-Հրանտ, ի՞նչ է շախմատը Ձեզ համար։
- Ինձ համար շախմատը և սպորտ է, և արվեստ: Սպորտ է , որովհետև միշտ կա մրցակցություն, և արվեստ, որովհետև յուրահատուկ գեղեցկություն ունի իր մեջ:
-Իսկ մասնագիտությու՞ն թե հոբբի։
-Այն ինձ համար առաջին հերթին մասնագիտություն է, քանի որ դրանով եմ վաստակում իմ հանապազորիա հացը, բայց նաև հոբբի է, որովհետև իմ ամենասիրած զբաղմունքն է:
-Ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչները։
- Ուսուցիչներ շատ եմ ունեցել` պապս , Երվանդ Արուբջանյանը, Մուշեղ Մինասյանը, Վրեժ Օրդյանը:
-Իսկ ունե՞ք կուռք։
Կուռք որպես այդպիսին չունեմ, բայց շատ եմ սիրում Տիգրան Պետրոսիայանին, Ֆիշերին և այլ մեծերի:
-Որո՞նք են եղել ամենատպավորիչ մրցաշարերը, գուցե խաղերը։
-Տպավորիչ մրցաշարեր շատ եմ ունեցել: Ունեցել եմ նաև շատ տպավորիչ պարտիաներ, բայց կուզեի առանձնացնել այս տարվա աշխարհի թիմային մրցաշարը, որը լավ անցկացրեցի և իմ խաղատախտակի վրա նվաճեցի ոսկե մեդալ: Նաև շատ տպավորիչ էին այդ մրցաշարում Նայջել Շորթի և Դանիել Ֆրիդմանի դեմ տարած հաղթանակներս:
-Ո՞րն է Ձեր երազանքը։
- Երազանքներս բազմաթիվ են, բայց շախմատային երազանքս է դառնալ օլիմպիական չեմպիոն:
-Իսկ կա՞ կետ, որին ձգտում եք հասնել։
- Ձգտումներս երազանքներիս նման շատ են: Առաջիկայում կցանկանայի անցկացնել 2700 վարկանիշային սահմանը:
-Վստահ եմ՝ շատերի համար ցանկալի փեսացու եք։ Ունե՞ք ընտրյալ։
-Ունեմ ընկերուհի, ում հետ հանդիպում եմ։
-Ինչո՞վ է զբաղվում Հրանտ Մելքումյանը ազատ ժամանակ։
- Քանի որ շախմատը նստակյաց սպորտաձև է , շախմատիստը պարտավոր է հետևել իր ֆիզիկական վիճակին: Ելնելով դրանից՝ զբաղվում եմ տարբեր սպորտաձևերով ` ֆուտբոլ, բասկետբոլ, դահուկներ և այլն: Առանձնակի սիրում եմ մեծ թենիս և պարբերաբար զբաղվում եմ դրանով: Այլ նախասիրություններից են երաժշտությունը, ընթերցանությունը, կինոն: Աշխատում եմ ամեն ինչի համար ժամանակ գտնել: