանգ են առնում` համարելով որ գտել են բաղձալի հարցի պատասխանը` ալարելով մտածել արդյոք հակառակորդի տվյալ քայլի համար այլ նպատակ կա: Ինչքան ուժեղ է շախմատիստը, այնքան խորը և ծանր է նա մտածում:
3. Օգտագործիր միաժամանակ երեք հարձակում:
Շախմատի մարզիչ և վարպետ Բրայան Վոլը միշտ ասում էր, որ թույլ շախմատիստները վհատվում են 3-ական հարձակումից: Նրանք սկսում են հոգեբանորեն հանձնվել: Երեք թիվը գործում է հրաշքի նման:
4. Այն ինչ կարող ես անել 2 քայլով, արա 10 քայլով:
Սա ստիպում է հակառակորդիդ կորցնել զգուշությունը: Նա քո վերջին 6 քայլերի մեջ իմաստ չի գտնի և կդադարի կենտրոնացած լինել: Համոզված եղիր, որ այդ անիմաստ քայլերը ապահով դիրքում են արվում և քեզ համար խնդիրներ չեն ստեղծի:
5. Զարմացրու հակառակորդիդ:
Երբեմն նույնիսկ անիմաստ զոհաբերությունը կարող է հաջողություն ունենալ` շնորհիվ հակառակորդի մոտ ստեղծված շոկային վիճակի: Սա չի նշանակում որ պետք է անիմաստ զոհաբերություններ անես, բայց պատճառներից մեկը, որ ագրեսիվ խաղացողները հաճախ հաղթում են այն է, որ նրանց հաջողվում է ահաբեկել հակառակորդին ու տանել նրանց դեպի անմիտ պարտություն: Հիշիր, որ այս, երբեմն ճշմարիտ է կյանքում. մարդիկ սպառնում են ու ահաբեկում: Մի ենթարկվիր նրանց: Մնա օբյեկտիվ:
6. Երբեմն խաղատախտակի մոտ եղիր կեղծավոր:
Սա իր մեջ ներառում է հետևյալը.
- Մի նայիր խաղադաշտի այն մասին, որի շուրջ դու իրականում մտածում ես,
- Ձևացրու, թե կենտրոնացած ես խաղի վրա, երբ հակառակորդդ մոռացել է սեղմել ժամացույցի կոճակը, որպեսզի նա չնկատի, որ իր ժամանակը գնում է:
Այնպիսի լարված խաղում, ինչպիսին շախմատն է, մեր վրա կարող են ազդել շարժուձևերը, հայացքը և այլ մանր փաստեր:
Թարգմանությունը՝ Նունե Նազարյանի