chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հրաշամանուկ Ֆիշերը

2019-Sep-17
Հրաշամանուկ Ֆիշերը

Ռոբերտ Ջ․Ֆիշերը ծնվել է 1943թ․ մարտի 9-ին Չիկագոյում։ Երբ երեխան 2 տարեկան էր, հայրը թողեց ընտանիքը, և մայրը, որը բույժքույր էր, ստիպված էր միայնակ դաստիարակել ու խնամել ավագ դստերը՝ Ջոանին ու Բոբիին։ Երբ տղան 6 տարեկան էր, քույրը նրան ծանոթացրեց շախմատին, իսկ 10 տարեկանում շախմատը դարձավ նրա բոլոր մտքերի և ցանկությունների տիրակալը։

Այդ ժամանակ Ֆիշերների ընտանիքը տեղափոխվել էր Նյու Յորք։

Շուտով պարզ դարձավ, որ Բոբին ստեղծված է լոկ շախմատի համար։ Հնագույն խաղի գաղտնիքների ընկալումը, աշխարհի լավագույն շախմատիստների պարտիաների վերլուծությունը նրան տրվում էր զարմանալիորեն հեշտ և արագորեն տվեց իր հարուստ պտուղները։ Դեռ այն ժամանակ, Ֆիշերի խոստովանությամբ, նա սկսել է ուսումնասիրել ռուսաց լեզուն, որպեսզի ավելի լավ իմանա շախմատային տեսությունը, բնօրինակով ընթերցի սովետական շախմատային գրականությունը, ծանոթանա շախմատային ստեղծագործության առավել կատարյալ նմուշներին, սովորի սովետական գրոսմայստերներից։

1955 թվականից սկսվեցին մրցաշարային ելույթները, իսկ մեկ տարի անց եկան առաջին խոշոր հաջողությունները․ հաղթանակ երկրի պատանեկան մրցումներում, ԱՄՆ-ի և Կանադայի բաց առաջնություններում համապատասխանաբար գրավեց 4-8-րդ և 8-12-րդ տեղերը։

1957 թվականը Ֆիշերին բերեց սենսացիոն հաջողություն։

Նա հետևողականորեն հաղթանակ է տանում երկրի պատանեկան բաց և պաշտոնական առաջնություններում։

Որպես շախմատիստ և անձնավորություն Ռ․ Ֆիշերը սովետական շախմատիստների մեջ միշտ առաջացրել է հետաքրքրություն։ Դեռ 1957 թվականին ռուսական շախմատային ամսագրերից մեկը հաղորդեց 13-ամյա պատանու հաջողությունների մասին՝ մեջբերելով նրա մենամարտը Դ․ Բիրինի հետ։ Մեկ ու կես տարի անց նույն ամսագրում զետեղվեց Ֆիշերի հետ անցկացված հարցազրույցը և նրա մեկնաբանությունները։

Հետաքրքրությունը երկուստեք էր, ուստի Եվրոպա՝ իր առաջին միջազգային մրցաշարին մեկնելուց առաջ Ռ․ Ֆիշերը ցանկություն հայտնեց իր քրոջ՝ Ջոանի հետ այցելել Սովետական Միություն։ Նա և Ջոանը հրավեր ստացան Մոսկվայից։

Ջոանը ծանոթանում էր մայրաքաղաքի տեսարժան վայրերին, Ռոբերտին ձգում էր միայն կենտրոնական շապմատային ակումբը, որտեղ նա հանդիպում էր ուժեղագույն վարպետների և նույնիսկ գրոսմայստերների հետ։

Ընդամենը մի քանի տարի անց հրաշամանուկը դարձավ փայլուն գրոսմայստեր՝ նպաստելով շախմատային մշակույթի առաջընթացին։ Նրա ցայտուն տաղանդը, որը շաղկապվում էր շախմատի նկատմամբ զարմանալի աշխատասիրությամբ և անսպառ գերվածությամբ, կարողացան հաղթահարել բոլոր արգելքները, որոնք հանդիպում են յուրաքանչյուր մարզիկի ճանապարհին։

  Սովետական շախմատիստներն ըստ արժանվույն գնահատեցին Ֆիշերի վերելքի առաջին փուի հաջողությունները, որն ավարտվեց 1962 թվականին Ստոկհոլմի միջփնջային մրցաշարում տարած համոզիչ հաղթանակով։ Դա ամենևին էլ անամպ ժամանակաշրջան չէր։ Հաջողությունները փոխվում էին անհաջողություններով, սակայն յուրաքանչյուր անգամ դրանց հաջորդում էին նոր, էլ ավելի բարձր նվաճումներ։