chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ռաֆայել Վահանյանի մտքերից

2019-Sep-17
Ռաֆայել Վահանյանի մտքերից

***

Ես այնքան էլ աշխատասեր դուրս չեկա։ Ամենակարևոր թերությունս կազմակերպված չլինելն էր։ Դա երևի գալիս էր նրանից, որ ես շատ-շատ ընկերներ ունեի, միշտ կարևորել եմ ընկերությունը։ Նույնիսկ ամենապատասխանատու մրցաշարերի ժամանակ ես չեմ կարողացել առանձնանալ, ինչը շախմատիստին անհրաժեշտ է՝ պետք է մենակ մնա, մտածի, կենտրոնանա։ Ես չեմ մեղադրում, իհարկե, բայց այդքան ընկերներիս մեջ մեկը չկար, որ հասկանար, թե ինչ բան է շախմատը և կարողանար կողքից կազմակերպել առօրյաս։ Իսկ ես հնարավորություն չունեի գոնե մի քանի ժամ հանգստանալու, ընկերներս գալիս ու գալիս էին։ Կարպովը հայտնի է իր քայլ առ քայլ հաշվարկված մրցաշարերով, ես պատկերացնում եմ, եթե Կարպովի մոտ լիներ այնպես, ինչպես ինձ մոտ․․․

 

***

Եթե անկեղծ լինեմ, կան բաներ, որ կփոխեի ավելի հաջող շախմատային ճանապարհ անցնելու համար։ Այդ ամենը շատ ավելի լավ կարելի էր կազմակերպել։

 

***

Շախմատը վերջին շրջանում Հայաստանում ֆանտաստիկ առաջընթաց ունեցավ։ Իսկ իմ երիտասարդ տարիներին որևէ մեկը չէր օգնում ինձ։ Սա չեմ ասում նեղացածի դիրքերից, այլ ուրախացողի։ Աշխարհում շախմատի հանդեպ չկա այնպիսի վերաբերմունք, ինչպես այժմ մեր երկրում։

 

***

Ես ինձ դասում եմ Խաղացողների թվին։ Իհարկե, պետք էր նստել, փորփրել, վերլուծել, վերջապես՝ պարզապես ընդլայնել սկզբնախաղային խաղացանկը։ Բայց ես այդպես չէի կարողանում․ ինձ հետաքրքիր էր խաղալ, արարել և գտնել խաղատախտակի առջև նստած։ Երբ ես ի սկզբանե գիտեի՝ ինչ անեի, բթանում էի։ Եվ անգամ եթե սկիզբը լավ էր ստացվում, հետո ամեն ինչ փչացնում էի։ Իսկ երբ ստեղծագործաբար էի մոտենում, մի միտք էր գլխումս ծագում, ապա կարողանում էի մինչև վերջ շատ լավ ելույթ ունենալ։

 

***

Իմ առաջին և հիմնական ուսուցիչը հայրս է։ Փորձեմ նշել բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով օգնել են ինձ այս ճանապարհին։ Առաջին անգամ, երբ մտա շախմատի դպրոց, մի քանի ամիս իմ մարզիչը Էմիլ Թադևոսյանն էր, հետագայում՝ Հակոբ Մոկացյանը, հետո՝ Էդուարդ Մնացականյանը, ով ինձ սկսեց օգնել, երբ ես դեռ վարպետ չէի, ու սկսեցի շատ հաջող հանդես գալ տարբեր մրցաշարերում։ Ինձ նա օգնեց լուրջ շախմատիստ դառնալ։ Հետագայում այնպես ստացվեց, որ ես շատ մարզիչների հետ աշխատեցի։ Կուզեի, իհարկե, որ լիներ մեկը, ում հետ երկար ճանապարհ կանցնեի, բայց չստացվեց։