chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Տիգրան Պետրոսյանը հիշում է Բոտվիննիկի հետ առաջին խաղը

2019-Nov-18
Տիգրան Պետրոսյանը  հիշում է Բոտվիննիկի հետ առաջին խաղը

1946 թվականին, երբ Պորտուգալիայում հանկարծամահ եղավ աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը, երկու տարի անց, այն ժամանակվա լավագույն շախմատիստներ Բոտվիննիկի, Սմիսլովի, Կերեսի, Ռեշևսկու և Էյվեի միջև անցկացվեց մրցախաղ-մրցաշար (հինգ շրջանից), որի նպատակը աշխարհի նոր չեմպիոնին ընտրելն էր։ Վստահ հաղթանակ տանելով ուժեղագունների համաժողովում՝ Բոտվիննիկը հռչակվեց աշխարհի վեցերորդ չեմպիոն։ Նա 16 տարի իր ձեռքում էր պահում շախմատային թագը։ Ճիշտ է՝ երկու անգամ, նախ Վասիլի Սմիսլովին, ապա Միխայիլ Տալին զիջեց իր <<թագավորությունը>>, բայց  ընդամենը մեկական տարով։

Անժխտելի է, որ այն տարիներին Բոտվիննիկը շախմատային աշխարհում մեծ և արժանի համբավ ուներ։ Նրան <<երկաթյա>> Բոտվիննիկ էին անվանում։ Հիշեցնենք, որ հենց նա էր, ով դեռևս 1935 թվականին կայացած մոսկովյան երկրորդ միջազգային մրցաշարում, առաջ անցնելով շատ հեղինակավոր շախմատիստներից, այդ թվում նաև աշխարհի նախկին չեմպիոններ Լասկերից ու Կապաբլանկայից, գրոսմայստեր Սալո Ֆլորի հետ բաժանեց առաջին-երկրորդ տեղերը։ Իսկ մեկ տարի անց, մոսկովյան երրորդ միջազգային մրցաշարում ամրապնդեց նախորդ տարվա իր հաջողությունը։ Առաջին տեղը զիջելով Կապաբլանկային՝ նա տիրացավ երկրորդ մրցանակին և շախմատային աշխարհին համոզեց, որ Խորհրդային Միության ներկայացուցիչները կարող են հավասար պայքար մղել արտասահմանյան <<աստղերի>> հետ։ Բոտվիննիկն այն հազվագյուտ շախմատիստներից է, որը Վիլհելմ Ստեյնիցից բացի, խաղատախտակի առջև հանդիպել է աշխարհի բոլոր չեմպիոնների հետ։ Հազիվ թե գտնվի մի շախմատիստ, ում ծանոթ չլինի նրա բազմահարուստ ստեղծագործությունը։ Բոտվիննիկի ուսմունքով իրենց վարպետությունը կատարելագործել են հարյուրավոր շախմատիստներ։ Խորհրդային շախմատային դպրոցի հիմնադիրը լուրջ հաջողությունների է հասել նաև գիտության մեջ։ Նա տեխնիկական գիտությունների դոկտոր է։

Պետրոսյանի խոստովանությամբ՝ սկսած տասներկու տարեկանից՝ նա մշտապես ուսումնասիրել է ականավոր գրոսմայստերի ստեղծագործությունը։ Պետրոսյանը ոչ միայն բարձր էր գնահատում շախմատային հսկայի արվեստը, այլև մեծ հարգանք էր տածում նրա նկատմամբ։ Մինչ այդ, Բոտվիննիկն ու Պետրոսյանը միմյանց հետ ուժերը չափել էին հինգ անգամ (երեքը պաշտոնական մրցումներում), և հաշիվը հավասար էր՝ 2․5 ։ 2․5։

Եվ ահա 52-ամյա չեմպիոնը սևերով հաղթանակ տանելով հենց առաջին օրը՝ հավաստեց, որ ինքը իր բարձրության վրա է և կրկին մարտականորեն է տրամադրված։

Առաջին պարտությունը․․․ Այն անընդհատ ճնշում է մարդուն։ Առաջին <<սայթաքումից>> հետո ո՞վ <<թամբից>>չի ընկել․ ինչպիսի մեծ մարզիկ էլ լինես, միևնույն է, տհաճ ապրումներն անխուսափելի են՝ տրամադրությունդ փչանալու է, ընկճվելու ես, սիրտդ ճմլվելու է։ Մինչև Էստրադային թատրոն ոտք դնելը, Պետրոսյանը, իհարկե, հանդես էր եկել շատ բարձրաստիճան մրցաբեմերում, բազում ուժեղ խաղընկերներ էր ունեցել։ Այդուհանդերձ, դժվարահաճ Օլիմպոսի դուռն առաջին անգամ էր բախում։ Գուցե դա՞ էր պատճառը, որ առաջին <<ներկայացման>> ժամանակ նա մի տեսակ երկչոտ էր խաղում, կաշկանդված, ասես ինքը Բոտվիննիկի հետ հավասարի իրավունքով չի վիճարկում շախմատային թագը։ Իր իսկ խոստովանությամբ, այդ երեկո նա խաղաց առաջին կարգայինի ուժով։

-Իմ առջև խնդիր էի դրել ամեն գնով չպարտվել առաջին օրը, - հետագայում գրեց Պետրոսյանը, - բայց պարզվում է, որ ես չէի հասկանում, թե ինչ է նշանակում պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար, քանի դեռ ինքս չէի նստել Մոսկվայի Էստրադային թատրոնի բեմահարթակում տեղավորված խաղասեղանի մոտ։ Պայքարի անսովոր մթնոլորտը, հուզմունքը, անհետևանք չմնացին։ Ես կորցրել էի գլուխս։ Ոչինչ չէի հասկանում, ոչինչ չէի տեսնում։ Խաղում էի մթագնած։ Ինչ վերաբերում է Բոտվիննիկին, ապա աշխարհի չեմպիոնն առանձնակի ջանքեր չգործադրեց, բայց խաղաց շատ նուրբ և հաղթանակ տարավ։

Տխրել էին Պետրոսյանի երկրպագուները։ Հուսահատությունը պատել էր հատկապես Հայաստանի մարզասերներին։ Ախր, այդ ինչպես պատահեց, հենց առաջին հանդիպումում պարտություն, առանց լուրջ դիմադրության, այն էլ սպիտակ խաղաքարերով։ Դա վատ նշան էր, խորհում էին շատերը, մի՞թե վերջ ամեն ինչին։

Պետրոսյանի տիտանական պայքարին, անշուշտ, անհաղորդ չէին նաև Հայաստանի կոմկուսի Կենտկոմի ղեկավարները, որոնց մրցախաղի անհաջող սկիզբը նույնպես անհանգստացրեց։ Պարտության հաջորդ օրը ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը իր մոտ հրավիրեց ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Լորիս Քալաշյանին և առաջարկեց շտապ մեկնել Մոսկվա։ Կուսակցական և պետական գործիչը զրույցի ժամանակ հատկապես նշեց, որ Պետրոսյանին նորից ու նորից պետք է հիշեցնել ազգային այն ակամա պատասխանատվության մասին, որն ընկած էր նրա ուսերին։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր