Շնորհավորում ենք Ձեզ Մոսկվայում ավարտված Աերոֆլոտ-օփենի B մրցաշարում առաջին մրցանակը նվաճելու համար: Ինչպիսի՞ն էր մրցաշարի ընթացքը: Պայքարը լարվա՞ծ էր:
Շնորհակալություն: Բավականին, միջնամասում անգամ սայթաքում եղավ, որից հետո պետք էին միայն հաղթանակներ լավ ավարտի համար: 1-ից 6-րդ տեղերը կիսելն արդեն իսկ խոսում է լարված պայքարի մասին:
Այս հաղթանակով արդեն չորրորդ անգամ լրացրեցիք գրոսմայստերի նորման: Երբևէ պատկերացնու՞մ էիք, որ նման հաջողությունների կհասնեք:
Քիչ եմ մտածել նման բաների մասին, բայց ընդհանրապես լավատես եմ:
Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք շախմատով հետաքրքրվել:
Հայրս շախմատի սիրահար է և նա է եղել նախաձեռնողը: 5 տարեկանից եմ սկսել զբաղվել շախմատով:
Ո՞ր խաղաքարի հանդեպ եք տածում գաղտնի թուլություն:
Փղերի, բայց լուրջ մակարդակի վրա շատ հարաբերական բան է կոնկրետ խաղաքարի նախապատվությունը տալը, կավխված է դիրքից:
Ի՞նչ եք կարծում ո՞րն է ամենակարևոր գրավականը շախմատում հաջողության հասնելու համար:
Աշխատասիրությունը, միանշանակ, որը պետք է ուղեկցվի տաղանդով, կամ՝ հակառակը, դժվար հարց է:
Համամի՞տ եք այն մտքի հետ, որ շախմատը ոչ միայն սպորտաձև է, այլև արվեստ ու գիտություն:
Միանշանակ, խաղային ընթացքով և ժամանակի կիրառմամբ սպորտ է, նախօրոք պատրաստությունով՝ գիտություն, և արվեստ՝ իր նրբություններով:
Եվ որոնք են ձեր նպատակներն ու մոտակա ծրագրերը:
Կոնկրետ նպատակներ չկան, ուղղակի հմտանալ և առաջ գնալ: Ինչպես նշեցի՝լավատեսորեն եմ վերաբերվում ամեն ինչին: Մոտակա ծրագրերը ավելի շատ կախված են անձնականից՝ծառայությունից, որից հետո նոր պարզ կլինեն շախմատային հետագա ծրագրերը:
Հարցազրույցը վարեց Նունե Նազարյանը