chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Արթուր Աբրահամ. ՙԳՈՒՑԵ ԿԱՐՈՂԱՆԱՅԻ ՇԱԽՄԱՏԻՍՏ ԼԻՆԵԼ...՚

2021-Feb-28
Արթուր Աբրահամ.   ՙԳՈՒՑԵ ԿԱՐՈՂԱՆԱՅԻ ՇԱԽՄԱՏԻՍՏ ԼԻՆԵԼ...՚

Հայ հանրաճանաչ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շախմատի մեծ սիրահար է: Արթուրը մեկ անգամ չէ, որ հանդիսատես է եղել տարբեր շախմատային մրցաշարերի, իսկ ՙՇախմատային Հայաստանի՚ հետ նա խոսել է իր սեփական շախմատային պարտիաներից, շախմատային հիշողություններից, տպավորություններից եւ շախբոքս մարզաձեւից:

- Հարգելի Արթո’ւր, որքանո՞վ եք հետաքրքրվում շախմատով, սիրո՞ւմ եք խաղալ:

- Ես սիրում եմ շախմատ խաղալ: Ինչպես ամեն հարցում, շախմատում էլ հաղթելն ինձ համար կարևոր է: Շախմատը մտքի խաղ է, եւ պետք է ասեմ, որ, իմ կարծիքով, բավականին լավ եմ տիրապետում այդ մտքի խաղին: Ես հաճախ եմ պարտիաներ շահում, ինչից ելնելով էլ ենթադրում եմ, որ լավ եմ շախմատ խաղում, բայց, իհարկե, պետք է հաշվի առել այն հանգամանքը, որ մրցակիցներս պրոֆեսիոնալ շախմատիստներ չեն: Խաղընկերներս իմ ընկերներն են, մեր մարզական ակումբի մարզիկները, մարզիչները... Չէի ասի, որ շատ հաճախ ենք նստում խաղատախտակի առջեւ, բայց երբ ստացվում է, մեծ հաճույքով խաղում ենք: Իսկ շախմատ խաղալ ինձ սովորեցրել է պապս, երբ դեռ փոքրիկ տղա էի:

- Հետեւո՞ւմ եք շախմատային նորություններին:

­ Այո, իհարկե, քանի որ Հայաստանի շախմատի հավաքականը եւ առհասարակ հայ շախմատիստները միշտ լավ արդյունքներ են արձանագրում միջազգային մրցաշարերում, ես հետեւում եմ եւ ուրախանում նրանց հաջողություններով: Ես շատերին գիտեմ հայ շախմատիստներից` Լեւոն Արոնյանին, Գաբրիել Սարգսյանին, Տիգրան Պետրոսյանին, Վլադիմիր Հակոբյանին...

- Արթու’ր, Ձեր կարծիքով շախմատ իմանալը, նրանով զբաղվելը կարո՞ղ են ինչ-որ կերպ նպաստել հաջողություններին բռնցքամարտում:

­ Դժվար է ասել, շատ տարբեր են շախմատն ու բռնցքամարտը: Ամեն դեպքում, եթե նույնիսկ չի նպաստում, ապա հաստատ չի խանգարում:

­ Ձեր կարծիքով` որքանո՞վ է կարեւոր շախմատն իմանալն ու զբաղվելը:

- Կարեւոր է, շախմատը միտքն է մարզում, դարձնում է գործողությունները ծրագրված, մշակված:

­ Կկարողանայի՞ք շախմատիստ դառնալ:

­ Ինչո՞ւ ոչ, գուցե կարողանայի: Վաղ մանկությունից շախմատ եմ խաղացել եւ, ինչպես արդեն նշեցի, լավ եմ խաղացել: Ամեն դեպքում, երբեք չեմ մտածել պրոֆեսիոնալ շախմատիստ դառնալու մասին, քանիցս հայտարարել եմ, որ եթե բռնցքամարտիկ չդառնայի, ապա ֆուտբոլիստ կդառնայի:

- Գոյություն ունի շախբոքս մարզաձեւ, որքանո՞վ եք տեղյակ դրանից: Ձեր կարծիքով, եթե զբաղվեիք` կկարողանայի՞ք հաջողության հասնել:

Շախբոքս մարզաձեւից տեղյակ եմ` շախմատի եւ բռնցքամարտի հետաքրքիր հիբրիդ է: Երբեք չեմ զբաղվել, եւ միանշանակ դժվար է ասել, թե կկարողանայի՞ այնտեղ հաջողություն ունենալ:

- Շախմատային պարտիաներին հետեւում են հանդիսատեսներ, նույնը տեսնում ենք նաեւ բռնցքամարտում: Հանդիսատեսի ներկայությունը Ձեզ օգնո՞ւմ է ռինգում, նպաստո՞ւմ է, որ լավ մենամարտեք:

­ Իհարկե, օգնում է, ես զգում եմ թե° դահլիճի հազարավոր, թե° հեռուստացույցի կամ համակարգչի առջև նստած միլիոնավոր մարդկանց քաջալերանքը, եւ դա ինձ ուժ է տալիս:

- Քինգ-արքա Արթուր, կա՞ խաղաքար տախտակի վրա, որի հետ ասոցացնում եք Ձեզ:

­ Խաղաքա՞ր (ծիծաղում է)… Դիպուկ հարց էր, ա°յ թե փակուղի գցեցիք:

- Շախմատում ամեն ինչ սեւ ու սպիտակ է, ի՞նչ գույներ կան Ձեր կյանքում:

Սպիտակ, սեւ եւ գումարած ծիածանի յոթ գույները` իրենց միլիարդավոր երանգներով:

- Աշխարհի չեմպիոն դառնալիս ի՞նչ եք զգացել:

­ Դառնալով աշխարհի չեմպիոն` պատասխանատվության եւ միաժամանակ հանգստության այնպիսի զգացում ես ապրում, որ ուրիշ ոչնչի հետ չես կարող համեմատել: Չեմպիոն դառնալուց հետո սկսեցի շոշափել նպատակս, որն արդեն իրականություն էր դարձել: Զգացի, որ կարողացա արդարացնել իմ մարզիչի` Ուլլի Վեգների, հարազատներիս, ընկերներիս, բարեկամներիս, մարզասերների սպասելիքները: Ամեն անգամ հաղթելուց եւ աշխարհի չեմպիոնի իմ տիտղոսը պաշտպանելուց հետո նույն այս ապրումներն եմ ունենում: Բռնցքամարտում անելիքները երբեք չեն վերջանում, անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո: Երբ նվաճում ես աշխարհի չեմպիոնի տիտղոսը, քեզ մարտահրավերներ նետողների թիվը կրկնապատկվում է, ու դու անվերջ պետք է փորձես պաշտպանել քո տիտղոսը:

- Ինչպե՞ս եք վերաբերվում պարտություններին` լինի դա ռինգում, կյանքում կամ շախմատում:

­ Վատ, շատ վատ: Ոչ ժամանակն է կարողանում մոռացնել պարտությունը, ոչ սիրելի մարդիկ, եւ գալիս է ՙսեպը սեպով հանելու՚ ժամանակը: Միայն հաղթանակը եւ կորցրած տիտղոսի վերանվաճումն են քիչ թե շատ մոռացնել տալիս պարտությունը: Իսկ հաղթանակներից ես նույն պահին ուշքի եմ գալիս, միանգամից ծրագրում մոտակա անելիքներս:

- Կհիշե՞ք մի այնպիսի պարտիա, որ խաղացել եք եւ տպավորվել է Ձեր հիշողության մեջ:

Հաճույքով հիշում եմ մանկության տարիներին պապիկիս հետ շախմատ խաղալը, դա ինձ համար քաղցր եւ անգին հիշողություն է:

- Համակարգչային շախմատ խաղո՞ւմ եք:

Ոչ, կենդանի շփումը եւ կենդանի խաղն եմ գերադասում:

- Ո՞վ է եղել Ձեր ամենաուժեղ հակառակորդը երբեւէ` ռինգում, կյանքում եւ շախմատում:

Ռինգում իմ բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են եղել. եթե նրանք արդեն բռնցքամարտի աշխարհի չեմպիոն են կամ պայքարում են աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, ապա թույլ լինել պարզապես չեն կարող: Երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին: Կյանքում եւ շախմատում շատ ուժեղ հակառակորդներ չունեմ, գուցե դեռ չեմ հանդիպել նրանց, կամ գուցե հանդիպել եմ, սակայն չեմ զգացել նրանց` իմ ամենաուժեղ հակառակորդը լինելը:

- Շախմատիստները լարված մրցաշարերից հետո հաճախ հանգստանում են ակտիվ մարզաձեւերով` վազում են, ֆուտբոլ են խաղում: Իսկ Դուք ինչպե՞ս եք հանգստանում մարտերից հետո:

Գալիս եմ Հայաստան, հանդիպում եմ իմ հարազատներին, ընկերներին, բարեկամներին, միասին գնում ենք համերգների, թատերական, օպերային, բալետային ներկայացումների, այցելում ենք պատմամշակութային հուշարձաններ, վանքեր, տաճարներ: Սիրում եմ նաեւ ծովափ, ավազ, արև վայելել, հնամենի կամ ժամանակակից ճարտարապետությամբ քաղաքներ տեսնել: Պատահում է` ամբողջ օրը տանն եմ լինում` ընտանիքիս հետ, դա էլ ինձ համար հանգստի տարբերակ է, քանի որ տարվա ընթացքում 7-8 ամիս տնից հեռու եմ լինում` մարզումների մեջ տարբեր քաղաքներում:

- Ձեզ մոտ լինո՞ւմ են պահեր, որ ուժ չեք ունենում կյանքի եւս մեկ ՙպարտիա՚ խաղալու:

Պատահում է, որ թվում է, թե ուժերդ սպառվել են, բայց մեծ նպատակները, դրանք իրականացած տեսնելու ձգտումները նոր ուժեր են տալիս ու սկսում ես խաղալ կյանքի նոր պարտիաներ: Եվ ինչո՞ւ ոչ` հաղթում ես:

- Ձեր կարծիքով` ի՞նչ կփոխվեր Ձեր կյանքում, եթե շախմատ խաղալ չիմանայիք:

Հետաքրքրասիրությունս կավելանար շախմատի հանդեպ, եւ մի օր հաստատ կորոշեի շախմատ խաղալ սովորել:

 

Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

ՙՇախմատային Հայաստան՚, No 10 (1161), 2015 թ.

 

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր