chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Օնլայն շախմատն ընդդեմ իրականի

2019-Sep-17
Օնլայն շախմատն ընդդեմ իրականի

Օնլայն շախմատը հետաքրքիր է, զվարճալի և բավական հեշտ: Բայց երբևէ մտածե՞լ եք, թե ինչքան ժամանակ եք ծախսում օնլայն շախմատ խաղալու վրա, իսկ հետո անակնկալի եք գալիս, թե ինչու իրական շախմատ խաղալիս այդքան էլ լավ չեք խաղում: Օնլայն շախմատ խաղալու ժամանակ շատ մարդիկ խաղում են այսպես կոչված արագ շախմատ, որը սովորաբար  տևում  է 10-ից 15 րոպե, կամ նույնիսկ ավելի քիչ:  Այսպիսի շախմատն այնքան էլ օգտակար չէ, քանի որ չի բարելավում ժամանակի զգացողությունը, որն իսկապես անհրաժեշտ է իրական շախմատ խաղալիս:

  Մտածեք: Երբ օնլայն խաղացողները մասնակցում են իրական շախմատի մրցաշարի, սովորաբար բազմաթիվ սխալներ են գործում խաղի սկզբնամասում: Կհարցնեք` ինչո՞ւ: Նրանք սովոր են արագ շախմատին, այդ իսկ պատճառով սկզբնախաղին այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում, որովհետև 10-ը րոպեում դժվար է մշակել քայլերը և խուսափել սխալներից, հատկապես երբ դուք շախմատի գիտակ չեք: Փոխարենը իրական շախմատի ժամանակ խաղացողները բավական ժամանակ ունեն մտածելու իրենց քայլերի մասին: Օրինակ, ինչու է ձին անկյունում վատ դիրք զբաղեցրել, կամ ինչու է շրջափակված զինվորը հակառակորդի պաշտպանության թույլ կողմերից մեկը: Ըստ այդմ` նրանք կմշակեն իրենց քայլերը և կգնահատեն սխալվելու հնարավորությունը, իսկ պաշտպանվող կողմն էլ բավարար ժամանակ կունենա մտածելու և պարտությունից խուսափելու համար: 10-ը րոպեանոց շախմատում խաղաքարերի զբաղեցրած ոչ նպաստավոր դիրքերն այդքան էլ էական չեն, քանի որ մրցակիցն առաջին հերթին մտածում է իր ունեցած ժամանակի, այլ ոչ թե հակառակորդի և սեփական սխալները հաշվարկելու մասին: Օրինակ 10-ը րոպեանոց շախմատում, եթե G10(10 րոպե ամեն խաղի համար) դիրքում  մեկ խաղաքար պակաս ունեք, պարտիան հաղթելու դեռ մեծ հնարավորություններ ունեք: Սակայն, եթե խաղաքարի պակաս ունեք  G120(120 րոպե ամեն խաղի համար) դիրքում, ապա անհանգստանալու տեղիք կա:  

  Մեկ այլ փաստ, որով օնլայն շախմատը բավական տարբերվում է իրականից, հոգեբանական գործոնն է: Երբ օնլայն շախմատ եք խաղում, կարող եք նստել, նույնիսկ գիշերազգեստով պառկել, երաժշտություն միացնել և նոթբուքով շախմատ խաղալ: Սակայն դուք պատկերացում  չունեք, թե ձեր մրցակիցն ինչ տեսք ունի, ով է նա և ինչպես է արձագանքում ձեր յուրաքանչյուր քայլին: Դուք միայն տեսնում եք էկրանի վրա երևացող շախմատի փոքր խաղատախտակ, իսկ ներքևում` դատարկ զրուցարան:

Հիմա պատկերացրեք մեկ այլ տեսարան: Շախմատիստը խաղասրահում բազմաթիվ խաղացողների միջավայրում նստած է, իսկ մրցակիցն ուղին նրա դիմաց է և ուժերի ներածին չափով ամեն ինչ անում է, որպեսզի խանգարի, շտապեցնի, վախեցնի և արդյունքում մրցակցից հաղթանակ կորզի: Այո', նման դեպքեր տեղի են ունենում ցանկացած մրցաշարի ժամանակ: Մրցակիցները սիրում են գրիչով թխկացնել, ստվերների նման այս ու այն կողմ շարժվել, կոկորդով ձայներ արձակել, երբ մրցակցի ժամանակը մոտ է  սպառվելուն, խաղալ ժամացույցի հետ` հնարավորինս բարձր ձայներ արձակելով և աչքերն առանց թարթելու նայելով մրցակցի դեմքին: Շախմատիստները, ովքեր խաղատախտակի դիմաց են խաղում, գիտեն` ինչպես վերաբերվեն նման երևույթներին, հակառակ դեպքում յուրաքանչյուր խաղում կպարտվեն` անկախ մրցակցին կրկնակի գերազանցելու հանգամանքից:

Ինչպես Յուդիթ Պոլգարն է ասել. ''Շախմատը 60 %-ով բաղկացած է հոգեբանությունից'', և դա հատկապես վերաբերում է իրական շախմատին:

  Այսպիսով, եթե շախմատ եք խաղում հաճույքի համար, կամ պարզապես ազատ ժամանակ սիրում եք շախմատ խաղալ, ապա օնլայն շախմատ խաղալու մեջ վատ ոչինչ չկա: Սակայն, եթե ցանկանում եք լրջորեն զբաղվել շախմատով և օնլայն շախմատ խաղալով` փորձում եք ավելի կատարելագործվել, ապա խորհուրդ կտանք օնլայն շախմատին ավելի քիչ ժամանակ հատկացնել և նվիրվել իրական շախմատին: