Տիբեթում կա ամպերով և մառախուղով շրջապատված մի լեռ, որի վրա ավելի քան մեկ հազարամյակ կանգնած է հսկա մի ծառ։ Ամեն օր 2 երկնային արարածներ գալիս էին այդտեղ, նստում ծառի տակ և շախմատ խաղում։ Այս ամենը գրավում է մի կապիկի ուշադրություն, ով թաքուն հետևում էր նրանց։ Հետաքրքրասիրությունից նա թաքուն բարձրանում է ծառը, թաքնվում և հետևում սրբերի արվեստին։
Օրերն անցնում էին, և խելացի կապիկը աստիճանաբար սովորում էր այդ հրաշք խաղի նրբությունները։ Շուտով սրբերի մասին լսում են սովորական մահկանացուները և ցանկանում սեփական աչքերով տեսնել նրանց։ Սակայն վերջիններս, չցանկանալով այդ ամենի մասնակիցը դառնալ, անհետանում են մինչև մարդկանց հայտնվելը։
Ահա այդ ժամանակ, կապիկը, ցանկանալով ցույց տալ իր գիտելքները և տաղանդը, իջնում է ծառից և առաջարկում մարդկանց մրցել իր հետ։ Ոչ ոքի չի հաջողվում պարտության մատնել նրան։ Լուրը տարածվում է ողջ տարածաշրջանով, որի ղեկավարը, լսելով խելացի կապիկի մասին, որոշում է նրան նվիրել կայսերին և ուղարկում է մայրաքաղաք։ Կայսրն առաջարկում է բոլոր նախարարներին, գիտնականներին, գեներալներին խաղալ նրա հետ։ Եվ ի՞նչ։ Նրան հավասարը չի գտնվում։ Այս անգամ կայսերը հայտարարում է, որ ով հաղթի այս կապիկին, կստանա այնքան ոսկի, որքան կկարողանա տանել իր հետ։
Երկրի բոլոր ծայրերից գալիս են լավագույն շախմատիստները, բայց ապարդյուն։ Եվ ահա հայտնվում է հասարակ մի մարդ և հայտարարում, որ պատրաստվում է հաղթել կապիկին։ Կայսերի հրամանով նրան միանգամից տրվում է այդ հնարավորությունը։ Սկսվում է առաջին խաղը։ Նա անում է քայլը և գրպանից հանելով շատ ախորժելի բանան՝ սկսում ուտել առանց շտապելու։ Կապիկի ուշադրությունը շեղվում է։ Իսկ երբ այդ մարդը հանում է գրպանից ախորժելի դեղձը, կապիկը այլևս չի դիմանում և իրար հետևից պարտվում 3 խաղ։
Ահա այսպես։ Հարկավոր է լինել ոչ միայն խելացի, այլև հնարամիտ։ Եվ մյուս կողմից՝ ոչ միայն խելացի, այլև հավաքված և ուշադիր։