chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Գաբրիել Սարգսյան. Ամեն ինչ կանեմ, որպեսզի հաջող հանդես գամ և ուրախացնեմ մեր ժողովրդին

2021-Feb-28
Գաբրիել Սարգսյան. Ամեն ինչ կանեմ, որպեսզի հաջող հանդես գամ և ուրախացնեմ մեր ժողովրդին

Փետրվարի 19-ին Մինսկում ավարտվեց Դավիդ Բրոնշտեյնի անվան անդրանիկ հուշամրցարը, որի 148 մասնակիցների թվում էին նաև հայաստանի մի խումբ շախմատիստներ: Հայերի կազմում լավագույնս ներկայացած Գաբրիել Սարգսյանը պատասխանել է Armsport.am-ի հարցերին:

-Գաբրիել, Բրոնշտեյնի հուշմրցաշարը բավականին ներկայացուցչական էր, ենթադրելով մասնակիցների նման մեծ քանակից: Հետևապես, մրցակցությունն էլ մեծ էր, ինչի մասին վկայում է նաև այն, որ մրցաշարի հաղթողը (վրացի գրոսմայստեր Բահադուր Ջոբավան) հռչակվեց լրացուցիչ ցուցանիշներով: Նա, ի դեպ, կես միավոր ավելին վաստակեց Ձեզնից ու ևս հինգ շախպմատիստներից: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները կայացած հուշամրցաշարի առնչությամբ: 

-Բավականին ուժեղ մրցաշար էր: Շատ էին 2600-ից բարձր անհատական գործակից ունեցող շախմատիստները: Այդպիսի մրցաշարերում դժվար է խաղալ, քանի որ բոլոր պարտիաներում պետք է խաղալ հաղթանակի համար, իսկ հակառակորդները հիմնականում գրոսմայստերներ են լինում:
-Հուշամրցաշարը, վստահաբար, կարել է հաջողված ու արգասաբեր համարել հայ շախմատիստների համար . տեղյակ եք, որ ստուգատեսի արդյունքում Աղասարյանն ու Հովհաննիսյանը՝ գրոսմայստերական, իսկ Հարությունյանն ու Մարտիրոսյանը միջազգային վարպետի նորմաներ լրացրեցին, ինչը որակական առաջխաղացում է հայկական շախմատային ընտանիքի համար: Իսկ անձամբ՝ Ձեզ ի՞նչ տվեց, ինչո՞վ հատկանշվեց Մինսկի օփենը:
-Մրցաշարն, իսկապես, շատ հաջող էր մեր շախմատիստների համար: Պետք է նշեմ, որ ինձ համար դա սպասելի արդյունք էր: Պարզապես մեր պատանիները պետք է ավելի շատ հանդես գան այսպիսի մրցաշարերում:
Կուզենայի հատուկ նշել Մարտիրոսյան Հայկի հաջողությունը: Նա ուժեղ բնավորություն ունեցող երեխա է և եթե իր վրա շատ աշխատի մեծ հաջողություններ կունենա ապագայում: Իսկ Հարությունյան Տիգրանի մասին կարող եմ ասել, որ միջազգային վարպետի նորման նրա համար մեծ հաջողություն չէ: Կարծում եմ, որ մոտ ապագայում նա գրոսմայստեր կդառնա: Ես տղաների հնարավորություններին շատ լավ ծանոթ եմ, քանի որ նրանք մասնակցել են իմ և Լևոնի դպրոցի հավաքներին:
Ինձ համար բավականին դժվար մրցաշար էր և ուրախ եմ, որ կարողացա հաջողությամբ ավարտել մրցաշարը և Եվրոպայի առաջնությանը կմասնակցեմ լավ տրամադրությամբ…Ի դեպ, այս մրցաշարին մասնակցելու հիմնական նպատակը հենց Եվրոպայի առաջնությանը պատրաստվելն էր:
-Այս պահին, դեռ Բելառուսում եք: Հետաքրքիր է, ե՞րբ եք վերադառնալու Հայաստան, որպեսզի նախապատրաստվեք մարտի 5-ին Երևանում մեկնարկելիք շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը: Թե՞ հենց Մինսկում կամ մեկ այլ վայրում եք ծրագրել պատրաստվել հին աշխարհամասի նոր ստուգատեսին:
-Փետրվարի 24-ին արդեն Երևանում կլինեմ, քանի որ քիչ ժամանակ է մնացել մինչև առաջնությունը՝ավելի արդյունավետ կլինի, եթե հանգստանամ:
-Ի՞նչ վճռականությամբ եք մոտենում Եվրոպայի երևանյան առաջնությանը: Ի՞նչ արդյունք ակնկալենք Ձեզնից՝ որպես օլիմպիական եռակի չեմպիոնի, Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկի:
-Սպասվում է մեծ շախմատային տոն Երևանում:Արդեն հայտնի է, որ շատ ուժեղ կազմ է լինելու: Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի հաջող հանդես գամ և ուրախացնեմ մեր ժողովրդին:
-Արդեն հայտնի՞ է, թե որն է լինելու Ձեր հաջորդ մրցութային կանգառը, նախքան այս տարի՝ Նորվեգիայում նախանշված հերթական Օլիմպիադան:
-Հավանաբար, մայիսին «Chicago Open»-ում հանդես կգամ, իսկ մինչ այդ մրցաշարը՝ կօգնեմ իմ ընկեր Վարուժան Հակոբյանին, նա մասնակցելու է Ամերիկայի առաջնությանը: Ցանկալի կլինի, որ հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նույնպես որևէ մրցաշարի մասնակցեմ, բայց դեռ չեմ գտել հարմար մրցաշար:

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր