chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լիլիթ Մկրտչյան. << ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՉՈՐՍ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻ ԱՊՐՈՒՄՆԵՐՈՎ ԷԻՆՔ ԽԱՂՈՒՄ... >>

2021-Feb-28
Լիլիթ Մկրտչյան. << ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՉՈՐՍ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻ ԱՊՐՈՒՄՆԵՐՈՎ ԷԻՆՔ ԽԱՂՈՒՄ... >>

- Լիլի’թ, շնորհավորում եմ Եվրոպայի թիմային առաջնությունում երկրորդ խաղատախտակի վրա արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Ի՞նչ կասես մրցաշարի մասին ընդհանրապես։


- Մեր տրամադրվածությունը լավ էր, պատրաստ էինք պայքարելու բարձր տեղերի համար։ Առաջին տուրերն էլ ցույց տվեցին, որ լավ մարզավիճակում ենք գտնվում։ Մի քանի մրցախաղում մեծ հաշվով կարողացանք հաղթել, ինչը վստահություն էր տալիս, որ մինչև վերջ կդիմանանք ու բարձր արդյունք կգրանցենք։
Ամեն ինչ լավ էր գնում մինչև նախավերջին տուրը։ Հանդիպում էինք Ուկրաինայի հետ՝ ապագա չեմպիոնների։ Այդ մրցախաղը, փաստորեն, ճակատագրական եղավ։ Մենք մեկ միավորով հետ էինք մնում ուկրաինուհիներից, նրանց հաղթելու դեպքում լրացուցիչ ցուցանիշով առաջ էինք անցնում եւ առաջին տեղն էինք գրավում, այսինքն պայքարում էինք չեմպիոնության համար։ Այդ մրցախաղից շատ բան էր կախված, մրցաշարի ամենակարևոր պահն էր։ Բայց չստացվեց, չկարողացանք դիմանալ լարվածությանը։
Լեհաստանն ու Ռուսաստանը իրենց մրցախաղերում հաղթեցին, Ուկրաինան էլ, մեզ հաղթելով, ապահովեց իր չեմպիոնությունը... Եթե նույնիսկ վերջին մրցախաղում հաղթեինք, կրկին մեդալ չէինք ունենա։ Եվ այնպես ստացվեց, որ նախավերջին տուրը որոշելու էր ամեն ինչ. հաղթելու դեպքում պայքարելու էինք չեմպիոնության համար, ոչ-ոքիի դեպքում՝ մեդալի, իսկ պարտության դեպքում դուրս էինք մնալու մրցանակակակիրներից, ինչն էլ եղավ։


- Լրացուցիչ ցուցանիշներով Վրաստանն էլ առաջ անցավ Հայաստանից: Մեր հավաքականը դարձավ հինգերորդը։ Դրա հետ կապված ի՞նչ կասես։


- Այդքան էլ չեմ մտածում այդ մասին, որովհետեւ չորրորդ եւ հինգերորդ տեղերի տարբերությունը մեծ չէ. միեւնույն է, մրցանակակիր չես դառնում։


- Այնուամենայնիվ, ինչո՞վ էր պայմանավորված Ուկրաինայի հավաքականին պարտվելը։ Մրցակցի ուժո՞վ։


- Ուկրաինան իր լավագույն կազմով էր եկել։ Անկասկած, մենք շատ ուժեղ մրցակցի հետ էինք հանդիպում։ Բայց մի տուր էր, ամեն ինչ կարող էր լինել։ Մեզ ավելի շատ խանգարեց լարվածությունը, տեղի տված նյարդերը, գիտակցումը, որ մեկ մրցախաղից շատ բան է կախված։ Պետք էր ավելի սառնասիրտ լինել։ Սակայն չեմ կարող ասել, որ մեր թիմի արդյունքը վատն էր։ Վարկանիշով վեցերորդն էինք և բաժանեցինք չորրորդ-հինգերորդ տեղերը։ Եթե մենք չնայենք մրցաշարի ընթացքին, մեր լավ ելույթներին, մեր տեղը վատ արդյունք չէ։ Բայց հաշվի առնելով նախավերջին տուրից առաջ երկրորդը լինելու հանգամանքը, ցավալի է մեդալներից զերծ մնալը։ Պարզապես լարվածությունն ահռելի է թիմային մրցաշարերում։ Դա նրանից է, որ հուզվում ես ոչ միայն քո քայլերի համար, խաղում ես կարծես ոչ միայն քո պարտիան, այլեւ` թիմակիցներիդ։ Միաժամանակ չորս խաղատախտակի ապրումներով էինք խաղում։ Թեեւ դրա մեջ էլ, իհարկե, իր լավը կա...


- Քո անհատական հաջողության մասին ի՞նչ կասես։


- Հաճելի է, որ ստացվեց մեդալ նվաճել երկրորդ խաղատախտակի վրա, հաջողվեց բարձր արդյունք ցույց տալ։ Երջանիկ եմ այն առումով, որ հատկապես թիմայինում եմ լավ խաղացել, կարծես ընդհանուր հաջողության մեջ լումաս եմ ներդրել։ Նաեւ հետաքրքիր էր, որ աշխարհի երկու նախկին չեմպիոնուհիների արանքում հայտնվեցի։ Նրա համար էլ եմ ուրախ, որ ամբողջ մրցաշարում նույնպես ցույց էի տվել երկրորդ լավագույն արդյունքը։ Առաջինը Կոստենյուկն էր, որը հենց իմ խաղատախտակի վրա էր հանդես գալիս։ Բայց այս ուրախությանս մեջ տխրությունը շատ է։ Անհատական հաջողությունները, իհարկե, լավ են, բայց թիմային առաջնությունում կարեւորը թիմի արդյունքն է, թիմի հաղթանակը։ Եթե թիմը մեդալակիր չի դառնում, արդեն տխրում ենք։


- Սպասո՞ւմ էիր, արդյոք, արծաթի։


- Չէի մտածում դրա մասին։ Թիմային առաջնությունում չես կենտրոնանում քո անհատական արդյունքների վրա։ Մրցաշարն արդեն ավարտվել էր, երբ տեսա, որ արծաթ եմ նվաճել։ Պարզ է, որ լավ արդյունք էի ցույց տալիս, բայց մրցաշարի ընթացքում նույնիսկ չեմ հետաքրքրվել իմ վարկանիշով։ Թիմային խաղում միայն թիմով ես ապրում։


- Ինչ-որ հետաքրքիր բաներ եղա՞ն մրցաշարի ընթացքում։


- Հետաքրքիր էր, որ ես հակառակի պես վատառողջ մեկնեցի մրցաշարին, եւ խաղը, միևնույն է, ստացվեց։ Նաև կարևոր փաստ է, որ մեր թիմն անհատական միավորներով մրցանակակիր էր դառնում։ Այսինքն, եթե հաշվարկը կատարվեր ոչ թե թիմային հաղթանակներով, այլ անհատական մեր բոլոր խաղացողների միավորները գումարելով, մենք երրորդն էինք դառնում։ Բայց այդպիսի հաշվարկ չի կատարվում։ Համենայն դեպս, դա խոսում է այն մասին, որ թիմի բոլոր անդամները հաջող են հանդես եկել։


- Տղամարդկանց հավաքականի խաղերին էլ էիք, անշուշտ, հետեւում։ Նրա՞նց մասին ինչ կասես։


- Թիմային առաջնությունների դեպքում, եթե տղաների հետ ենք լինում, շատ ենք երկրպագում նրանց, ցավում նրանց համար, ինչպես, կարծում եմ, նրանք էլ մեզ համար։ Տղաների մոտ էլ էր ամեն ինչ մեկ տուրից կախված։ Վերջին մրցախաղում հաղթելու դեպքում չեմպիոն էին դառնում։ Բայց ոչ-ոքի խաղացին, բաժանեցին 2-4-րդ տեղերը ու մեդալներից զրկվեցին։ Ցավալի էր, բայց հավատում եմ, որ աշխարհի առաջնությանը լավ է լինելու, տղաները այս մրցաշարի տեղը կհանեն։ Այստեղ նրանց մի հաղթանակ պակասեց ոչ թե նույնիսկ մրցանակակիր լինելուց, այլ չեմպիոնությունից։ Երևի բախտի գործոնն էր, որ մերոնց չհաջողվեց հաղթանակ տանել։ Համոզված եմ, որ Թուրքիայից մեդալ լինելու է, հուսանք, որ հենց ոսկին կբերեն։


- Ինչպե՞ս ես պատրաստվում հանգստանալ լարված մրցաշարից հետո։


- Հիմա միայն հանգստովս եմ զբաղվելու։ Ամուսնուս հետ մի քանի օր կլինենք Հայաստանում, հետո կմեկնենք Գերմանիա։ Նաեւ գերմաներեն պետք է սովորեմ։ Ոչ շախմատային պլաններ ունեմ մինչեւ հաջորդ մրցաշարը։


- Եվ ե՞րբ են լինելու քո հաջորդ մրցաշարերը։


- Դեռ ոչ մեկը չեմ ծրագրել։ Հաստատ գիտեմ, որ մարտին Երեւանում անցկացվելիք Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում կխաղամ։ Մինչ այդ կաշխատեմ ուրիշ մրցաշարի էլ գնալ, որովհետեւ չորս ամիս դադարը շատ է։ Հանգստիցս հետո կարոտած կլինեմ շախմատը։


- Ընտանեկան կյանքդ ինչպե՞ս է։


- Ինձ երջանիկ եմ համարում, շատ լավ եմ զգում ամուսնուս կողքին։ Չնայած շատ ազատ ժամանակ չեմ ունեցել. ինչ ամուսնացել եմ, վեց մրցաշարի եմ մասնակցել։ Յոհաննեսը մի երկուսի ժամանակ է հետս եղել։ Եվրոպայի թիմայինին նույնպես շատ էր ուզում գալ, բայց ես մտածեցի, որ ավելի շատ ժամանակ թիմի հետ կցանկանամ անցկացնել։ Իսկ անհատական մրցաշարերիս նա գրեթե միշտ գալիս է։


- Ինչպե՞ս ես քեզ զգում ամուսնացած կնոջ կարգավիճակում։


- Շատ լավ։ Գերմանիայում մենք միայն Նոռա շունիկ ունենք, շատ գործ չունեմ այնտեղ անելու, ու որոշեցի արդեն մտնել խոհանոց, ինքս պատրաստել։ Մինչ ամուսնությունս միայն որոշակի առիթներին էի պատրաստում, խոհանոցով զբաղվում էր մայրիկս։ Սկզբում ես ու Յոհաննեսը կամ պատվիրում էինք, կամ դրսում ուտում, բայց զգացի, որ ուզում եմ ինքս պատրաստել։


- Գերմանիայում ապրելը հե՞շտ է քեզ համար։


- Գեղեցիկ, մաքուր, ընդհանուր առմամբ` շատ լավ երկիր է։ Բայց Գերմանիայում լինելիս շատ եմ կարոտում իմ տունը, երազում միայն Հայաստանն եմ տեսնում։

Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ
<<Շախմատային Հայաստան>>, No 45 (1092)

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր