Հայ գրոսմայստեր, շախմատի միջազգային վարպետ, մի շարք մրցաշարերի հաղթող Լիլիթ Մկրտչյանի հետ զրուցեցինք այն ժամանակ, երբ նա հավաքում էր ճամպրուկները` Գերմանիա մեկնելու նպատակով: Այնտեղ սպասում է ամուսինը, սակայն կարճ ժամանակով: Օրեր անց հայ շախմատիստուհին կմեկնի Սերբիա` մասնակցելու շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը:
Panorama.am-ի հետ զրույցում Լիլիթ Մկրտչյանը փաստեց, թեև տարվա մի մասն անցկացնում է Գերմանիայում, մյուսը` Հայաստանում, սակայն մշտապես հետևում է այստեղ տեղի ունեցող շախմատային իրադարձություններին:
-Պատրաստվում եմ Սերբիայում մասնակցել Եվրոպայի ակումբային առաջնությանը: Հանդես եմ գալիս Ռուսաստանի «Յուգրա» ակումբում, որի կազմում մայիսին դարձել եմ Ռուսաստանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր: Հենց դա էլ մեզ իրավունք տվեց մասնակցելու արդեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնությանը: Այնուհետև կմասնակցեմ Ռումինիայի ակումբային առաջնությանը, որից հետո կհանգստանամ:
- Լիլիթ, Հայաստանը համարվում է շախմատային գերտերություն, սակայն մենք չունենք ակումբներ, ինչո՞ւ:
- Հայաստանում հիանալի թիմ կար` «Միկան», որը մասնակցում էր տարբեր երկրների ակումբային առաջնություններին և զգալի հաջողություններ էր գրանցել, սակայն այն լուծարվեց` ֆինանսական խնդիրների պատճառով: Եթե Հայաստանում նոր ակումբ ստեղծվի, ապա մեծ հաճույքով կուզենամ լինել այդ թիմի կազմում: Ակումբներ չկան, ինչն իսկապես շատ ցավալի է: Չեմ կարող ասել, թե ինչու: Պատճառը երևի թե կրկին ֆինանսական է:
- Հետևո՞ւմ ես Հայաստանում տեղի ունեցող շախմատային իրադարձություններին: Օրեր առաջ ավարտվեց «Երևան Օփեն» մրցաշարը:
- Այդ օրերին Սոչիում էի, խաղում էի Ռուսաստանի ակումբային առաջնությունում, սակայն համակարգչի միջոցով հետևել եմ իրադարձություններին: Ուրախ եմ, որ հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Ուրախ եմ, որ անդրանիկ մրցաշարի հաղթողը դարձավ հենց հայ մասնակից: Գիտեմ, որ այս մրցաշարն ավանդական կդառնա, ինչի առիթով ևս շատ ուրախ եմ: Օտարերկրացի մասնակիցներն ինձ գրել էին, որ մրցաշարը հիանալի էր կազմակերպված և իրենք շատ գոհ են: Ինձ լավ զգացի:
- Անձնական կյանքում ի՞նչ փոփոխություններ կան:
- Ամեն ինչ նույնն է: Ապրում ենք այստեղ և Գերմանիայում: Ամուսինս շատ է սիրում Հայաստանը և հաճույքով է այցելում: Փոքրիկ դեռ չունենք, սակայն արդեն մտածում ենք այդ մասին: Ամեն ինչ իր ժամանակին:
Աղբյուրը՝ panorama.am(http://sport.panorama.am/hy/news/2016/10/13/lilit-mkrtchyan/117100)