chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հետաքրքիր փաստեր շախմատիստների ընկալման առանձնահատկություններից

2019-Nov-22
Հետաքրքիր փաստեր շախմատիստների ընկալման առանձնահատկություններից

Շախմատի մեջ ընկալման երևույթի վերաբերյալ ամենածավալուն ուսումնասիրությունը կատարվել է դե Գրուտի և նրա գործընկերների կողմից։ Գրուտը շախմատի վարպետների և ավելի թույլ խաղացողների տարբերությունների մասին իր աշխատությունում հայտնաբերել է, որ չկան մեծ տարբերություններ նրանց մտավոր պրոցեսների, քայլերի հաշվարկների մեջ: Վարպետները մտածում են նույն քանակով հնարավոր տարբերակներ, ինչպես և թույլ խաղացողները, բայց տարբերությունն այն է, որ նրանց հաջողվում է գտնել հնարավոր լավագույն քայլերը, մինչդեռ ավելի թույլ խաղացողները բավականին ժամանակ են ծախսում վատ քայլերի հետևանքները վերլուծելու համար։

Համենայն դեպս, դե Գրուտն իր՝ կարճատև հիշողության շուրջ ուսումնասիրություններում գտավ հետաքրքիր տարբերություն վարպետների և ավելի թույլ խաղացողների միջև։ Վարպետների մոտ շախմատային դիրքին 5 վայրկյան նայելուց հետո այն հրաշալիորեն վերարտադրելու զարմանալի ունակություն նկատվեց։ Մինչդեռ ավելի ցածր որակավորում ունեցող շախմատիստների մոտ այդ ունակությունը բավական թույլ էր։ Այս արդյունքը չի կարելի վերագրել վարպետների ընդհանուր ուժեղ հիշողություն ունենալուն, քանի որ երբ շախմատային դիրքերը կառուցվում էին նույն քանակով ֆիգուրներ խաղատախտակին պատահականորեն շարելով, ապա վարպետների մոտ նկատվում էին կարճատև հիշողության այն սահմանափակումները, որ առկա են բոլոր այլ մարդկանց մոտ։ Նրանց այդ ունակության լավ դրսևորումը <<իմաստալից>> դիրքերում, կապված է այն հանգամանքի հետ, որ նրանք նման դիրքերի կառուցվածքը ընկալում և դիրքը հիշողության մեջ կոդավորում են առանձին դետալներով։ Մասնավորապես, եթե շախմատի վարպետը կարողանում է հիշել խաղատախտակի վրա 20-ից ավելի ֆիգուրների դասավորությունը, բայց իր կարճատև հիշողության մեջ ունի հնարավորություն մտապահելու ընդամենը հինգ դետալ, ուրեմն հիշողության այդ յուրաքանչյուր դետալը պետք է որ կազմված լինի 4 կամ 5 ֆիգուրից՝ միմյանց կապակցված դասավորվածությամբ։

Շախմատային վարպետությունը հասկանալու բանալին կարծես թե գտնվում է անմիջական ընկալման զարգացման մեջ։  Բանն այն է, որ շախմատը համակարգված է և լավ քայլերը անմիջական ընկալման արդյունք են։ Այս բոլոր հմտությունների և ընկալման հետազոտությունների հետևում ընկած է իմացական հսկայական մի մեքենա՝ կառուցված տարիների հաստատուն պրակտիկայով։ Այն, ինչ նախկինում ուղեկցվում էր դանդաղ, գիտակից դեդուկտիվ պատճառաբանությամբ, այժմ առաջանում է արագ, անգիտակից ընկալման զարգացումով։ Լեզվաբանական սխալ չէ վարպետի համար ասել, որ նա <<տեսնում>> է ճիշտ քայլը և շատ լավ է, երբ բարդ խնդիրներ լուծող սաները հետաքրքրվում են ընկալման պրոցեսներով։

 

Թարգմանությունը՝ Նունե Նազարյանի

Աղբյուրը՝ "Perception in Chess" William G. Chase and Herbert A. Simon

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր