chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ռաֆայել Վահանյան. ՙԿՅԱՆՔՈՒՄ ՄԻ ՄԱՐԴ ԵՄ ԵՂԵԼ, ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻ ԱՌՋԵՎ` ՈՒՐԻՇ...՚

2021-Feb-28
Ռաֆայել Վահանյան.   ՙԿՅԱՆՔՈՒՄ ՄԻ ՄԱՐԴ ԵՄ ԵՂԵԼ, ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻ ԱՌՋԵՎ` ՈՒՐԻՇ...՚

Աշխարհահռչակ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը Հայաստանի այս տարվա առաջնության վճռաբեկ հանձնաժողովի նախագահն էր: 50 տարուց ավելի շախմատով զբաղվող Վահանյանի հետ մենք զրուցեցինք ոչ միայն իր այսօրվա գործունեության մասին, այլեւ կյանքի ընթացքում եղած իր հիշարժան պարտիաներից, մրցաշարերից եւ դեպքերից, չշրջանցեցինք նաեւ Ռաֆայել Վահանյանի նախասիրությունները, ափսոսանքներն ու թուլությունները:

 

- Պարո’ն Վահանյան, ի՞նչ կասեք Ձեր` Հայաստանի առաջնությունում վճռաբեկ հանձնաժողովի նախագահ դառնալու վերաբերյալ: Գիտենք, որ սա նման Ձեր առաջին փորձը չէր: Ձեր կարծիքով` առաջնությունում խնդիրներ եղա՞ն:

- Վճռաբեկ հանձնաժողովի նախագահ լինելու մեծ փորձ չունեմ, առաջին անգամ այդ դերում եղա անցած տարի Մոսկվայում անցկացված Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում: Իրականում նման մեծ մրցաշարերի ժամանակ քիչ են կոնֆլիկտներ լինում, Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում ես առանձնապես գործ չունեցա, քանի որ շախմատիստների միջեւ ոչ մի խնդիր չծագեց: Սակայն շատ հաճելի էր, որ ինձ հրավիրել էին նման պատվավոր մրցաշարում ինչ-որ դեր խաղալու:

Հայաստանի առաջնությունն էլ է շատ կարեւոր ինձ համար: Ինչպես Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում, այնպես էլ այստեղ, շախմատիստներն իրար նկատմամբ շատ հարգալից էին, զուսպ անձնավորություններ: Եթե անգամ խնդիր լիներ, մենք համապատասխան արդար որոշում կկայացնեինք:

- Իսկ Ձեր կյանքում եղե՞լ է, որ Դուք կամ Ձեր մրցակիցը բողոքարկեք պարտիան:

- Ես երբեք չեմ բողոքարկել, բայց իմ դեմ բողոք եղել է: 1987 թվականի հուլիսի 7-ն էր, Մարսելի մրցաշարը: Օրը շատ լավ եմ հիշում, քանի որ այդ օրը ծնվել էր տղաս, ինձ զանգել էին Երեւանից` լուրն ասելու: Հակառակորդիս թվացել էր, որ ես խաղաքարը բաց եմ թողել, սակայն ես քայլ էի արել, եւ ձեռքս դեռ խաղաքարի վրա էր, ու կարող էի այն հետ դնել: Ես ոչ մի կերպ չէի ուզում տանուլ տալ այդ պարտիան: Այսպես թե այնպես առաջին տեղում էի, եւ ի վերջո մեծ առավելությամբ հաղթեցի մրցաշարում:

Բողոքարկման հանձնաժողովը որոշեց, որ ես խաղաքարը բաց չեմ թողել, քանի որ ով հետեւում էր խաղին, ասել էր, որ նման բան չի եղել: Իհարկե, շատ անդուր պատմություն էր ինձ համար: Այդ տղան ֆրանսիացի գրոսմայստեր էր, Միրալես ազգանունով, նա մի եղբայր էլ ուներ, եւ ես երկուսին էլ շատ էի հաղթել: Ի դեպ, այդ դեպքից հետո ես նրան ոչ-ոքի առաջարկեցի, քանի որ այդ սկանդալի պատճառով ինձ անհարմար էի զգում: Բայց նա ոչ-ոքիին չհամաձայնվեց եւ հետո, իհարկե, պարտվեց:

Ասեմ, որ առաջնեկիս ծննդյան կապակցությամբ տուրից հետո բոլորին հրավիրել էի բար նշելու, սակայն հակառակորդս չեկավ (ժպտում է` Ժ.Պ.): Երեւի նեղացել էր ինձնից:

Գիտեք. այսօր մտածում եմ, միգուցե նա ճիշտ էր եւ ես իրոք բաց եմ թողել խաղաքարս, քանի որ տղայիս ծնվելն իմացել էի ու գնացել խաղին, մտածմունքների մեջ էի: Բայց դե ոչ մի կերպ չէի ուզում պարտվել:

- Պարո’ն Վահանյան, Դուք ընտրվել եք ՖԻԴԵ-ի հուշումների դեմ պայքարող հանձնաժողովի անդամ: Երբեւէ նկատե՞լ եք, որ Ձեր մրցակիցները համակարգչային հուշումներ օգտագործեն:

- Կարծեմ Ստամբուլում Եվրոպայի առաջնությունն էր, ես խաղում էի մի ուկրաինացու հետ, չեմ հիշում ազգանունը: Մենք խաղում էինք երրորդ հարկում, իսկ մի հարկ ներքեւ նստած էր նրա մարզիչը: Այդ տղան անընդհատ իջնում էր ներքեւ` մարզիչի մոտ, գալիս էր ու համակարգչային քայլեր էր անում: Ես պաշտոնապես չբողոքարկեցի, միայն Գագիկ Հովհաննիսյանին պատմեցի, ասացի, որ այս ուկրաինացին լրիվ աննորմալ ձեւով է խաղում, որովհետեւ միանգամից հասկանալի է, որ նրա քայլերը մարդկային գաղափարներ չէին, այլ համակարգչային: Սակայն երբ մոտ մի ժամ նա դահլիճից դուրս չեկավ, չկարողացավ լավ խաղալ եւ արագ պարտվեց (ժպտում է` Ժ.Պ.):

- Ձեր ամենահաջողված մրցաշարից կպատմե՞ք:

- Իմ կյանքում հաջողված մրցաշարեր շատ են եղել, բայց միշտ առանձնացել են Խորհրդային Միության առաջնությունները: Ամենահաջողվածն ու կարեւորը 1989 թվականին Օդեսայում անցկացված առաջնությունում Խորհրդային Միության չեմպիոն դառնալս էր: Քիչ շախմատիստների է հաջողվել Խորհրդային Միության չեմպիոն դառնալ: Չնայած երբ ես չեմպիոն դարձա, շախմատի հսկաները` Պետրոսյանը, Սպասսկին, Կորչնոյը, արդեն չէին խաղում:

Երկու անգամ էլ այդ առաջնություններում գրավել եմ երկրորդ-երրորդ տեղերը: Շատ հետաքրքիր էր ինձ համար նաեւ 1975 թվականի Երեւանի մրցաշարը, որում Տիգրան Պետրոսյանը գրավեց առաջին տեղը, իսկ ես, Տալը, Գուլկոն, Ռոմանիշինը բաժանեցինք երկրորդ տեղը:

Այդ առաջնությունը հետաքրքիր էր նաեւ նրանով, որ մոտ 2000 մարդ ամեն օր գալիս եւ հետեւում էր խաղերին: Այսօր, ցավոք, նման բան չկա: Մարդիկ այնքան շատ էին հետաքրքրված մրցաշարով, որ անգամ հետաձգված պարտիաների օրը իմ ու Բրոնշտեյնի միջեւ վերախաղարկվող պարտիայի ժամանակ հսկայական թվով հանդիսատես կար ոչ միայն դահլիճում, այլեւ դրսում: Հիմա կան համակարգիչներ, եւ բոլորն իրենց տներից են հետեւում խաղերին:

Տալը միշտ մի բան էր ասում` եթե դահլիճը դատարկ է, անհնար է ստեղծագործելը: Ես նրա հետ համաձայն եմ, քանի որ մենք` շախմատիստներս, մի քիչ նման ենք արտիստների, մեզ համար կարեւոր է ամեն քայլից հետո մարդկանց ռեակցիան: Եթե դահլիճում մարդ չկա, անհետաքրքիր է շախմատ խաղալը, մի տեսակ անիմաստ է զոհաբերելը, ինչ-որ հետաքրքիր բաներ անելը: Հանդիսատեսի ոգեւորությունը շատ կարեւոր է:

- Ո՞րն է Ձեր երբեւիցե խաղացած ամենագեղեցիկ պարտիան:

- Շատերը համարում են, որ 1976 թվականին Ռեշեւսկու հետ անցկացված պարտիաս է ամենագեղեցիկը, քանի որ շատ զոհաբերություններ արեցի, այն էլ իրար հետեւից` զինվորը, ձին, փիղը, նավակը: Դրանից հետո Ռեշեւսկին պետք է ամբողջը հետ վերադարձներ եւ պարտվեր: Սակայն ես ունեցել եմ նաեւ առանց զոհաբերությունների նուրբ պարտիաներ, որոնք նույնպես իրենցից մեծ արժեք են ներկայացնում: Պարզապես նման պարտիաները այդքան չեն գնահատվում, շախմատասերները հիմնականում սիրում են զոհաբերություններով պարտիաները: Իսկ ես ունեցել եմ հոյակապ վերջնախաղով, դիրքային խաղի լավ վարպետությամբ պարտիաներ:

- Երբեւէ մտածե՞լ եք շախմատը թողնելու մասին:

- Երբեք: Այսօր, իհարկե, գործնականում թողել եմ խաղալը, բայց այն տարիներին մտքովս էլ չի անցել: Շախմատն ինձ միշտ հետաքրքիր է եղել, ես սիրել եմ շախմատային պայքարը, կիրքը, խաղը: Իսկ գիտական բնույթի աշխատանքը, այսինքն` հետեւելը, վերլուծություններ անելը, ինձ չի գրավել: Պարտիաների ժամանակ ես լրիվ ուրիշ մարդ եմ դարձել, կյանքում մի մարդ եմ եղել, խաղատախտակի առջեւ` ուրիշ: Բայց երբեք չեմ նստել, խաղեր վերլուծել: Իհարկե, դա շատ վատ է, միգուցե այդ պատճառով ես այդպես էլ աշխարհի չեմպիոնության համար պայքար չմղեցի, քանի որ այնտեղ մեծ տաղանդի հետ նաեւ մեծ աշխատանք էր պետք: Հետո ես մարզիչների պակաս ունեի, մեծ հաջողությունների համար բարձր մակարդակով մարզիչները կարեւոր են:

- Սիրելի խաղաքար ունե՞ք:

- Միշտ ասում են, որ փիղը ձիուց ավելի լավն է, բայց ես միշտ ձին եմ շատ սիրել, ձին հոյակապ խաղաքար է, սիրել եմ ձիով խաղալ: Իհարկե, վերջնախաղում, երբ խաղատախտակի վրա բաց տարածություն է, փիղն ուժեղ է, բայց միջնախաղում ձին է կարեւոր: Ես ձիու զոհաբերությամբ լավ պարտիաներ ունեմ: Հետո ինքս էլ կյանքում շատ խոչընդոտների վրայով եմ ՙթռել՚:

- Թիմո՞վ եք ավելի շատ սիրել շախմատ խաղալ, թե՞ անհատապես:

- Երկու ձեւով էլ սիրել եմ, երկու ձեւով էլ հաջող եմ խաղացել: Շատ միջազգային մրցաշարերում եմ հաղթել, հաճախ առաջին տեղն եմ գրավել: Մի խոսքով` հիշելու բան ունեմ (ծիծաղում է` Ժ.Պ.):

- Պարտություններին ինչպե՞ս եք վերաբերվել, պարո’ն Վահանյան:

- Բավականին ծանր եմ տարել, բայց կողքից մարդիկ դա չեն զգացել: Տխրել եմ, բայց գլուխս պատերին չեմ տվել: Այդպիսի շախմատիստ էլ կա, պարտվելուց հետո գլուխը պատերին է խփում (ծիծաղում է` Ժ.Պ.): Բայց ես ինձ շատ վատ եմ զգացել, մանավանդ եթե պարտվել եմ ոչ թե հակառակորդի լավ խաղից, այլ մի քայլով փչացրել եմ լավ դիրքս:

Մի այդպիսի օրինակ եղավ 1986 թվականին Մինսկում` հավակնորդների մրցախաղում: Առաջին պարտիաս Սոկոլովի հետ ոչ-ոքիով ավարտվեց, երկրորդում գրեթե շահած դիրք ունեի, եւ ինձ համար կարեւոր էր հաղթելը: Մեզ տրված էր երկուսուկես ժամ քառասուն քայլին եւ ապա մեկ ժամ` տասնվեցին: Ես սեւերով էի խաղում: Սոկոլովը 56-րդ քայլը կատարեց, եւ ես ունեի քսան րոպե: Ինչ-որ նուրբ տարբերակներ էի վերլուծում Սոկոլովի կողմից, մտքովս անցավ, որ նա կարող է ոչ-ոքիով ավարտել խաղը եւ չնկատեցի, որ քսան րոպեն անցավ: Եթե ես անեի 56-րդ քայլը, ժամանակը կերկարաձգվեր: Բայց մոռացա, եւ մրցավարը ցույց տվեց, որ դրոշակս ընկավ: Այսպես պարտվեցի շահած դիրքում:

- Ի՞նչ նախասիրություններ ունեք շախմատից դուրս:

- Ես միշտ սպորտասեր եմ եղել, մինչեւ այսօր էլ սիրում եմ ֆուտբոլ, բասկետբոլ, հոկեյ: Հետաքրքրվում եմ քաղաքականությամբ, կարդում եմ, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում: Փոքր տարիքում շախմատի հետ միաժամանակ ֆուտբոլի էի հաճախում: Ֆուտբոլային կարողություններ ունեի, եթե պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները միայն մեկ ոտքով են կարողանում ուժեղ խաղալ, իմ երկու ոտքերն էլ աշխատում էին: Ճիշտ է` այդքան արագ չէի վազում, բայց տեխնիկա ունեի: Սակայն հետո հայրս նկատեց, որ շախմատային տաղանդ ունեմ ու թույլ չտվեց ֆուտբոլի գնամ (ժպտում է` Ժ.Պ.):

- Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

- Իմ ընտանիքն է: Ես ունեմ շատ լավ կին, ում հետ արդեն 28-29 տարի միասին համերաշխ եւ սիրով ապրում ենք, երկու երեխա` տղաս 27 տարեկան է, աղջիկս` 25: Երեխաներս շախմատով չեն զբաղվում, քանի որ ինքս չուզեցի դա: Փոքր հասակում երկուսն էլ հետաքրքրվում էին, բայց հետո թողեցին շախմատը: Այնպես է ստացվում, որ մեծ բանի հասած շախմատիստների երեխաները շախմատում մեծ հաջողություններ չեն ունենում: Այ, թոռները հնարավոր է (ժպտում է` Ժ.Պ.): Հետո ծանր բան է շախմատը, հիվանդության պես է դառնում, եթե անընդհատ զբաղվես:

Այսօր աշխարհում քիչ են շախմատիստները, որ ֆինանսապես կայացած են: Ես մտածեցի, որ ավելի լավ է երեխաներս սովորեն ու մասնագիտություն ունենան, իսկ շախմատով կարող են զբաղվել իրենց հաճույքի համար: Հայաստանում, ինչ խոսք, շախմատի վիճակը շատ լավ է, հանրապետության նախագահի շնորհիվ բոլոր պայմանները կան, որ ծնողներն իրենց երեխաներին շախմատի տան: Աշխարհում այդպես չէ: Շախմատիստի ապագան բավականին անորոշ է:

- Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:

- Համարում եմ:

- Իսկ կարո՞ղ եք ասել, որ Ձեր կյանքում բախտը շատ է բերել:

- Հավանաբար, քանի որ ես առողջ ու լավ ընտանիք ունեմ: Շախմատում նույնպես առանց բախտի մեծ հաջողությունների չես կարող հասնել: Ես բազմաթիվ հաղթանակներ եմ ունեցել: ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում, ես մի քանի տարվա ընդհատումով խաղացել եմ 1972 թվականից մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը, ձեռք եմ բերել բոլոր կոչումները: Այնպես որ, եթե հետադարձ հայացք ձգեմ, ապա բավականին լավ շախմատային կարիերա եմ ունեցել: Ինչ-որ տեղ բախտս բերել է, որ հանդիպել եմ մեծ շախմատիստների, շփվել նրանց հետ` Սպասսկի, Պետրոսյան, Տալ, Գելլեր:

- Ինչի՞ համար եք ափսոսում այսօր:

- Մարդկային կորուստների համար: Ես շատ մարդկանց եմ կորցրել` մայրիկիս, եղբորս, ընկերներիս: Հայաստանում շախմատի վիճակը շատ լավ է, բայց կուզեի շախմատային այս լավ վիճակը լիներ ամբողջ Հայաստանում, ուրիշ հարցերում. ժողովուրդը լավ ապրեր, աշխատեր ու իրեն բավարարված զգար:

- Եթե նորից ապրեիք, ինչո՞վ կզբաղվեիք:

- Հավանաբար կրկին շախմատով:

- Այսօր ի՞նչ երազանքներ ունեք:

- Ցանկանում եմ, որ երեխաներս հաջողությամբ ավարտեն իրենց ուսումը, հասնեն իրենց նպատակներին, մտերիմներս առողջ լինեն: Ես ինչ կարողացել եմ, արդեն արել եմ, չեմ կարող այս տարիքում ինչ-որ մեծ բաներ նվաճել: Երիտասարդ տարիքում եմ շատ բան ե’ւ արել, ե’ւ չարել:

- Չիրականացված երազանքներից մեկը կպատմե՞ք:

- Ես գիտեմ, որ ինձ հայ ազգը շատ է սիրել եւ սպասել է, որ կարող եմ աշխարհի չեմպիոն դառնալ: Բայց դա չիրականացավ, ափսոս: Սակայն ես չեմ զղջում, քանի որ ես շատ ուրիշ բաներ եմ ձեռք բերել: Օրինակ` եթե ես մրցախաղում Սոկոլովին հաղթեի, ես չէի հանդիպի իմ կնոջը, քանի որ եթե չպարտվեի, չէի գնա այնտեղ, որտեղ մենք հանդիպեցինք: Ուրեմն երեխաներս էլ չէին լինի, այսօրվա ընտանիքս չէր լինի: Եթե ինձ ասեին, որ ընտրեի Սոկոլովին հաղթելը, թե պարտվելն ու կնոջս հանդիպելը, ես, իհարկե, երկրորդը կընտրեի, դա շատ ավելի կարեւոր է (ժպտում է` Ժ.Պ.):

- Ո՞ր շախմատիստներն են ամենաշատը ազդել Ձեզ վրա:

- Ինձ համար առաջին շախմատիստը Ֆիշերն է, ում պարզապես անհնար է համեմատել այսօրվա շախմատիստների հետ: Հանճարեղ էր նաեւ Տալը: Հետաքրքիր է` այսօր համակարգիչը Տալի պարտիաների մեջ ՙթույլ՚ քայլեր է գտնում, ասում է, որ այս կամ այն զոհաբերությունը վատ քայլեր են: Բայց իրականում դրանք հոգեբանական զոհաբերություններ են եղել, Տալը հաշվի է առել, թե ով է իր հակառակորդը, ինչպես կարող է նրա վրա ազդել: Մենք բավականին մտերիմ էինք Տալի հետ, փաստացի նա էր ինձ հրավիրել Գերմանիա, եւ ես քսան տարի բունդեսլիգայում էի խաղում:

- Ձեր թերություններից կպատմե՞ք:

- Ես այնքան էլ աշխատասեր դուրս չեկա: Ամենակարեւոր թերությունս կազմակերպված չլինելն էր: Դա երեւի գալիս էր նրանից, որ ես շատ-շատ ընկերներ ունեի, միշտ կարեւորել եմ ընկերությունը: Նույնիսկ ամենապատասխանատու մրցաշարերի ժամանակ ես չեմ կարողացել առանձնանալ, ինչը շախմատիստին անհրաժեշտ է` պետք է մենակ մնա, մտածի, կենտրոնանա: Ես չեմ մեղադրում, իհարկե, բայց այդքան ընկերներիս մեջ մեկը չկար, որ հասկանար, թե ինչ բան է շախմատը, եւ կարողանար կողքից կազմակերպել առօրյաս: Իսկ ես հնարավորություն չունեի գոնե մի քանի ժամ հանգստանալու, ընկերներս գալիս ու գալիս էին (ծիծաղում է` Ժ.Պ.): Կարպովը հայտնի է իր քայլ առ քայլ հաշվարկված մրցաշարերով, ես պատկերացնում եմ, եթե Կարպովի մոտ լիներ այնպես, ինչպես ինձ մոտ (ժպտում է` Ժ.Պ.):

- Մարդկանց մեջ բնավորության ո՞ր գծերը չեք սիրում եւ որո՞նք եք գնահատում:

- Չեմ սիրում շատախոս, իրենց երեւակայող, ուրիշներին անհարգալից վերաբերվող մարդկանց: Գնահատում եմ նվիրվածությունը, խոսք տալը եւ պահելը: Երեխա ժամանակվանից եթե մեկին մի բան խոստացել եմ, ամեն կերպ աշխատել եմ, որ կատարեմ: Միշտ ինքս ինձ խիստ եմ վերաբերվել այդ հարցում:

- Եթե կարողանայիք հանդիպել աշխարհում ապրող կամ արդեն չապրող ցանկացած մարդու, ո՞ւմ կհանդիպեիք:

- Մայրիկիս:

- Աստծուն տեսնելիս ի՞նչ կասեիք նրան:

- Աշխարհը շատ է փոխվել, բազմաթիվ անբնական խնդիրներ են առաջ եկել: Այսօրվա քաղաքական գործիչները ողջ աշխարհով մեկ չգիտես թե ինչ են ուզում եւ անում: Ես կասեի, որ խելքի բերի այդ մարդկանց, որ մարդիկ իրար հանդեպ հարգալից լինեն եւ երրորդ համաշխարհային պատերազմ չստեղծեն:

- Ի՞նչ երաժշտություն, գրականություն եք նախընտրում:

- Այսօր հիմնականում դասական երաժշտություն եմ լսում: Երիտասարդ տարիքում շատ եմ կարդացել տղամարդկային ընկերության մասին, ասենք` Դյումա, շատ բան եմ սովորել նրանից: Վերջերս գրեթե չեմ կարդում, ամեն կողմից ստացվող ինֆորմացիան շատ է, ժամանակը չի հերիքում:

- Ձեր սիրած երկիրը:

- Շատ եմ սիրում եվրոպական երկրները իրենց կլիմայի համար, ոչ տոթ է, ինչպես Նյու Յորքում, ոչ ցուրտ: Ապրելու համար լավ երկրներ են Իտալիան, Գերմանիան, Իսպանիան: Երկու-երեք ամիս Արգենտինայում մրցաշարերի էի մասնակցում, այդ երկիրն էլ շատ սիրեցի:

- Ձեր սիրած վայրը Հայաստանում:

- Բոլոր վայրերը շատ եմ սիրում: Երեւանը իմ ամենասիրելի քաղաքն է, ի’մ քաղաքն է, ես այստեղ եմ ծնվել, մեծացել: Ինձ մի քանի տարի առաջ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ: Երեւանում սիրում եմ Կասկադը, Ազատության եւ Հանրապետության հրապարակները:

- Ձեր սիրած միրգը:

- Հայկական դեղձ:

- Ձեր սիրած կենդանին:

- Շուն եւ ձի: Երբ ես փոքր էի, հայրիկս գյուղում ուսուցիչ էր, եւ մենք գյուղում էինք ապրում, ունեցել ենք ե’ւ շուն, ե’ւ կով:

- Ձեր սիրած գույնը:

- Բոլորն էլ սիրում եմ, երեւի կառանձնացնեմ սպիտակը` զուտ որպես գույն, ոչ թե խորհրդանիշ:

- Կյանքում ձեւավորված փիլիսոփայություն ունե՞ք:

- Ես քրիստոնյա եմ, բոլոր մարդկանց նկատմամբ արդար եւ մաքուր եմ եղել ու կամ: Երբեք հաջողության, փողի կամ պաշտոնի պատճառով մարդկանց հանդեպ վերաբերմունքս չեմ փոխել, երեւի սա է իմ փիլիսոփաությունը:

Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

ՙՇախմատային Հայաստան՚, No 5 (1156), 2015 թ.