chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ռաֆաել Քոթանջյան․ Ես միշտ հպարտանում եմ մեր օլիմպիական չեմպիոններով, անգամ խաղացել եմ նրանց հետ

2020-Sep-28
Ռաֆաել Քոթանջյան․ Ես միշտ հպարտանում եմ մեր օլիմպիական չեմպիոններով, անգամ խաղացել եմ նրանց հետ

Ձեզ ենք նարկայացնում «Շախմատային Հայաստանի» հարցազրույցըՀայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հանրահայտ եւ սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանի հետ։  

 

- ՊարոնՔոթանջյան, սիրո՞ւմ եք շախմատ խաղալ:

 

- Ես պետք է ասեմ, որ իմ պատասխանը, հավանաբար, անսպասելի կլինի: Ես, իհարկե, շատ եմ սիրում շախմատը, քանի որ հետաքրքիր եւ անսովոր մտածելակերպ ունեմ եւ չէի կարող չհետաքրքրվել շախմատով: Բայց միեւնույն ժամանակ ես իմ ուրույն վերաբերմունքն ունեմ շախմատի հանդեպ: 

Մի առակ կա` բոլորն իրար հարցնում են, թե ինչպես է հազարոտնուկը իր այդքան ոտքերով կարողանում քայլել, եւ հենց հազարոտնուկը սկսում է մտածել` ինչպես է քայլում, այլեւս չի կարողանում քայլել: Սա պատմում եմ, որ իմ շախմատային պատմությունը ավելի հասկանալի լինի: 

 

Ես ավարտում էի թատերական ինստիտուտը եւ ունեի բազում առաջարկներ տարբեր թատրոններում աշխատելու: Իմ դիպլոմային ներկայացումը նայողներից մեկը Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնի տնօրենն էր, եւ նա ինձ առաջարկեց գնալ Կապան: Համաձայնվեցի: Եկա այդ թատրոն, որտեղ բոլորը հետաքրքրված էին շախմատով: Օրինակի համար ասեմ, որ նարդի ոչ ոք չէր խաղում, անհնար էր թատրոնում այն ժամանակ նարդի պատկերացնել, դա լուրջ չէր: Մարդիկ կա’մ շախմատ էին խաղում, կա’մ գիրք էին կարդում, կա’մ ոչինչ չէին անում:

 

Քանի որ ես նոր մարդ էի թատրոնում, ինձ առաջարկեցին շախմատ խաղալ լավագույն խաղացողներից մեկի հետ: Ինձ փորձում էին. եթե լավ խաղայի, այլեւս ՙխնդիր չէի ունե-նա՚: Ես այդքան էլ լավ չէի տիրապետում շախմատին, քայլերը, բնական է, գիտեի, բայց գրագետ չէի խաղում: Սկսեցինք խաղալ, դեռ առաջին երկու քայլն էինք արել, երբ բախտս բերեց: 

 

Սենյակում փոքրիկ ռադիո էր միացված, որը, եթե ճիշտ եմ հիշում, ՙԱմերիկայի ձայնի՚ ալիքի վրա էր: Նվագում էին մի գործ: Ես ասացի` դաշնակահար Բայրոն Ջանիսն է: Ինձ չհավատացին, կարծեցին, որ ուզում եմ խելացի երեւալ: Մեկ էլ ռադիոյով երաժշտությունը ավարտվեց, եւ հաղորդավարն ասաց. ՙՁեզ համար այսինչ ստեղծագործությունը նվագեց ամերիկացի դաշնակահար Բայրոն Ջանիսը՚: Թատերական ամբողջ խումբը զարմացած շուռ եկավ դեպի ինձ: Եվ այդ ընդհանուր շփոթության մթնոլորտում ես դիմացինիս առաջարկեցի ոչ-ոքիով ավարտել պարտիան: Նա այնքան ազդված էր, որ համաձայնվեց, եւ մենք ոչ-ոքի կնքեցինք: 

 

Դրանից հետո ամբողջ թատրոնով տարածվեց, որ Ռաֆայել Քոթանջյանը փայլուն շախմատ խաղացող է, բայց չգիտես ինչու խաղալ չի սիրում: Ես ուզում էի այդ անունս պահել, գիտեի, որ եթե մեկ անգամ էլ խաղամ, պարտվելու եմ եւ մարդկանց կարծիքն իմ մասին փոխեմ (ժպտում է): Եվ սա է, երբ ասում են, եթե միանգամից հաջողության ես հասնում, հնարավոր է` այլեւս վրադ չաշխատես եւ մնաս նույն մակարդակի վրա: Ինձ մոտ այդպես էլ եղավ: Ցավոք, ես շախմատ լավ խաղացող համարվեցի եւ այլեւս չզարգացա շախմատի մեջ: Սակայն մինչ օրս էլ կարող եք կարծիքներ լսել, որ ես շախմատ շատ լավ եմ խաղում: 

 

- Շախմատիստ լինելու մասին երբեւէ մտածե՞լ եք:

 

- Իրականում` ոչ: Ամեն մեկը մի բանի համար է ստեղծված: Ես միշտ հպարտանում եմ մեր օլիմպիական չեմպիոններով, անգամ խաղացել եմ նրանց հետ: Դա այն ժամանակ էր, երբ մեր հավաքականը նոր էր հաղթել: Կամերային երաժշտության շենքում դրվեցին բազում խաղատախտակներ, եւ արվեստի մեր լավագույն գործիչները պետք է խաղային չեմպիոնների դեմ: Ես միանգամից հասկացա, որ պայքարելն անիմաստ է եւ արքայիս պառկեցրի: Ինձ կողքից ասում էին` տեղ ունես խաղալու, խաղա’, բայց ես չէի ուզում ինձ ծիծաղելի վիճակի մեջ դնել: Չեմպիոնների դեմ խաղալն անհնար է: 

 

Ավելացնեմ, որ եթե որեւէ ազգ մեկ աշխարհի չեմպիոն է ունենում, դա արդեն հպարտանալու տեղիք է, իսկ մեր փոքրաքանակ հայությունը երկու աշխարհի չեմպիոն է ունեցել` Տիգրան Պետրոսյան եւ Գարրի Կասպարով: Եվ այստեղ արդեն կարեւոր չէ, թե Կասպարովի արյան քանի տոկոսն է հայկական, քանիսը հրեական: Մեր շախմատիստներին մենք պետք է լավ նայենք: Որքան էլ լինեն Շավարշ Կարապետյանի պես հերոսներ, այնուամենայնիվ, իմ կարծիքով` ուղեղի մարզիկներն ավելի արժեքավոր են:

 

- Իսկ Տիգրան Պետրոսյանին հանդիպե՞լ եք:

 

- Նա արդեն չեմպիոն էր, երբ եկել էր Երեւան: Մենք բոլորով գնացել էինք նրան ողջունելու, սակայն միայն հեռվից տեսնելու հնարավորություն ունեցանք, մոտենալ չստացվեց:

 

- Այսօր Ձեր կյանքում շախմատն ինչպե՞ս է օգնում:

 

- Ես այսօր չեմ հասցնում շախմատ խաղալ, հազիվ հասցնում եմ գիրք ընթերցել: Սակայն շախմատը շատ բան է տալիս: Շախմատը նախեւառաջ տրամաբանություն է սովորեցնում: Այսօր մեր երեխաները դպրոցում շախմատ խաղալ են սովորում, եւ դա շատ լավ է, մենք տրամաբանորեն մտածող սերունդ ենք ունենալու: Միակ մտավախությունն այս դեպքում այն է, որ շախմատը նորաձեւության տուրք չդառնա: 

 

Շախմատը սովորեցնում է, որ դու չես կարող վստահ լինել, որ ամենաուժեղն ես, կարող ես ընդամենը մեկ անգամ սխալվել եւ հաղթողից վերածվել պարտվողի: Նման բան նաեւ պոկերում կա: Անսպասելիությունը շատ է շախմատում: Բացի այդ, շախմատի ամենակարեւոր սկզբունքն է` չհանձնվել դիմացինիդ, պայքարել մինչեւ վերջ, քանի որ հենց ամենավերջին պահին կարող է ստեղծվել իրավիճակ, որ կփոխի ամեն ինչ դեպի հաղթանակ: Մեկ ժամվա 59 րոպեն դու կարող է ունենաս այն տպավորությունը, որ հաղթում ես, սակայն վերջին րոպեին պարզվի, որ քո հաղթանակը միայն ուղեղումդ է եղել: 

 

Այդ պատճառով Օմար Խայամն իր ռուբայիներից մեկը շախմատին է նվիրել, որում ասում է, որ կյանքը շախմատ է` մե’կ գիշեր է, մե’կ ցերեկ, մենք ընդամենը զինվորներ ենք, մեզանով խաղում են եւ հետո դնում մութ արկղի մեջ: Սա մռայլ չէ, պարզապես իրատեսական է: 

 

- Երբեւէ որեւէ տեսարան խաղացե՞լ եք շախմատի հետ կապված:

 

- Մեկը հաստատ եմ հիշում. ՙԾովահենների կայսրություն՚ ֆիլմում էր: Ես կանգնած նայում եմ քարտեզին, որը վերածվում է շախմատային խաղատախտակի եւ հակառակորդիս հետ նավեր եմ շարում դրա վրա: 

 

- Թատրոնը եւ շախմատը ի՞նչ զուգահեռներ ունեն ըստ Ձեզ:

 

- Ինձ համար շախմատը մի ուրույն աշխարհ է, նույնն էլ թատրոնն է: Շախմատի մասին խոսելիս չեմ սիրում այն սահմանափակել` ասելով, որ միայն սպորտ է, կամ գիտություն, կամ միայն արվեստ: Արվետի մեջ կա մի հետաքրքիր բան` անավարտություն` նոնֆինիտա: Օրինակի համար, Միքելանջելոյի բոլոր գործերից ամենաշատը նրա անավարտ քանդակներն եմ հավանում, երբ չհղկված քարից մարդու դեմք է դուրս գալիս: Շախմատի մեջ նույնպես կա այդ անավարտությունը: Դու երբեք չես կարող պատկերացնել, որ շախմատը կսպառվի, այն անավարտ աշխարհ է: Նույնն էլ թատրոնն է: 

 

- Իսկ թատերական կյանքում ինչպե՞ս է Ձեզ օգնել շախմատը:

 

- Ես շախմատի մեծ մասնագետ չեմ, բայց մի բան շախմատից լավ եմ սովորել: Ես միշտ մի քանի քայլ առաջ եմ հաշվարկներ անում, արդեն պատկերացնում եմ իմ երկրորդ, երրորդ, չորրորդ քայլերը: Աշխատանքը նոր սկսելիս պիտի պարտադիր տեսնեմ, թե ինչպես եմ այն տանելու եւ մինչեւ ուր: 

 

Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

 

 

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր