chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Էդուարդ Մնացականյան. <<ՊԵՏՔ Է ՀԵՏՔ ԹՈՂՆԵԼ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ՄԱՐԶԻՉ>>

2019-Sep-17
Էդուարդ Մնացականյան. <<ՊԵՏՔ Է ՀԵՏՔ ԹՈՂՆԵԼ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ՄԱՐԶԻՉ>>

Լրացավ միջազգային վարպետ, Հայաստանի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ-ի ուսանողական թիմի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ-ի սպորտի պատվավոր վարպետ, հանրապետական կարգի մրցավար, հանրապետության վաստակավոր մարզիչ, Հայաստանի վետերանների քառակի չեմպիոն Էդուարդ Մնացականյանի 75-ամյակը։ Նրան բոլորը սովորաբար սիրով ՙմաեստրո՚ են ասում: Մաեստրոյի հետ միասին ետ նայեցինք նրա անցած տարիներին եւ նրա արած գործերին։


- Մաեստրո՛, շնորհավորում եմ 75-ամյակի կապակցությամբ։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր ծննդյան օրվան։


- Առանձնապես ուշադրություն չեմ դարձնում տարիներին, բայց 75-ը համարում եմ մարդու ամենանշանակալից տարիքը։ Բախտ եմ ունեցել հասնել այս տարիքին։ Ես գերադասում եմ հաշվել մարդու ոչ թե տարիները, այլ արած օգտակար գործերը։ Այդ առումով հպարտությամբ կարող եմ ասել, որ ես շատ եմ նպաստել Հայաստանում շախմատի կայացմանն ու զարգացմանը։ Գործնական մեծ ուժի շախմատիստ լինելով` զբաղվել եմ նաեւ մարզչական, հասարակական, կազմակերպչական գործունեությամբ։ Անկեղծ ասեմ, պարծենկոտություն թող չթվա` հայկական բոլոր մարզաձեւերի կարեւորագույն գործիչների մեջ երեւի չկա ուրիշ մեկը, որ իր մարզաձեւի կայացման համար այնքան բան արած լինի, որքան ես շախմատում։


- Ո՞րն եք համարում Ձեր գլխավոր հաջողությունը։


- Ես համարում եմ, որ յուրաքանչյուր բարձրակարգ մարզիկ բացի իր անհատական արդյունքներից նաեւ պետք է որպես մարզիչ իր հետքը թողնի։ Նա պետք է օգնի մյուսներին։ Ցավոք, շատերն այդպես չեն մտածում։ Ասում են, եթե դու ամենաուժեղն ես, պետք է զբաղվես քո կատարելագործմամբ, ոչ թե գիտելիքներդ ուրիշներին փոխանցելով։ Իսկ ես ստեղծում էի ինձ համար մրցակիցներ, բայց չէի մտածում իմ անձնական հաջողությունների մասին։ Ինձ համար կարեւոր էր այն, որ Հայաստանում լինեն ուժեղ շախմատիստներ, ովքեր կցուցադրեն գեղեցիկ խաղ։ Իմ սաներն են եղել գրոսմեյստերներ Ռաֆայել Վահանյանը, Արշակ Պետրոսյանը,սպորտի վարպետ Էռնա Խալաֆյանը, միջազգային վարպետներ Վլադիմիր Շաբոյանը, Գոհար Հլղաթյանը, Լյուդմիլա Կուլիկովա-Ասլանյանը, ամենաերիտասարդ հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը...
1958-71 թվականներին ես եղել եմ Հայստանի անվիճելի առաջատար, խաղացել եմ հավաքականի առաջին խաղատախտակի վրա, հետո 1972-83 թվականներին եղել եմ իմ սան Վահանյանից հետո երկրորդը։ Ես միշտ համարել եմ, որ մարդ պետք է խաղա այն տախտակի վրա, որտեղ ավելի շատ միավոր կբերի իր թիմին, ոչ թե ձգտի անպայման առաջինը լինել։


- Ասացիք, որ նաեւ կազմակերպչական գործունեություն եք ծավալել։ Այդ բնագավառում որո՞նք են Ձեր գլխավոր ձեռքբերումները։


- Երեւանում կազմակերպել եմ կանանց համամիութենական մրցաշար` մրցանակային հիմնադրամով։ Առհասարակ Հայաստանի կանանց շախմատին շատ եմ օգնել։ Եղել եմ տղամարդկանց եւ կանանց հավաքականների մարզիչ, հետո միայն կանանց։ Իմ հաշվարկներով Հայաստանի առաջնություններում 32 անգամ չեմպիոնուհի են դարձել իմ սանուհիները։ Օրինակ` Էռնա Խալաֆյանը յոթ անգամ է չեմպիոնուհի դարձել։
Կար նաեւ բարձրագույն վարպետության դպրոց, որտեղ ես բացեցի շախմատի բաժին, որը հետագայում դարձավ հավաքական թիմերի մարզումների կենտրոն։ Խորհրդային տարիներին, ինչքան էլ դժվար էր, Հայաստանում կազմակերպել եմ տղամարդկանց միջազգային մրցաշար, որը հետագայում, սկսեց անցկացվել որպես Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար։ Մրցաշար կազմակերպելը այն ժամանակ հեշտ գործ չէր. պետք էր գնալ կոմկուս, սպորտկոմիտե, հյուրանոցներ, ռեստորաններ, ամեն ինչ պատշաճ կերպով անել։ Եվ դա ինձ հաջողվում էր։ Եվ այս ամենի հետ միաժամանակ նաեւ խաղում էի։


- Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա հայկական շախմատի վիճակը։


- Շախմատային ֆեդերացիան, իհարկե, շատ լավ է աշխատում, շախմատիստներին ցուցաբերվում է ֆինանասական լուրջ աջակցություն, իսկ մեր երիտասարդներն ապացուցում են, որ արժանի են դրան։ Ժամանակին շախմատիստները բոլոր մարզաձեւերից ամենաքիչն էին վարձատրվում։
Միայն մի բան չի արվում, որ ես կուզենամ հատուկ նշել։ Դա վերաբերվում է վետերան շախմատիստներին։ Վերջին տարիներին մերոնցից ոչ մեկը չի մասնակցում աշխարհի վետերանների առաջնություններին: Իսկ աշխարհում կազմակերպվում են ոչ միայն անհատական, այլեւ թիմային առաջնություններ` վետերանների մասնակցությամբ։ Հասկանալի է, որ ցանկալի է մեդալ նվաճել, բայց եթե չի ստացվում, ի՞նչ կարող ենք անել։ Չէ՞ որ օլիմպիական խաղերն էլ միայն մեդալի եւ կարողությունները ցույց տալու համար չեն...


- Նշեցիք, որ մեկ անգամ մասնակցել եք աշխարհի վետերանների առաջնությանը։ Ինչպե՞ս այն անցավ։


- Այդքան էլ հաջող մրցաշար չստացվեց։ 310 շախմատիստներից լավագույն հարյուրակում էի։ Լավ էի սկսել, ունեի 3.5 միավոր 4 պարտիաներից, բայց 5-րդում վրիպեցի թագուհուս կորուստը...


- Եթե այսօր գործուղվեք աշխարհի վետերանների առաջնություն, դա Ձեզ ի՞նչ կտա։


- Դա ինձ կտա հոգեկան հանգստություն։ Կստացվի, որ այն մարդիկ, ովքեր նպաստել են շախմատի զարգացմանը, ուշադրության կենտրոնում են գտնվում, գնահատվում են։ Ես կաշխատեմ հնարավորինս լավ խաղալ, որ չեմպիոն դառնամ։


- Մաեստրո’, ինչո՞վ կզբաղվեիք, եթե շախմատը չլիներ։

- Շատ եմ սիրում գրքեր կարդալ։ Դեդեկտիվ գրքեր կարդալու ժամանակ աշխատում եմ ինքս որոշել, թե ով է հանցագործը։ Մտածում եմ, որ հնարավոր է քննիչ լինեի, քանի որ վառ երեւակայություն եւ տրամաբանություն ունեմ։


- Իսկ Դուք երբեւէ չե՞ք մտածել գիրք գրելու մասին։


- Ժամանակին ուզում էի այնպիսի շախմատային դասագիրք գրել, որտեղ բոլոր օրինակները ի մի բերված կլինեին։ Շախմատի դպրոցի այն ժամանակվա տնօրեն Հակոբ Մոկացյանն ասաց, որ գրեմ, իրենք էլ իրենց մարզչական խորհուրդով կքննեն, եթե հաստատեն, գիրքը կտպվի։ Ես այդքան տանջվեմ, իրենք մի քանի վարպետության թեկնածուներով որոշեն իմ գիրքն արժանի՞ է տպվելու, թե՞ ոչ։ Ու գիրք չգրեցի։ Այսօր հնարավոր է իմ մասին գիրք գրվի։ Այդ ժամանակ այդ գիրքը կտպագրեմ եւ Հայաստանում բոլորին անվճար կբաժանեմ։


- Ո՞րն էր Ձեր կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանը։


- Ես ինձ լիովին երջանիկ էի զգում, երբ մայրս ողջ էր։ Այդ ժամանակ եմ ես հասել շախմատային լուրջ հաջողություններիս: Երբ մայրս կար, ինձ համար հեշտ էր ամեն ինչ։

- 2009 թվականին Նախա•ահը Ձեզ պարգեւատրեց Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

- Ես գոհ էի, որ ընդունեցին, որ շախմատի համար ինչ-որ բան եմ արել։ Ուշադրությունը միշտ էլ դուրեկան է, եւ ինձ համար մեծ նշանակություն ունի։


- Կարո՞ղ եք հիշել` ե՞րբ եւ ինչպե՞ս Ձեզ սկսեցին մաեստրո անվանել։


- Դժվար է հիմա ասելը։ Ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ինձ մաեստրո ասաց, մարդիկ էլ այդպես հիշեցին եւ չզլացան ինձ ամեն անգամ մաեստրո ասել։ Ժողովուրդը շախմատի համար շատ բան անողին միայն, արժանիին մաեստրո կասի։ Գոհ եմ, որ այդպիսի <<կոչում>> ունեմ։


- Կա՞ արդյոք մի բան, որ կուզեիք փոխել Ձեր ապրած կյանքում։


- Ես համարում եմ, որ զուր չեմ ապրել եւ իմ արած ոչ մի բանի համար չեմ փոշմանում։ Ես չեմ ամուսնացել, քանի որ գտնում էի, որ կինը կխանգարեր իմ աշխատանքին, աշխատանքն էլ` կնոջս։ Ապրել եմ իմ կյանքով, ինձ համար։ Ծավալել եմ իմ գործունեությունը։
- Այսօր ինչո՞վ եք զբաղվում, մաեստրո’։
- Մարզերից եկող մի երկու երեխա ունեմ, որոնց մարզում եմ։ Ապրում եմ արդեն մահացած ընկերոջս ընտանիքի տանը, մի սենյակում։ Գալիս եմ շախմատի տուն, խաղում։ Չեմ կարողանում մարզչական գործունեություն չծավալել։ Ցանկանում եմ, որ մեր առաջնակարգ շախմատիստները նույնպես օգնեն գալիք սերնդին, փոխանցեն իրենց գիտելիքները, որ Հայաստանում շախմատն անվերջ բարգավաճում ապրի։

Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ
<<Շախմատային Հայաստան>>, No 47 (1094)