chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լեւոն Արոնյան. ԽԱՆՏԻ ՄԱՆՍԻՅՍԿՈՒՄ ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԽԱՂԱՄ

2021-Feb-28
Լեւոն Արոնյան. ԽԱՆՏԻ ՄԱՆՍԻՅՍԿՈՒՄ ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԽԱՂԱՄ

- Սիրելի Լեւոն, շնորհավորում եմ, մրցաշարը հաջողությամբ ավարտվեց: Քո առաջին տպավորություննե՞րը:

- Հետաքրքիր մրցաշար էր: Չեմ կարող ասել, որ շատ գոհ եմ իմ խաղից…

- Դու, ինչպես միշտ, շատ համեստ ես: Կարծում եմ, ընդհանուր արդյունքդ հաջող էր:

- Արդյունքս վատ չէր, բայց խաղս դուրս չեկավ:

- Իհարկե, շախմատասերներին առաջին հերթին հետաքրքրում են քո պարտիաները Մագնուս Կարլսենի հետ: Ի՞նչ կասես, ինչպե՞ս ընթացան դրանք:

- Դասական պարտիան շատ հետաքրքիր էր, ես կասեի` շատ խոր խաղ էր, շատ միտք կար խաղի մեջ: Կարծում եմ, իրեն էլ, ինձ էլ դուր եկավ այդ պարտիան: Իսկ արագ շախմատում Մագնուսն արդեն սկզբնախաղում վատ խաղաց եւ պարտված դիրք ստացավ, այնպես որ, ինձ թվում է, հետաքրքիր պարտիա չէր:

- Բայց դուք Կարլսենի հետ խաղացիք եւս մեկ պարտիա` կայծակնային, որտեղ նույնպես դու առավելություն ունեիր, թեեւ վերջում գրանցվեց ոչ-ոքի…

- Այդ պարտիայում ես պարզապես շահած դիրք ունեի: Բայց հետո խաղը խառը ձեւով շարունակվեց, նույնիսկ ֆիգուրները խաղատախտակի վրայից ընկան…

- Փաստորեն, Կարլսենի հետ բոլոր երեք պարտիաներում դու առավելություն ունեիր:

- Այո, այդպես է…

- Ձեր դասական պարտիայի վերաբերյալ որոշ մեկնաբաններ ասում էին, որ այն դիրքում, որտեղ ոչ-ոքի համաձայնվեցիք, դու կարող էիր շարունակել պայքարը հաղթանակի համար…

- Ինձ թվում է, այդտեղ խաղը շարունակել այլեւս իմաստ չուներ, քանի որ, իմ կարծիքով, դիրքն արդեն հավասարվել էր:

- Ես այն տպավորությունն եմ ստացել, որ դու այժմ աշխարհում համարյա միակ շախմատիստն ես, որը չի վախենում Կարլսենից: Մյուսները մի տեսակ վախվորած են խաղում Մագնուսի հետ եւ անսպասելի վրիպումներ են թույլ տալիս:

- Չէ, կարծում եմ, շատերը կան, որ ուզում են հաղթել Կարլսենին…

- Ուզում են, բայց ներքուստ կարծես ինչ-որ վախ ունեն…

- Հնարավոր է, դժվարանում եմ ասել:

- Լեւոն, դու Ցյուրիխում կարողացար մեկը մյուսի ետեւից երեք անգամ հաղթել Անանդին: Իհարկե, Վիշվանաթանը, հավանաբար, առաջվանը չէ, բայց այդ հաղթանակները երեւի կարեւոր էին, քանի որ, քեզանից բացի, այստեղ նա միակն է, ով խաղալու է հավակնորդների մրցաշարում:

- Անանդը միշտ մեծ շախմատիստ է, եւ այդ իմաստով ոչինչ չի փոխվել, շատ ուժեղ է խաղում: Կարող եմ ասել, որ Անանդի հետ արագ պարտիայում ես պարտված դիրք էի ստացել, բայց բախտս բերեց… Իսկ դասական պարտիան նորմալ ընթացավ, խաղիցս գոհ եմ:

- Իսկ ի՞նչ կասես մյուս մասնակիցների, մասնավորապես, Կարուանայի, Նակամուրայի մասին:

- Նրանք լավ են խաղում: Երիտասարդ շախմատիստների դժվարությունն այն է, որ նրանք կայուն չեն, ես կասեի` ՙպինդ՚ չեն: Բայց, կրկնում եմ, օրինակ, Կարուանան լավ է խաղում:

- Լեւոն, խնդրում եմ` մի քանի խոսք քո առաջիկա պլանների մասին: Ինչպե՞ս ես պատրաստվելու հավակնորդների մրցաշարին:

- Մի քանի օր կհանգստանամ, հետո կսկսեմ պարապել: Հավաքներին կմասնակցեն ընկերներս…

- Եվ հույս ունենք, որ դու լավ տրամադրությամբ կխաղաս Խանտի Մանսիյսկում:

- (Ժպտում է): Խանտի Մանսիյսկում ես միշտ լավ տրամադրությամբ եմ խաղում, քանի որ շատ եմ սիրում այդ քաղաքը: (Հիշեցնեմ, հենց Խանտի Մանսիյսկում Արոնյանը նվաճել է Աշխարհի գավաթը. Գ. Հ.):

- Եվ անշուշտ, քո նպատակն է հաղթել հավակնորդների մրցաշարում:

- Իհարկե, կփորձեմ, բայց չեմ կարծում որ անպատճառ պետք է հաղթեմ: Այդ մրցաշարում բոլորը շատ ուժեղ են, եւ պարզ չի, թե ով կհաղթի: Տեսնենք, թե ինչպես կստացվի:

- Լեւոն ջան, ժամանակին, երբ Տիգրան Պետրոսյանը պայքարում էր աշխարհի առաջնության համար, նա եւս, քեզ նման, չէր մտածում, թե անպատճառ պետք է հաղթի: Բայց նրա հայրենակիցները պարզապես ստիպեցին, որ Տիգրանը դառնա աշխարհի չեմպիոն: Պատրաստվիր, նույն բանը քեզ է սպասում…

- Հուսով եմ…

 

Հարցազրույցը վարեց Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՙՇախմատային Հայաստան՚, No 8 (1107), 2014 թ.

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր